Չեմ սիրում աշխարհը պետությունների բաժանելու սկզբունքը ու չեմ ընդունել դա երևի գիտակցական կյանքիս առաջին օրվանից: Բայց քանի որ խաղի կանոններն այնպիսին են, որ յուրաքանչյուր գծված սահմանի ներսում մարդիկ ապրում են տարբեր պայմաններում, վայելում ազատությունների տարբեր աստիճաններ, գնահատվում տարբեր բալային համակարգերով և այլն, պետք է ուրեմն խոսեմ այդ խաղի կանոնների լեզվով:
Աշխարհի բաժանման այդ խայտաբղետ «գորգն» ունի գլխավոր, կենտրոնական «նախշ», որը և պայմանավորում է մյուսների կառուցվածքն ու դասավորությունը: Լոկոմոտիվ, որը առաջ է տանում այս ամբողջ կոմպոզիցիան: Իսկ քանի որ գլոբալացումն ինձ համար ոչ միայն երազանք է, այլև կարևորագույն գաղափար ու անխուսափելի ապագա, տրամաբանական է, որ դրա իրականացումը կարող է ապահովել միայն ու միայն այդ լոկոմոտիվը:
Կարճ` դեմ եմ ցանկացած տեսակի սահմանների աշխարհի քարտեզի վրա, իսկ դրանց վերացմանը կարող է նպաստել միայն ու միայն գլոբալացումը: Ներկայումս հենց այդ նույն քարտեզի վրա կա միայն մեկ երկիր, որը կկարողանա հաջողությամբ իրականացնել այդ գործընթացը: Հասկանալի է, որ կոնկրետ ինձ համար դա ուղղակի պետություն չի, դա մարդկային քաղաքակրթության ապագայի խորհրդանիշն է: Ու այսօր էդ խորհրդանիշի գլխավոր տոնն է, ինչի առթիվ էլ շնորհավորում եմ:



