Այս հարցը այսօր հուզում է բազում հայերի՝ լինի Սփյուռքում, թե Հայաստանի ներսում: Այն ունի միայն մեկ տրամաբանական պատասխան. Իսրայելը բառացիորեն մարմնավորումն է հրեաների կենսափիլիսոփայության, հանդիսանում է նրանց ազգային երազանքի կիզակետը, որը պետք է ամեն գնով զարգացնել ու հզորացնել: Այստեղ հենց հասարակության կողմից չեն հանդուրժվում այնպիսի արատավոր երևույթներ, ինչպիսիք են՝ կոռուպցիան, ատկատները, պետական բյուջեի հաշվին կայանալը, զոքանչի անվան տակ ծավալվող բիզնեսները, օլիգոպոլիաները, երբ մեկին է հանձնված մի ողջ հայրենիքի տնտեսություն կամ դրա մի հսկայական մասը, և էլի շատ երևույթներ, որոնք բնորոշ են հայաստանյան իրականությանը:
Ինչո՞ւ մեզ մոտ ստացվեց այսպես: Պատասխանը պարզ է. Հայաստանի արժեքն ու նշանակությունը գիտակցում ենք քչերս: Չենք հասկանում, որ այլոց հայրենիքները մեզ համար ապագա չեն, որ հարկավոր է ամեն ինչ սկսել սպիտակ էջից: Կոռուպցիան, որ տեղացիներիս համար վերածվել է ազգային ավանդույթի, ամեն ճիգ ու ջանք ի չիք է դարձնում: Մեծամեծների անհագուրդ ախորժակը կլանում է ամեն բան: Մառազմը հասել է այն աստիճանի, որ հասարակ մանրածախ առևտրով զբաղվելու համար անհատը ստիպված է ծանոթներ փնտրել հարկայիններում ու քաղմասներում, բազում մանր ու միջին չինովնիկներին կաշառել, իր օրվա առանց այն էլ խղճուկ վաստակից բաժին հատկացնել ճարպակալած չինովնիկներին՝ խնդրելով իրեն քաղցր աչքով նայել: Իսրայելում հասկանում են, որ ժողովրդավարական արժեքների որդեգրումը ոչ թե եվրոպացիներին դուր գալու համար է անհրաժեշտ, այլ նախևառաջ հենց իրենց՝ Իսրայելի քաղաքացիներին: Այնտեղ դրսից ստացվող ամեն մի լումա ծախսվում է նպատակային, թիրախավորված: Այնտեղի պաշտոնյան հասկանում է, որ կաշառք վերցնելը հավասար է սեփական դատավճիռը ստորագրելուն: Մեզ մոտ տրամաբանությունը ճիշտ հակառակն է: Այստեղ ժողովրդավարական գաղափարները ընդամենը անհասկանալի միֆեր են, ցնորքներ: Ու՞մ է պետք այդ դեմոկրատիան, ինչի՞ համար է հորինվել կամ բա մեզ սազում ա սրանից նրանից գաղափարներ թռցնելը: Չենք ուզում հասկանալ, որ իրական ժողովրդավարությունը ամրապնդում է հասարակությունը ներսից՝ նրան դարձնելով անխոցելի, կենսունակ, ունակ դիմակայելու արտաքին վտանգներին, ինչը այնքան կարևոր է Հայաստանի համար: Քանի դեռ չենք գիտակցել այս ամենը, ապագա չունենք:
Դավիդ Բաբանով
Աղբյուրը HARTAK.am