Դե ինչ, սկսեմ հերթական շաբաթվա ամփոփումն ու առանձնացնեմ շաբաթվա ընթացքում առավել աչքի ընկած թեմաներն ու տեսակետները:

 
Շաբաթվա բացումը կատարեց Հովհաննես Ազոյանը իր` «Այսօրվա կուրսով մեկ հայը 5000 դրամ է» սկանդալային արտահայտությամբ: Կատակերգուի՝ իր պնդմամբ հումորային բնույթի արտահայտությունն այնքան մեծ աղմուկ բարձրացրեց համացանցում, որ վերջինիս մեկը մյուսի ետևից սկեցին անդրադառնալ գրեթե բոլոր հայ բլոգերները:

 

 

 

Շաբաթը նաև հրազդանյան ակտիվությունների վերջակետը դրեց, երբ պարզ դարձավ, որ ՀԱԿ անդամ Սասուն Միքայելյանը շուրջ 1500 ձայնի տարբերությամբ պարտվել է ներկա քաղաքապետ Արամ Դանիելյանին: Ընդդիմությունն իհարկե պարտվեց, բայց շատերի կարծիքով Հայաստանում նման թափանցիկ  ընտրությունների անցկացումը մեզ մեկ քայլով էլ մոտեցրեց ժողովրդավար Հայաստանի տեսլականին:
 
 

Հանրության ուշադրության հաջորդ թիրախը Հ1-ի «Ազատ գոտի» հաղորդումն էր իր արդեն մշտական հյուր դարձած «Մեկ ազգ» դաշինքի համանախագահ Գոռ Թամազյանով: Մերօրյա իրականության մեջ հաշված մարդիկ կան ում հեռուստացույցով հայտնվելն այսչափ մեծ ֆուրոր է առաջացնում մարդկանց շրջանում: Գոռ Թամազյանը վերջիններիս թվում է՝ իր ծայրահեղական դիրքորոշումներով և պատմական լիդերներից մեկին հիշեցնղ ժեստիկուլյացիայով ու ինտոնացիայով: Չնայած «Անտիմեկազգի»՝ իրականությունից կտրված հիմնավորումներին և չկապակցված խոսքին, պետք է իրավացիորեն նշեմ, որ այս անգամ Թամազյանի դեմ պայքարը ստացված էր:

Շաբաթվա ընթացքում գրեթե առանց ընդհատումների ձյուն էր տեղում: Նույն տեմպով էլ տեղում էին մեղադրանքներն ու վիրավորանքները Տարոն Մարգարյանի և քաղաքապետարանի անձնակազմի հասցեին: Մեղադրվող կողմն էլ ձեռնպահ չէր մնում վիրավորանքներով հակադարձելուց: Մասնավորապես աչքի ընկան քաղաքապետարանի մի խումբ աշխատակիցներ, որոնք համացանցային քննարկումներն ամեն կերպ ջանում էին տեղափոխել անձնական հարթություն: Նրանց թվում էր նաև քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արթուր Սարուխանյանը, որն այս օրերին պարզապես համացանցի «աստղը» դարձավ իր պաշտոնին ոչ հարիր պահելաձևով ու բառապաշարով:

Փետրվարի 13-ին լրացավ Արցախում Վերածննդի 24-ամյակը: 1988թ. փետրվարի 12-ին Հադրութի, իսկ փետրվարի 13-ին Ստեփանակերտի ցույցերով սկիզբ առավ Ղարաբաղյան շարժումը: Ողջ համացանցը շտապեց այն շնորհավորել:

 

 

 

Համացանցային քննարկումների հաջորդ թիրախը սիրո տոներն էին, որոնք մի քանի օրով շեղեցին բլոգերների մտքերն առօրյա խնդիրներից: Սիրո վիրտուալ ու իրական խոստովանություններ, նամակներ, ծաղիկներ և շոկոլադ… Այսպես համացանցը դիմավորեց փետրվարի 14-ը:
Սակայն արի ու տես ոչ բոլորն էին կիսում այս ուրախությունը: Նրանց թվում էր  բլոգեր Monk, որը հանդես եկավ «Վալենտինը՝ կեղծ քրիստոնեական, ապազգային և կոմերցիոն տոն» գրառումով, որում ներկայացնում էր այս տոնի բոլոր վտանգները հայապահպանության գործում: 

Շաբաթվա հաջորդ նորությունը քաղաքական էր, թեև սպասված էր շատերի կողմից: Կոալիցիոն երեք կուսակցությունները հայտարարեցին ԱԺ ընտրություններին առանձին ընտրացուցակներով մասնակցելու իրենց որոշման մասին: Միևնույն ժամանակ խոստացան հանդուրժող լինել միմյանց նկատմամբ:
 


Ողջ շաբաթվա ընթացքում չէին դադարում աշխարհահռչակ երգչուհի Ուիթնի Հյուսթոնի մահվան պատճառների բացահայտմանն ուղղված հանրության ջանքերը: Այս ֆոնին հատկապես առանձնացան հայկական մի շարք լրատվամիջոցներ, որոնք ԱՄՆ-ի ոստիկանությունից ավելի օպերատիվ՝ մեկը մյուսի ետևից այս թեմայով հայտարություններ էին տարածում: Հայկական մամուլի տեսությունից պարզ դարձավ, որ  Հյուսթոնին դաժանորեն ծեծել են, ապա բռնաբարել և վերջում խեղդամահ արել հյուրանոցի լողավազանում: Իսկ իրականում նա մահացել էր հանգստացնող դեղերի գերդոզավորումից:
 

Հաջորդ շոկը գլոբուսի արևմտյան հատվածից էր, երբ  ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանդես եկավ Թուրքիային տրամադրվող օգնությունն ի հաշիվ Հայաստանի ավելացնելու առաջարկով: Բնական է, որ այս հայտարությունը հայերի կողմից ծափողջույններով չընդունվեց: Սկսեցին անհամաձայնության կոչերը, վանկարկումները, որոնց ֆեյսբուքցիների մի մասը հակադարձեց հիմանվորմամբ, որ մենք իրավունք չունենք բողոքելու, քանի որ պետք է շնորհակալ լինենք ԱՄՆ-ին մեզ օգնելու ցանկության համար և ավելին չպահանջենք:
 

 

Շաբաթվա ընթացքում առցանց հանրության հիմնական զվարճանքի առարկան, թերևս, Ոստիկանության նոր համազգեստն էր՝ իր հետաքրքիր դիզայնով և ատրիբուտիկայով: Մի պահ մարդկանց ծիծաղի ձայներն այնքան բարձր էին, որ Ոստիականության ականջն ընկան, ինչին նրանք հակադարձեցին հերքմամբ, որ նոր համազգեստը ոստիկանության բոլոր աշխատակիցների համար չէ, այլ միայն հատուկ ստորաբաժանման, որում ծառայելու են նաև կանայք

Համացանցին քննարկման լավ թեմա տվեց ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, երբ Բարգավաճ Հայաստան կուսակցությանն անդամակցելու «անակընկալ» դիմում ներկայացրեց: Այս թեմայով համատարած գրառումների ֆոնին աչքի էին ընկնում նաև յուրահատուկ ծաղրանկարները:  
 

 

Շաբաթը փառավորվեց մի քանի օր շարունակ Մաշտոցի պուրակում հայ երիտասարդ ակտիվիստների ծավալած՝ փրկենք Մաշտոցի պուրակը նախաձեռնության հաղթանակով: Ինչի ասես, որ չդիմեցին մեր ակտիվիստները՝ էլ ոստիկանների հետ կռիվ տվին, էլ բեռնատարների տակ պառկեցին, էլ օլիգարխի ծմեռ պապ սարքեցին… Այնուամենայնիվ ոչ բոլորն էին համամիտ ակտիվիստների որդեգրած՝ նպատակն արդարացնում է միջոցները կարգախոսի հետ, և շատերը վերջիններիս մեղադրեցին բոլշևիկյան մեթոդներ կիրառելու մեջ: Պետք է նշեմ, որ ընդհանուր ֆոնին իրենց պահվածքով առանձնացան ոստիկանները, որոնց գործողությունները միտված էին կոնֆլիկտը հարթելու, այլ ոչ բորբոքելու:


Իսկ շաբաթվա կուլմինացիան քաղաքական էր. Մանվել Գրիգորյանի՝ Սերժ Սարգսյանին սատարելու մասին հայտարարության և ՀՀ նախագահի՝ Սասուն Միքայելյանին ուղղված ողջույններով, քանի որ նախագահը ողջունեց նաև դահլիճից բացակայող երկրապահներին: Ի դեպ վերջին փոքրիկ նյուանսը նկատել էր բլոգեր Գռեգ Թամազյանը:
 


 

Շաբաթվա լուսանկարը՝ Մաշտոցի պուրակում ոստիկանների շարքում կանգնած ժպտացող պապիկի նկարն է:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Շաբաթվա վիդեոն՝ հրապարակոախոս Վահրամ Սահակյանի դիմումն է իշխանություններին, որն ինչպես սպասվում էր դարձյալ 18+ ձևաչափում էր:
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել