Life.panorama.am-ը գրում է.
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում մասնակցել է Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) հիմնադրման 80-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր միջոցառմանը:
Ինչպես հայտնում են ՀՀ Կառավարությունից՝ ՀԳՄ անդամներին ուղղված շնորհավորական ուղերձում հանրապետության վարչապետը, մասնավորապես, նշել է. «Միության հոբելյանը նշանակալից իրադարձություն է Հայաստանի հասարակական և մշակութային կյանքում։ Այն անգնահատելի դերակատարություն է ունեցել մեր ժողովրդի հոգևոր զարգացման, ազգային ավանդույթների պահպանման, հայրենասիրական գաղափարախոսության կերտման գործում։ Միության անցած ստեղծագործական ճանապարհը հեշտ չի եղել, սակայն գրողը մնացել է մտավորական, հայրենիքի նվիրյալ»։
Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ միությունն ստեղծվել է դժվարին շրջանում, հայրենի գրականության նվիրյալներ Եղիշե Չարենցի, Ակսել Բակունցի, Ավետիք Իսահակյանի, Դերենիկ Դեմիրճյանի և մյուսների ջանքերով, իսկ հետագա սերունդները շարունակել և զարգացրել են նրանց ստեղծած գրական ավանդույթները՝ ինչպես խորհրդային տարիներին, այնպես էլ մեր երկրի անկախության վերականգնումից հետո։
«Այսօր մեր գրականությունը, ինչպես և երկիրը, գտնվում է նոր իրավիճակում՝ իր խնդիրներով և մարտահրավերներով։ Ձեր առջև դրված խնդիրները և´ հին են, և´ նոր։ Հին, որովհետև գրականությունը մշտապես անդրադարձել է մարդուն, նրա ցավին ու հույսին, նոր, որովհետև համաշխարհայնացման պայմաններում մեր ինքնագիտակցության և ընկալումների մեջ տեղի են ունեցել տեղաշարժեր։ Ձեր խնդիրն է գեղարվեստորեն արտացոլել այդ նոր պայմաններն ու իրողությունը, սակայն շարունակել առաջնայինը համարել հայրենիքի ու նրա քաղաքացու շահերը», - ասել է Հայաստանի վարչապետը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ