Երեկ Վանաձորում և Սպիտակում արձանագրվեց 4-5 բալ ուժգնությամբ երկրաշարժ: Սա, իհարկե, սեյսմիկ տեսակետից վտանգներով հագեցած երկրում անակնկալ համարվել չէր կարող:
Անականկալ էր այլ բան, որ նույնիսկ երկրաշարժի էպիկենտրոնից հարյուրավոր կիլոմետրերով հեռու Երևանում տիրում էր զանգվածային խուճապ: Ընդ որում, հնարավոր երկրաշարժի վտանգի կամ հավանականության մասին որևէ պաշտոնական հաղորդագրություն չէր տրվել: Սահմանված կարգի համաձայն՝ մասնագետները ցանկացած երկրաֆիզիկական և այլ դաշտերի անոմալ փոփոխությունների դեպքում և զգացվող սեյսմիկ իրադարձությունից հետո մանրամասն վերլուծում են ստեղծված իրավիճակը և անհրաժեշտության դեպքում տարածում պաշտոնական հաղորդագրություն` մասնավորապես զանգվածային լրատվամիջոցներով:
Նման հաղորդագրութան բացակայության պարագայում տրամաբանությունը հուշում էր, որ որևէ վտանգ չի սպասվում: Սակայն մեր ժողովուրդն ունի նման իրավիճակների սեփական բացատրությունը՝ «Դիտավորյալ չեն ասում, Վանաձորի կեսն արդեն ավերվել է»: Բնական է՝ նման պնդումներ անելիս մարդիկ հակված են մոռանալու, որ 4-5 բալ ուժգնությամբ երկրաշարժի դեպքում ավերածություն կամ, առավել ևս, զոհ լինել ուղղակի չի կարող՝ շինությունների առնվազն 7-բալանոց դիմակայունությունը ապահովված է դեռ խորհրդային տարիներից, իսկ մեծ թվով շինություններ ամրացվել են մինչև 9 բալ:
Սակայն մարդկանց ի՞նչ փույթ: Եթե պետք է՝ Աստվածաշունչն էլ Աստծո դեմ կշրջեն: Իսկ իրական վտանգի մասին ոչ մի պաշտոնական հաղորդագրություն չի եղել և այդպես էլ չեղավ, քանզի պարզվեց, որ ուժեղ երկրաշարժի առաջացման հավանականություն և բնակչությանը անհանգստանալու առիթ չկա:
Ճապոնիայում նման ուժգնության երկրաշարժեր տեղի են ունենում գրեթե ամեն օր: Եթե մարդիկ այնտեղ սկսեին խուճապի մատնվել՝ վաղուց ազգովի խելագարվել էին:
Խուճապը կազմակերպվածության թիվ մեկ թշնամին է:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1440361296229810&id=100007678606149
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել