Ցանկացած իշխանության մեջ կան մարդիկ, ովքեր հակված են շարունակական փոփոխությունների և, բնականաբար կան նաև դրանց հակազդողներ: Բարեփոխիչների ու հակաբարեփոխիչների պայքարը հաճախ հասարակության համար մատչելի չէ, և նրա ներկայացուցիչները փորձում են ընդհանուր կարծրատիպերով կարծիք կազմել: Այս հարցում, բնականաբար, որևէ մեկը բարոյական իրավունք չունի հասարակությանը մեղադրել, քանի որ, բնավ նրա խնդիրը չէ իրավիճակային վերլուծություններ անելը և այս համատեքստում “թացը չորից” առանձնացնելը: Ի վերջո, այս լատենտ պայքարը որևէ խոշոր քաղաքական իրադարձության կամ գործընթացի շրջանակներում հանգուցալուծվում է:
Այսօր մեր երկրում բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել, երբ հասարակությունը ինքն է դառնում փոփոխություններ պարտադրողն ու դրանք իշխանություններին փաթեթավորված ներկայացնողը. ասել կուզեմ, որ այլևս հասարակությունն է անհրաժեշտ փոփոխությունների պատվիրատուն և, ինչու չէ, նաև համապատասխանատուն: Այս տիրույթում են համընկնում իշխանության (բարեփոխիչներ) և հասարակության շահերը: Նրանք դառնում են բնական դաշնակիցներ ոչ միայն իրական բարեփոխումները կյանքի կոչելու, այլ նաև իշխանության հակաբարեփոխիչների թևի դեմ արդյունավետ պայքարելու հարցում: Ակնհայտ է, որ իշխանությունը ավելի համարձակ և արմատական քայլերի գնում է միայն այն դեպքում, երբ իր թիկունքում ունենում է հասարակության լայն շերտերի աջակցությունը:
Հատկանշական է, որ այս հարցում իշխանությունների մյուս բնական դաշնակիցը կարող է դառնալ հենց ընդդիմությունը (հարթակային, պառլամենտական և այլն), որը կարող է ստանձնել այդ փոփոխությունները ռևիզիայի ենթարկելու և հնարավոր ճիշտ ուղուց շեղվելու պարագայում “տագնապի շեփոր” հնչեցնողի դերակատարումը: Իսկ մյուս դաշնակիցը, անշուշտ, քաղաքացիական հասարակությունն է` իր առանցքային ոչ քաղաքական ինստիտուտներով, որոնք կարող են օժանդակել և ընդդիմության ջանքերին և համագործակցել իշխանությունների հետ սոցիալական գործընկերության շրջանակներում: Այս պայմաններում որևէ փոփոխություն միանշանակ ուղղված է լինելու մարդկանց կարիքների բավարարմանը, կյանքի որակի բարձրացմանը և նրանց իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանը: Միայն հանրային լայն կոնսենսուսն է իրական փոփոխությունների երաշխիքը: Մյուս ճանապարհները խորացնելու են կոնֆլիկտը հասարակության մեջ և այդ էսկալացիայի պայմաններում ցանկացած դրական փոփոխություն ներկայացվելու է բոլորովին այլ լույսի ներքո` դրանից բխող հետևանքներով:
Կարծում եմ վաղ թե ուշ, մեր հանրային կյանքում կձևավորվի իրերի նման կարգ: Մնում է քաջություն ունենալ, վեր կանգնել քաղաքական ու ներխմբային շահերից և մեր ջանքերը այս ուղղությամբ գործադրել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gerasimbarseghyan/posts/338537376300265?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել