Lurer.com-ը գրում է.

Ամառն իր հետ հաճելի պահերից, հանգստից, բնության գրկում լինելու հնարավորությունից, թարմ մրգերի և բանջարեղենի առատությունից բացի, բերում է նաև խնդիրներ: Դրանք առավել կապված են մարդու օրգանիզմի վրա օդի բարձր ջերմաստիճանի, արևի ուղիղ ճառագայթների ազդեցության, ինչպես նաև մի շարք վարակիչ հիվանդությունների` այս սեզոնին բնորոշ ակտիվացման հետ:

Ամռանը շոգի, արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցության հետևանքով կարող են առաջանալ օրգանիզմի գերտաքացում, արևահարություն, սրտանոթային համակարգի հիվանդագին դրսևորումներ, մաշկի ախտահարումներ և այլն: Բացի այդ, շատ հաճախ մրգերն ու բանջարեղենը բավարար չեն լվացվում, ինչպես նաև շուտ փչացող սննդամթերքը պատշաճ ձևով չի պահպանվում։ Այս և մի շարք այլ գործոններով պայմանավորված` մեծանում է տարբեր հարուցիչներով դրանց աղտոտման վտանգը և օրգանիզմ ներթափանցելու ռիսկը։

Օդի բարձր ջերմաստիճանի, ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը մեղմելու, օրգանիզմի անցանկալի գերտաքացումը կանխելու, ինչպես նաև վարակիչ հիվանդություններից, սննդային թունավորումներից խուսափելու համար ՀՀ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս խուսափել արևի ուղիղ ճառագայթներից` հատկապես ժամը 12:00-17:00 ընթացքում, աշխատել քայլել ստվերում, հնարավորինս պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթումից` կրել գլխարկ, արևային ակնոց, հովանոց, հագնել սպիտակ կամ բաց երանգների ազատ, օդաթափանց, ցանկալի է բամբակյա կտորից հագուստ, օգտագործել սովորականից շատ հեղուկներ (օրական մոտ 3 լիտր):

Սրտանոթային կամ միզասեռական համակարգի հիվանդություններ ունեցողները հեղուկներ ընդունելու, դրանց քանակի հետ կապված հարցերի շուրջ պետք է խորհրդակցեն բուժող բժիշկների հետ, ցանկալի է հրաժարվել կծու, յուղոտ կերակուրներից, նախընտրել ավելի թեթև, դյուրամարս սնունդ, օգտագործել շատ մրգեր և հում բանջարեղեն:

Մասնավորապես խորհուրդ է տրվում օգտագործել ջուր, որը լրացնում է հեղուկների պակասը, անցկացնում հոգնածությունը և պայքարում ջրազրկման դեմ, կաթնամթերք, մասնավորպես` թան և մածուն, որոնք պարունակելով սպիտակուցներ, աղեր և օրգանական թթուներ` հագեցնում են ծարավը, օգտագործվող հեղուկները պետք է լինեն գոլ կամ քիչ սառը, որպեսզի ավելի լավ հագեցնեն ծարավը:

Չի կարելի հեղուկները շատ սառեցնել, չի կարելի չարաշահել կոֆեին և շաքար պարունակող ըմպելիքները՝ թե՛ տաք, թե՛ սառը վիճակում, ցանկալի է, որ երեխաները, հղիները, ծերերը, քրոնիկ հիվանդություններով տառապող մարդիկ ցերեկային ամենաշոգ ժամերին քնեն կամ պառկեն, քանի որ պառկած դիրքում հեշտանում է ջերմատվությունը և արյան շրջանառությունը, պետք է հաճախակի լվացվել կամ ցնցուղ ընդունել, արգելվում է գտնվել չօդափոխվող կամ վատ օդափոխվող տարածքներում, երկար ժամանակ մնալ արևի տակ կայանված փոխադրամիջոցներում, երեխաներին թողնել փակ պատուհաններով ավտոմեքենաներում, ամենօրյա աշխատանքները հնարավորինս պետք է կատարել օրվա համեմատաբար զով ժամերին, ցերեկային ամենաշոգ ժամերին խուսափել բացօթյա ծանր ֆիզիկական աշխատանքից, պետք է հետևել, որ օդափոխիչը կամ օդորակիչն ապահովի օդափոխությունը, սակայն սառը օդի ուժեղ հոսանքն ուղղված չլինի անմիջապես մարդկանց, այնտեղ, որտեղ առկա են օդորակիչներ, անհրաժեշտ է հագնվել ջերմաստիճանին համապատասխան:

Աղիքային վարակներից և բերանի խոռոչով օրգանիզմ թափանցող վարակիչ այլ հիվանդություններից խուսափելու համար անհրաժեշտ է խստագույնս հետևել ձեռքերի հիգիենային՝ հատկապես սնունդ պատրաստելուց և ուտելուց առաջ, ինչպես նաև զուգարանից օգտվելուց հետո, սննդամթերքը (մրգեր, բանջարեղեն, հատապտուղներ) օգտագործելուց առաջ հոսող ջրով լավ լվանալ, սննդամթերքը պահպանել սառնարանում` պատշաճ ջերմաստիճանային պայմաններում, գնել միայն թարմ, ոչ փչացած և ոչ ժամկետանց սննդամթերք, խուսափել բացօթյա պայմաններում (մայրուղիներում, փողոցներում, բնակելի շենքերի բակերում) պատրաստվող և վաճառվող, պատրաստման և պահպանման հատուկ պայմաններ պահանջող սննդամթերքի՝ լցնովի փափուկ պաղպաղակ, զովացուցիչ ըմպելիքներ, կվաս, թարմ մրգերից պատրաստվող հյութեր օգտագործելուց: խուսափել անհայտ պայմաններում պատրաստված սառույցի օգտագործումից, չլողանալ բաց արհեստական ջրամբարներում, դեկորատիվ ջրավազաններում, առավոտյան վաղ և երեկոյան ժամերին հնարավորինս պաշտպանվել միջատների խայթոցներից՝ օգտագործելով միջատներին վանող քսուկներ, պատուհանները և դռները պատել մանրավանդակ ցանցով, խուսափել ոռոգման ջրով լվացվելուց, միմյանց վրա ցողելուց կամ լողանալուց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել