Արդեն բավական ժամանակ է՝ ռուսական ամենատարբեր վերլուծական կենտրոններից կամ անհատ վերլուծաբաններից կարելի է լսել ԼՂՀ հակամարտության հետ կապված բավական ուշագրավ մի տեսակետ, ըստ որի՝ հարկ է ԼՂՀ-ում տեղակայել ռուսական խաղաղապահ ուժեր: Այն, որ այս տեսակետը Կրեմլի կողմից այնքան էլ հեռավոր անկյուն նետված չէ, ինքնին հասկանալի է, ու երկար մտածելու կարիք էլ չկա, քանի որ բոլորին է հայտնի, որ Կրեմլը առանձնահատուկ խաղադրույքներ է կատարում իր Ռուսական աշխարհի կառուցման ճանապարհին հայկական գործոնի վրա: Եվ այսպես նույնակերպ մի արտահայտություն հնչեց բոլորովին վերջերս «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում անցկացված` «Անվտանգության արդիական մարտահրավերները ԱՊՀ տարածքում թեմայով Երեւան-Մոսկվա-Աստանա տեսակամրջում հայտարարել է ԱՊՀ երկրների Կովկասի ինստիտուտի բաժնի վարիչ Վլադիմիր Եվսեևը: Վերջինս մասնավորապես ասել է՝ ԼՂՀ հակամարտության կարգավորման հետ կապված. «Խաղաղապահ ուժերի տեղակայման հարցը պետք է քննարկենք»` պատասխանելով հայաստանցի լրագրողներից մեկի հարցին` ինչո՞ւ ՀԱՊԿ-ից եւ ԱՊՀ-ից արձագանքներ չեն հնչում այդ միավորումների անդամ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող ագրեսիայի առնչությամբ, տեղեկացնում է Aravot.am-ը: Եվսեևն այնուհետեւ մանրամասնել է, որ խոսքը վերաբերում է Ադրբեջանի կողմից հայկական տարածքների նկատմամբ իրականացվող դիվերսիոն գործողությունների մասին: «Վերջերս նման դրսեւորումներ եղան Տավուշի մարզի գյուղերի նկատմամբ: Հայկական կողմից նաեւ զոհեր եղան: ՌԴ-ն պատրաստ է Հայաստանի անվտանգությունը ապահովել հարյուր տոկոսով, եթե խաղաղապահների հարցը լուծվի: Այլապես հետխորհրդային տարածքում եւ ԱՊՀ տարածքում խաղաղություն ունենալու համար և ոչ թե փոփոխված մադրիդյան սկզբունքները պետք է քննարկել, հույս դնել ԵԱՀԿ Մինսկի խմբի վրա, որի վզին ԱՄՆ-ն փորձում է փաթաթել իր մոտեցումները` Ուորլիքի բերանով»,- ասելիքն ավելի է կոնկրետացրել Վլադիմիր Եվսեեւը` հավելելով, որ Ուորլիքի առաջարկները կառուցողական չէին: Սա կարելի է դիվանագիտական բառապաշարից թարգմանաբար ասել մի բառով` ռուսներն ասում են, թե որն է իրենց փորացավը ու ինչու են այս կերպ «կատվի խաղ մկան մահ անում Հայաստանի հետ»: Հիմա, ինչպես ասում են, ամեն ինչ ավելի պարզ է դառնում: Ռուսական կողմը Ղարաբաղում խաղաղապահների տեղակայման համաձայնության է ձգտում հասնել, համաձայնության հասնել, բնականաբար, Ադրբեջանի հետ, որովետեւ մեր դեպքում համաձայնության հասնելու խնդիր էլ չկա, ամեն ինչ, այսպես թե այնպես, ռուսներն են որոշում. դա նույնն է, թե, ասենք, Պուտինը համաձայնեցնի Կրասնոդարի նահանգապետի հետ, թե քաղաքի որ փողոցն ում անունով կարելի է անվանակոչել: Իսկ ամենակարճ ճանապարհը, որը նաև «շառից-փորձանքից հեռու»-ն է` այն է, որով Մոսկվան շարժվում է այսօր` հրավիրելով Ադրբեջանին Եվրասիական միություն: Մյուս կողմից, Բաքուն Մոսկվայից ակնկալիքներ ունի Ղարաբաղի հարցում, իսկ Մոսկվան էլ ցանկանում է խաղաղապահներ տեղակայել Ղարաբաղում: Ամեն ինչ, կարծես, ավելի պարզ է ուրվագծվում: Սակայն միաժամանակ նաև, քանի որ հասկանում է Հայկական գործոնի կարևորությունը հատկապես Սփյուռքի մասով, ձգտում է շահել սփյուռքահայության սիրտը այս քայլով ու չի ուզում անել մի քայլ, որը կնեղանցի Հայկական Սփյուռքին ու կփակի հավիտենապես Հայկական ռեսուրսների հանդեպ Մոսկվայի հասանելիության դռնելը. ինքնին հասկանալի է ողջ հայության զգայունությունը ԼՂՀ հարցի նկատմամբ: Եւ այս պայմաններում ի՞նչ է մնում անել ռուսներին` դժգոհել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ուորլիքից ու նրա ներկայացրած Մադրիդյան սկզբունքներից, կարծես թե, այդ սկզբունքների մշակմանը ռուսաստանցի համանախագահները չէին մասնակցել տարիներ շարունակ, ու «ջուր լցնել» Բաքվի ջրաղացին ու նշել, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի վրա հույս չարժե դնել: Ռուսաստանը Ղարաբաղի հարցում այլ «լուծում» ունի, որը ոչ թե ԼՂ կարգավորում է խոստանում, այլ ընդդեմ Միացյալ Նահանգների նոր «ծրագիր» է, որով ապահովվելու մեր տարածաշրջանում իր ազդեցության պահպանումը, ինչը կոնկրետ քայլ է ընդդեմ Միացյալ Նահանգների ու ընդհանուր սիրաշահման:
Կից՝ կարդացեք: