Կարգից զրկված մեր հոգեւորականներն այսօր մենակ են մնացել իրենց խնդիրներով հանդերձ, նրանց օծակից նախկին եղբայրները քիչ են առնչվում իրենց հետ, կամ էլ ուղղակի ամբաստանում են, թե ինչու անհարիր վարքով ապրեցին եւ հնազանդ չեղան հայրապետին, ինչպես իրենք են: 
Իսկ պաշտոնական դիրքորոշումն այն է, որ կարգից զրկված բոլոր հոգեւորականներն էլ անհարիր վարք են ցուցաբերել, եւ կարգալույծի որոշումը անհիմն ու ապօրինի չէ: Ոմանք էլ փորձում են քահանայական կարգից զրկված հոգեւորականներին ներկայացնել որպես Եկեղեցու թշնամիներ, իսկ նրանց բողոքը որակում որպես բամբասանք Եկեղեցու հասցեին:

Որպես կանոն կարգից զրկվածների բողոքներին պաշտոնական պատասխան չի տրվում, փոխարենը՝ առանձին հոգեւորականներ այդ հարցերին անդրադառնում են իրենց հարցազրույցների մեջ, առանց կոնկրետանալու: Համաձայնվեք, որ դա շատ պասիվ եւ խուսափողական դիրք է: Որոշ հոգեւորականներ էլ ուղղակի խուսափում են այդ հարցի քննարկումից. ո՛չ վատն են ասում, ո՛չ լավը, վստահ եմ, որ ունեն համապատասխան հիմքեր:

Այնպիսի կարծիք է տարածված, թե Եկեղեցին, ավելի ճիշտ հոգեւոր դասը, դուրս է քննադատությունից: Դժվար է այսօրվա ինֆորմացիոն հեղեղի մեջ ուշադրությունից դուրս մնալ, մանավանդ, որ դա այդպես չէ: Մի՞թե Պողոս առաքյալը ամենքի առջեւ չհանդիմանեց առաքյալների գլխավորին՝ Պետրոսին, հրեաների առջեւ կեղծավոր ընթացքի համար (տե՛ս Գաղատ. Բ 12-14), կամ չհայտարարե՞ց, որ Դեմասը՝ իր գործակիցը, թողել է իր առաքելությունը եւ տրվել աշխարհի սիրույն. «Զի Դեմաս եթող զիս՝ եւ սիրեաց զաշխարհ» (տե՛ս Բ Տիմոթ. Դ 9):
Որոշ «զգացմունքային» մարդիկ էլ, ավելի ստույգ՝ սադրիչներ, քննադատությունը շփոթում են հայհոյության հետ, եւ անձնական վիրավորանքներ են ուղղում հոգեւոր վերադասի հասցեին: Սա ուղղակի գռեհկություն է:
Ոմանք էլ կարգից զրկված հոգեւորականներին մեղադրանք են ներկայացվում, ըստ այն իրողության, որ վերջիններս մինչ կարգից զրկվելը լուռ են եղել եւ չեն խոսել այն հարցերի շուրջ, որոնց վերաբերյալ ելույթ են ունենում կարգից զրկվելուց անմիջապես հետո: Ապա մեղադրող կողմը եզրակացնում է. «Ստացվում է մինչ այդ նրանց ամեն ինչ հարմար է եղել, իսկ երբ այլեւս կորցնելու ոչինչ չունեն, ելույթ են ունենում»:
Կարծես թե մեղադրանքը տեղին է, բայց այս մեղադրանքը ունի երկու սայր. մեղադրողները մի սայրով հարվածում են կարգից զրկված հոգեւորականներին՝ մեղադրելով նրանց «հարմարվողականության» եւ «պատեհապաշտության» մեջ, մյուս սայրով էլ իրենք իրենց են հարվածում, քանի որ ասածից պարզ է դառնում, որ մեղադրողները եւս համաձայն են, որ բարձրաձայնված խնդիրներն այսօր իրապես առկան են:

Բացի այդ նոր խնդիր է բացահայտվում հանրության առջեւ, թե որն է առհասարակ մեծամասնության լռության պատճառը:
Ոմանք ասում են, որ լռության պատճառը աղանդավորներն են, քանի որ ցավոտ հարցեր բարձրաձայնելով՝ ջուր ենք լցնում թշնամու ջրաղացին: Այդպես նրանք ակամայից խոստովանում են, որ կան այնպիսի մարտահրավերներ, որոնց մասին խոսելն արգելված է:
Ոմանք էլ ասում են, թե իրենց խոսելով հնարավոր է, որ խախտվի հնազանդության ուխտը: Իսկ լռելով եւ խնդիրները թաքցնելով արդյո՞ք չենք արժեզրկում քահանայության իմաստը: Եւ մի՞թե հոգեւորականն իրավունք ունի լռելու, երբ անարդարություն է տեսնում, կամ մի՞թե Տերը քահանաներին դետ չի կանգնեցրել եւ չի պահանջելու նրանցից մեղավորի արյունը (տե՛ս Եզեկ. 3, 17), չէ որ հոգեւորականներն են ժողովրդի աղն ու լույսը, այսինքն՝ հոգեւոր բժիշկը եւ ուսուցիչը: Եւ մի՞թե կարելի է հանդիմանել միայն ստորադասին, իսկ վերադասին՝ ոչ: Ավետարանում գրված է, որ եթե եղբայրդ մեղք է գործում, սաստիր նրան. «Եթէ մեղիցէ եղբայր քո, սաստեա նմա: Եւ եթէ ապաշխարիցէ, թող նմա» (Ղուկաս 17, 3): Եթե Եկեղեցու անդամ ենք, ապա բոլորս էլ եղբայրներ ենք, եւ չկա եղբայրների մեջ ստրոադաս եւ վերադաս: Բացի այդ, մեր լռելու պատճառով, խնդիրները գնալով այնքան են ծանրանում, որ վեր են ածվում մարտահրավերների, որոնց լուծումներն արդեն կոմպլեքս միջոցներ են պահանջում:
Իմ հորդորն է զորվիգ լինել մեր հոգեւորականությանը, անկախ հանգամանքից՝ կարգազուրկ են, թե ոչ, մանավանդ՝ կարգից զրկվածներին, որովհետեւ նախկին հոգեւորական չի լինում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել