Մաս Գ

Պատանին շփոթուած զարթնեց։ Մի՞թէ սա երազ էր։ 
Այո, այո։ Ամէն ինչ իր տեղում է։ Նա գտնւում է նոյն կացարանում, որ երկու ժամ առաջ էր պառկել։ 
Օրը նոր նոր բացւում էր, սակայն արեւ դեռ չէր երեւում հորիզոնում։ 
«Արեւ՜»,- կամաց բացականչեց նա, տրորելով աչքերը։

- Արմէն ջան, վեր կաց, պիտի իջնենք զորամաս։
- Ո՞նց անցաւ վերջին էրկու ժամը։ 
- Նոյնը։ Ամէն ինչ խաղաղ էր։
- Հա, եղբայր, էսօր էրկու ժամուայ մէջ իմանաս ինչ երազ էի տեսել։
- Նորմալ է։ Որ մի սցենարիստ պահեինք դիրքերում, ու ինքն ամէն անգամ գրի առներ մեր տեսած երազները,․․․ ասա է՜․․․,- ծիծաղելով մէջբերեց ծառայակիցը, որը նիհար, եւ բարձրահասակ, մի ջլապինդ երիտասարդ էր, որի խիստ հայացքը մի տեսակ խորհդաւոր տեսք էր ստացել կիսախավարի մէջ։
Արմէնը նաեց դէպի հորիզոնը եւ վեր թռաւ։ 
- Սա՜ է ախպեր, հեսա կը գան,- բացականչեց նա։
- Ռիսկ չեն անի, ախպեր, արձակուրդիցդ առաջ խելքդ քցել ես,- ծիծաղելով վրա բերեց ընկերը։
- Հիմար, ուրիշ բան եմ ասում։
- Հա, հա, վեր կաց լուացուի, կանցնի։
- Երեւի,- մրթմրթաց Արմէնը եւ սկսեց շորերը կարգի բերել,- չեմ հաւատում, էսօր մերոնց պիտի տեսնեմ։

***
Կէսօրին մօտ էր։ Համլետից տանը իրարանցում էր։ Շուրջ երեսուն հոգի հաւաքուել էին, կարծէս թէ վերջին անգամ տեսնելու Համլետի որդի Գարիկին, որը պատրաստւում էր մէկնել Ֆրանսիա։ 
Գարիկի ծնողները շփոթուած էին, մի կողմից ուրախ, որ վերջապէս իրենց որդին կը կարողանայ իր ապագան կերտել, միւս կողմից սրտնեղուած, երբ փորձում էին մտածել, թէ յաջորդ անգամ երբ կը կարողանան տեսնել իրեն։
- Շատ մի մտածիր, Գայանէ,- երբէմն ոգէպնդում էր քրոջը Գարիկի մորաքոյրը,- այստեղ չկայ էլ ոչինչ։ Բոլորը գնում են։ Մնա՞ն որ ինչ անեն։ Թող գնան, գնան։ Մինչեւ որ էս հիմարները հասկանան, որ առանց ժողովուրդ, իրենք ոչինչ են, որ լաւ նաեն ժողովուրդին, ոչ թէ թալանելով զբաղուեն։

Գայանեին օրուայ ընթացքում արդէն շատերն էին ոգէպնդել նման խօսքերով, եւ նա այլեւս չէր պատասխանում, ընդհամէնը խոր հոգոց էր հանում եւ արդէն կարոտով նայում որդուն, ով այդ պահին կամ սեղանի մօտ նստած զրուցում էր, կամ էլ պատուհանից այն կողմ ծխում էր կամ հեռախօսով զրուցում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել