-մաս տասներկուերորդ-
Վերջին տասնամյակների ամերիկյան գրականության մեջ իր ուրույն տեղն ունի Չարլզ Բուկովսկին (1920-1994), ով պատկանում է enfant terrible գրողների շարքին: Քաղաքի «հատակի» բնակիչների կյանքն ու կենցաղը Բուկովսկին ներկայացնում է ապշեցուցիչ ճշգրտությամբ` օգտագործելով, ընդ որում, ոչ նորմատիվային բառապաշար:
Մոտ հիսուն տարի Բուկովսկին ապրում է Լոս Անջելեսում, որն էլ հանդիսանում է նրա ստեղծագործությունների գործողությունների կատարման հիմնական վայրը: Բուկովսկին առաջին պատմվածքը հրատարակում է քսաներեք տարեկանում, արդեն երեսունհինգում սկսում է զբաղվել պոեզիայով: Ընդհանուր առմամբ թողել է արձակ ու չափածո քառասունհինգ գիրք:
Չ. Բուկովսկին գաղափարական ու գեղագիտական առումով, հատկապես ոչ հարմարվողականությամբ, մասամբ մոտ է «կոտրվածների» սերնդին: Նրա բազմաթիվ ստեղծագործությունները հաճախ են մոտենում Բերոուզի, Քերուակի ու 60-ականների մյուս «ընդվզողների» գործերին: Հեղինակի գեղարվեստական աշխարհը մասամբ երկվութենական է` վերածված անդրանցական գեղարվեստական գիտակցության մետաֆորայի: Հեմինգուեյի ու Միլլերի նման Բուկովսկին նախ ճանաչում է ստանում Եվրոպայում, և ապա միայն Ամերիկայում: Երկար ժամանակ նրա հայրենակիցները խուսափում էին փնթի շրջմոլիկի ու անուղղելի հարբեցողի մեջ տեսնել գրչի տաղանդավոր վարպետի:
Բուկովսկին սպանիչ ծաղրանքով էր խոսում պրոֆեսիոնալ գրողների մասին, ովքեր խորացել էին ամենատարբեր ոչ էական բանավեճերի ու փոխադարձ հայհոյախոսությունների մեջ: Հենց սա էլ հանդիսանում է արտացոլանքը նրա սկզբունքային անհարմարվողականության: 1970 թ., երբ լրանում է գրողի հիսնամյակը, վերջինս դեռ փոստային ծառայող էր ու գրում էր միայն ազատ ժամերին:
Բուկովսկու ստեղծագործությունները մեծավմասամբ ինքնակենսագրական են: Ինքնախոստովական է, օրինակ, «Հաց և ապուխտ» վեպում ներկայացված է իր իսկ ապրումներն ու տառապանքները, որոնք ունեցել է երիտասարդ տարիներին դեմքի վիրահատությունից հետո, երբ այլանդակվել է դեմքը:
Նա ճանաչում է ստանում այն ժամանակ, երբ նրա ստեղծագործությունների հիման վրա սկսում են նկարահանվել ֆիլմեր ու շահում են մրցանակներ կինոփառատոններում: Առհասարակ, պետք է նշել, որ Ամերիկայում գրողի հաջողության ցուցիչներից մեկն էլ հենց այն է, երբ նրա ստեղծագործությունները սկսում են էկրանավորվել: Այսպես, 1981-ին Բուկովսկու «Սովորական խելագարության պատմություն» վեպի հիման վրա Մարկո Ֆերրարին ֆիլմ նկարահանում, որն արժանանում է Սան Սեբաստյանի կինոփառատոնի մրցանակին: 1987-ին Հուլիվուդում թողարկվում է «Հավիտենական բարան», որը կրկին Բուկովսկու ինքնակենսագրական սցենարով էր նկարահանված: Ֆիլմի գլխավոր դերակատար է դառնում Միկկի Ռուրկը:
Բուկովսկու հերոսները, դատելով նրանց արտաքինից, հակահասարակական տարրեր են` հարբեցող, անգործունյա, շատ ավելի գործազուրկ, քան աշխատող: Աշխարհը, որտեղ նա ապրում է կամ գոյատևում, ունի սահմանափակ չափանիշներ: Հերոսի կենսոլորտը բարերն են, հարբելու համար նախատեսված այլ վայրերը: Յուրօրինակ է նաև հերոսի կյանքի ռիթմը. կեսգիշերային հարբեցողություններ, անվերջ խոսակցություններ և քուն: Սա մի մարդու տիպիկ կյանքն է, ով իրեն դուրս է համարում սոցիումից:
Երբեմն Բուկովսկու հերոսը ներկայանում է որպես բարեկիրթ ու ուսյալ անձնավորություն, ով ունի բավական հագեցած կյանք ու հոգևոր լարում, հանդես է գալիս համալսարանական դասախոսություններով, հոդվածներ է գրում ամենատարբեր պատվերներով, սակայն սրանով հանդերձ նույնիսկ մնում է յուրային շրջմոլիկների ու հարբեցողների համար` երբեմն նաև հայտնվելով բանտում:
Հեղինակի արձակն աչքի է ընկնում նաև նրանով, որ այդտեղ գրեթե բացակայում է իրականության սոցիալական վերաիմաստավորումը:
«Հոլիվուդ» վեպը նվիրված է կինոռեժիսոր Բարբիե Շրեդերին, ով էլ երկար ժամանակ համոզում էր հեղինակին գրել այդ գործը: Վեպի հերոսը Հենրի Չինարսկին է` մինչև ուղնուծուծը ջինով ներծծված մի անձնավորություն, որ շատ կողմերով էր հիշեցնում հեղինակին: Վեպում գլխավոր հերոս Չինարսկին կինոսցենար է գրում «Նուրբ հոգով տխուր հարբեցողը» վերնագրով, որտեղ թեև սեփական անձի հետ կապված որևէ պաթետիկ բան չկար, սակայն լիքն էր ինքնածաղրական հատվածներով: Այն զուրկ էր գեղարվեստաոճական որևէ շերտայնությունից, և ընկալվում էր որպես միատարր կամ միագիծ խոստովանական երկ, որը ողողված էր քաոսային ցնորամտությունը արվեստի փոխարեն մատուցող խոսքի բացահայտմամբ:
Բուկովսկին մահանում է յոթանասունչորս տարեկան հասակում, Սան Պեդրո քաղաքում, Քալիֆորնիա ԱՄՆ, հասցնելով ավարտել իր վերջին` «Մակուլատուրա» վեպը: