Գզգզված գլուխ էր երևում երիցուկների դաշտի կենտրոնում: Շեկ գանգուրներ էին: Կարելի էր պատկերացնել լայն ճակատը ծածկող մազափունջը: Անչափ շատ էի սիրում փոքրիկի աչքերը: Կարոտել էի: Մինչ ես լարված փորձում էի տեսնել նրա դեմքը, դու ափդ պարզել ու որսում էիր կանաչի խորքից դեպի վեր պարզված թմբլիկ թաթիկը: Գյուղի շները աղեկտուր հաչոցով ցիրուցան էին անում դաշտում տիրող խաղաղ լռությունը: Կռացար, գտար, գրկեցիր փոքր մարմինը, վեր բարձրացրիր: Երեխան սկսեց ուրախ ծիծաղել` ատամները փայլեցնելով արևի տակ: Կճատ քթին երիցուկների ծաղկափոշին էր: Նրա ձեռքերը գրկեցին քո ուժեղ պարանոցը վստահությամբ, հպարտությամբ, ու դու չկարողացար զսպել արցունքներդ: Ես նայում էի քո հեռացող թիկունքին: Ձայն տվեցի, չէիր լսում: Երեխան, գլուխը ուսիդ դրած, անթարթ նայում էր ինձ:
Շները ճագարին մի քանի կտոր արեցին՝ արյունն ու մոխրագույն մորթը ցիրուցան անելով բակում: Դրանցից մեկի ատամները գազազած քաշքշում էին իրեն բաժին ընկած ականջը: Հայացքս թեքեցի: Սիրտս պայթում էր կարեկցանքից: Հետո հիշեցի, որ մի քանի օր է արդեն, ինչ հիվանդասենյակի պատուհանից եմ նայում աշխարհի այս փոքր պատառիկին, ուր խեղված ու համր սպասում էր տարածված: Ներսից խոսակցության ձայներ էին լսվում: Տարեց մի կին էր հիվանդներից մեկը, հայհոյում էր տղամարդու նման: Ես շրջվեցի դեպի ներս ու առաջին բանը, որ տեսա, կեղտոտ բլուզի անշնորհք հավաքված օձիքն էր նրա յուղոտ պարանոցին: Շիկակարմիր մազերի ծայրերը ցցված էին ու կատաղած մեղվախմբի նման անհանգիստ աջ ու ձախ էին անում: Ծնկներս ցավում էին: Նստեցի մահճակալին: Կինը տնտղեց ինձ, հետո հեգնանքով քմծիծաղեց.
-Էլի չեկան:
Թաքցրի հայացքս նրանից: Կեղտոտ բան էր ստացվում, երբ թույլ էի տալիս` գարշ մտքերը մոտեցնի իմ թանկ կարոտներին: Ամբողջ էությամբ զգում էի դեմքիս տարածված դեղնությունն, իսկ աչքերս դեռ չէին վարժվում ձեռքերիս ձգված թափանցիկ մաշկի հետ: Ես չէի: Այսպիսի դեպքերում միշտ ինձ նմանները փորձում են սրա նմաններին ինչ-որ բան ապացուցել: Շատ ափսոս է այդպիսի ամեն մի փորձը: Նա ճոճվելով, քթի տակ մռթմռթալով, գնաց դեպի սառնարանը: Նույն շտապով հայացքս փախցրի նրա պարարտ տեսքից, ինչպես քիչ առաջ հոշոտված ճագարին տեսնել չուզեցի: Ինձ թվա՞ց, թե՞ բերանումս բողոքի ձայն էր պայթելու: Քիչ հետո մի քանի ափսե չխկչխկացնելով, հայհոյելով ու աթոռը հատակի վրայով այս ու այն կողմ տանելով` կինը մի կարգին աղմուկ բարձրացրեց: Ամբողջ էությամբ կծկվել էի նյարդային վիճակից: Բարձիս տակից լուռ դուրս քաշեցի փայլուն կազմով գիրքը: Շապիկի վրա մատներս սահեցին, տրորելու, սրբելու նման գիրը շոշափեցին: Դրսից շների աղմուկն էր: Հիմա ավելի գազազած էին հաչում: Հիվանդասենյակում տաքացրած ճաշի հոտն էր ու կնոջ հսկայական երախի ծնոտի անշնորհք ձայնը: Սուզվեցի ներսումս ճոճվող լռության գիրկը, փնտրեցի, գտա քո աչքերը: Քո ցածր, մաքուր ձայնը կծոտելու պես լցվեց ականջներս, սեղմեց կոկորդս: Որտե՞ղ ես: Մութն ընկնում է արդեն:
Սարսափելի խռմփոց էր: Վախենում էի դրա ընդմիջումներում տիրող լռությունից: Հիվանդանոցում ուրվական կար: Իմ անպաշտպան, միայնությունից փշաքաղված հոգին հեշտ էր սեղմել աներևույթ ձեռքերով: Դատարկ աչքերով ուրվական էր, որ սահում էր առարկաների վրայով, ճանկռելու նման մատները քսում մարդկանց քնած երեսներին: Քաղցած էի: Մարմնիս թուլությունն ավելի խոցելի էր դարձրել միտքս: Ձախ կողքիս ցավից քարացել էի, շարժվել չէի կարողանում: Վախենում էի մահից: Չգիտեմ` ինչն էր ավելի սարսափելի՝ իմ հիվանդ լինե՞լը, թե՞ միայնությանս միջանցքում պտտվող տեսիլքների քարշ եկող ոտնաձայնը: Դու չկայիր: Իմ որդին, որ քեզանից էր, չկա՛ր… Մնացել էի անտեր: Սպասել չէի կարողանում: Սավանը տրորվեց մարմնիս թեթև շարժումից: Անասելի ծանր թաթով ցավը սեղմեց մարմինս: Ինձ թվաց` կորցնում եմ գիտակցությունս: Այդպես էլ առավոտյան ինձ գտա ուշաթափ վիճակում: Երկու զույգ ձեռքեր մարմինս քաշքշեցին, գցեցին պատգարակի վրա, ճոճելով տարան դեպի խավար միջանցքը: Գյուղից աքաղաղների կոկորդային, խռխռացող կանչն էր: Շները լռել էին: Ի՞նչ գյուղ էր: Մի քանի անգամ ինքս ինձ հարցրել ու չէի գտել պատասխանը: Լույսն անսպասելի ապտակի նման պայթեց երեսիս: Աչքերս փակեցի: Ծխախոտի հոտը լցվեց ռունգերս: Սրտխառնոցից խոժոռվեցի: Բժշկի ձեռքերը ուսերիցս իջեցրին շապիկս: Թիկունքս սառն էր: Ինձ թվում էր` նրա ձեռքերը իմ մարմնի միջով սահում-անցնում էին` իրականում չդիպչելով մաշկիս: Ստվեր էի դառնում: Կոպերս չէին բացվում: Փակ աչքերով տեսա որդուս փոքր ձեռքերը` մանկապարտեզի վառ կանաչ վանդակաճաղերից կառչած: Քեզ տեսա՝ մի քիչ օրորվող քայլվածքդ, սև հագուստդ, ճակատիդ իջած, քրտնած մազերդ: Երեխային տեսնելով` դեմքիդ գունատ հոգնությունը ցրվեց: Ժպիտդ բացվեց լույսի նման: Ափսոսանքից մարմինս կուչ եկավ: Օտար ձեռքերը տնտղում էին իմ անհաղորդ, կիսամեռած մարմինը, ու ես քեզ ավելի էի կորցնում: Որդուս աչքերը կկոցված էին, գույնը չտեսա: Սկսեցի լաց լինել: Ասեղի սուր ծակոցը երակիս մեջ թանձր հեղուկ լցրեց: Մարմինս սառչում էր: Ուզում էի մեռնել, որովհետև գիտեի՝ չեք գալու, երբե՛ք:
Միջանցքում անտանելի քստքստոց էր: Զայրույթից փշաքաղվեցի: Աչքերս բացվել ու զննում էին իմ նոր սենյակը: Տեսնում էի սեղանին դրված մածունով լի բանկան: Ստամոքսս կծկվեց քաղցից: Արցունքներս խեղդեցին, որովհետև հասկացա՝ ամենաուժեղ բնազդը քաղցի զգացումն է: Միշտ զարմանում էի` ոնց են որդեկորույս մայրերը իրենց զավակին թաղելուց հետո ուտելու ցանկություն ունենում: Ես իմ որդուն էի կորցրել, որովհետև երբեք չէի ունենալու նրան: Մեռել էր վերջին հույսը, որ իմ մարմնում երբևէ կապրի այն սաղմը, որ մեծանալով, պայքարելով, մեր զավակն էր դառնալու: Դու փախցրել էիր աչքերդ, մերժել իմ տաք գիրկը: Ես չգիտեմ նույնիսկ` ինչ աչքեր կունենար նա` իմ կորցրած որդին: Ես հիմա սգում եմ նրա կորուստն ու մտովի, գժի նման փախցնելով նրա ձեռքերը՝ համբույրներով եմ ծածկում փափլիկ թաթիկները՝ պատկերացնելով խուտուտից հրճվող նրա աչքերը: Գույնը չեմ տեսնում: Մարմինս մեռնում է, սեր իմ: Աչքերս հառած քո հեռացող թիկունքին` ափսոսում եմ, որ այստեղ եմ, սառը սավանի վրա տարածված մերկությունս տաք չէ, չի ապրում, քո գրկից հետո սուզվել է մահաթմբիրի մեջ ու չի ուզում զգալ ոչինչ: Աղմուկ լսեցի: Աչքերս գտան դռան շրջանակը: Իմ հիվանդասենյակի ընկերուհին ներս նայեց դռնից: Կեղծ ատամնաշարը դեղնած ժպիտ նկարեց երեսին:
-Տոլմա եմ բերել: Սաֆարյանն ասեց՝ պիտի ուտես:
Նա նույն սարսափելի քստքստոցով ներս մտավ՝ թասը ձեռքին: Ճաշի հոտը հասավ քթիս: Նույնիսկ նրա ձեռքից կուտեի ցանկացած լափ, միայն թե ինձ խնամեին: Ծամում էի կաղամբի մեջ փաթաթված համեղ միսը: Վիզս հոգնում էր լարվածությունից, միտքս՝ շարունակ հիվանդասենյակիս մյուս ընկերուհուն հիշելիս: Գիտեի՝ երեքով էինք այդ փոքր սենյակում: Երրորդն ո՞վ էր: Ծամելու հետ չէի նայում կնոջ ճարպոտ երեսին: Նա անշնորհք նստեց ճոճվող աթոռին, ձեռքերը խփեց ծնկներին.
-Վիշտ ունես, համրացել ես ցավից: Տղաս եկավ մի տասն օր առաջ, կռվեց, գնաց: Ուրիշ ոչ մեկը չունեմ: Հարևանուհիս համով-համով ճաշեր է բերում, լաթերս տանում լվանում: Բայց մեկ է՝ մենակ եմ:
Աչքերս սառչել էին թասի մեջ մնացած ճաշի երեսին:
-Մածուն եմ ուզում:
-Հա, ճիշտ,-նա աղմուկով ելավ տեղից:-Մի ժամ առաջ բերեցի, քնած էիր:
Թևիս տակ սեղմել էի ծալված հագուստս: Քայլում էի միջանցքով: Մեկի երեխան լաց էր լինում` կոկորդը չխնայելով: Ոտքերս քարշ էին գալիս: Հետաքրքրությունն ինձ ստիպեց արագ քայլել, հասա հիվանդասենյակին: Շատ էի ուզում տեսնել մեր երրորդ ընկերուհուն: Պատուհանի տակ մեկնված մահճակալը դատարկ էր: Գորշականաչ ծածկոցի տակ պատկերացրի օսլայած, նոր արդուկված սավանի սառնությունը: Ոտնաթաթերս մղկտացին: Պառկել չէի ուզում: Աչքերս փնտրում, չէին գտնում երրորդ մահճակալը: Ինձ դիմավորեց կինը, ժպտաց: Անկեղծ ժպիտ էր, շատ ազդվեցի դրանից: Նստեցի մահճակալին` առանց ծածկոցը ետ տանելու: Մինչև երեկո այդպես նստելու էի ու թղթի կտոր փնտրեի, որի վրա երևակայական գանգուրներ գծելուց հետո պատմեի դիմագծերի մաքրության առեղծվածը: Իմն էին ամեն մի գիծն ու կնճիռը, դեմքի լույսը, աչքերի փայլը: Մատիտը գույնը սևով էր ներկելու, բայց արդեն գիտեի՝ դու կաս, ինձանից հեռու շնչում ու ապրում ես` մի տաք գրկի մեջ սուզված, ուր ամեն մի դող սեփականացրել ու կնքել ես քո անունով: Չափսոսա՛ս, երբե՛ք չզղջաս, որ ես այսքան շատ, անմնացորդ քոնը լինելով, այսքան հեռու եմ ձեռքերիդ դիպչելու համար: Ինձ մեկուսի հիշիր` աչքերդ թաքցնելով, խորը քնից արթնացողի շշմած ցրվածությամբ, որ ցավ չպատճառեմ հանկարծ: Իմ սերը տաք ու գգվող ափերի նման քո շուրջը լույս է նկարել:
Կինը գիրկս դրեց մակարոնով լի ափսեն:
-Կե՛ր: Երեսիդ գույն չկա:
Երրորդ հիվանդն այդպես էլ չեկավ, չտեսա նրան: Վախենում էի հարցուփորձ անել ու հանկարծ պարզել, որ չի էլ եղել: Ուրվականը ճակատիս էր կպել սառը հպումով: Հիմա ավելի մոտ էր: Շները պատառոտում ու բակով մեկ ցիրուցան էին անում աղբանոցից քարշ տված տոպրակները: Ես երբեք այցելու չունեցա: Ինձ համար ոչ ոք չվճարեց դեղորայքի ու բուժօգնության համար: Բոլորն ուզում էին, որ ես կամ առողջանամ, կամ մահանամ: Իմ հիվանդասենյակի ընկերուհին կերակրում ու խնամում էր ինձ մոր նման: Արդեն հասկացել էի՝ իրեն պետք էր ինձ նման մեկը խղճալու, խրատելու, խնամելու համար: Թղթի վրա երեխայի ձեռք էի գծել: Մատները թմբլիկ ու ծալքերով էին ստացվել: Ժպտում էի նայելիս: Դու երբեք չիմացար, որ ես այստեղ եմ: Եթե մի անգամ մտածեի իմ մասին, անհանգստանայի, ոնց հարկն է, կփորձեի քեզ լուր ուղարկել, որ գայիր, գտնեիր ինձ: Իրականում ինքս էլ չգիտեի, թե որտեղ եմ, ու կարևոր էլ չէր: Ցավս բթացել էր: Ամենալուռ վախերիս կենտրոնում դու խոնարհվում էիր երեսիս, ժպտում, ու ես նորից կին էի` փափուկ ու տաք մարմնով կին, ով քո ափերի հպումից փշաքաղվել էր ու երազել որդի ունենալ քեզանից:
Շատ վաղ առավոտ էր: Մտածում էի՝ նույնիսկ աքաղաղներն են քնած: Մութը վատ ջնջված մատիտահետքի նման տարածված էր օրվա աչքերին: Շապիկս սառն էր: Սառը ջրի նման անտանելի էր դրա հետ մարմնիս շփումը: Բակով անցա: Նեխած աղբի հոտը հալածվում էր դաշտից եկող ծաղիկների բույրից: Քիթս հոտոտեց օդի մեջ սառած լույսը: Հեռվում գնացքի գծեր էին երևում, ծուռտիկ, կարկատված տանիքներով տներ: Նայեցի ու տեսա բացվող լույսը: Գնում էի՝ հոգնած ոտքերս քարշ տալով փոշոտ ճանապարհին: Ինքս իմ աչքին գծագրվում էի ավելի պարզ, դեղնաշատ ֆոնի վրա: Դաշտը հեռվից շքեղ գորգով գայթակղում, կանչում էր մաշվող ոտքերս: Գիտեմ՝ չեն ափսոսալու ինձ, որովհետև ինքս երբեք դա չեմ արել ինձ համար:
Երեխան քո ուսերից իջել ու նստել է ծնկներիդ: Մտքերդ հեռու են տարել հայացքդ, տարածել դաշտերի մաքուր, անհուն մակերեսին: Աչքերդ սև են` իմ սիրած գույնը այն պահից, երբ առաջին անգամ նայեցիր ինձ: Երեխայի աչքերն այդպես էլ չտեսա: Նա, ծնկներիցդ առաջ հակվելով, կռանում, ափով երիցուկներ է փնջում ու լցնում նոր արդուկված, մաքուր տաբատիդ վրա: Սև ֆոնի վրա արտակարգ է ճերմակ ու դեղին ծաղկափոշին: Երեխան քեզ նման է, բայց դեռ շեկ մազեր ունի, ինչպես դու` փոքր ժամանակ: Եկել եմ թաքուն մի հայացքով նայեմ ձեզ, որ գնամ…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել