Հարցը ԲլոգՆյուզի խմբագրություն է ուղարկել մեր ընթերցողուհիներից մեկը.
Բարև Ձեզ: Ես ունեմ մի հարց, եթե հնարավոր է՝ պատասխանեք, շատ ուրախ կլինեմ: Իմ հայրիկը արդեն 17 տարի է՝ ապրում է Ռուսաստանում, մայրիկիս հետ զագսավորված են: Հայրիկիս կողմից կարելի է ասել՝ ոչ մի օգնություն չենք ստացել: Մայրս առողջական խնդիրներ ունի և ուզում է վաճառել տունը, սակայն հորս հետ համասեփականատեր են: Ունենք տան գրքույկը: Ոնց կարելի է այս հարցին լուծում տալ, որ մայրս կարողանա վաճառել տունը: Խնդրում եմ, եթե հնարավոր է, օգնեք:
Պատասխան
Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 198-րդ հոդվածի` Համատեղ սեփականության մասնակիցները միասին տիրապետում և օգտագործում են ընդհանուր գույքը, եթե այլ բան նախատեսված չէ նրանց համաձայնությամբ: Համատեղ սեփականության ներքո գտնվող գույքը տնօրինվում է բոլոր մասնակիցների համաձայնությամբ՝ անկախ այն բանից, թե մասնակիցներից ով է կնքում գույքը տնօրինելու գործարքը: Համատեղ սեփականության մասնակիցներից յուրաքանչյուրն իրավունք ունի կնքել ընդհանուր գույքը տնօրինելու գործարքներ, եթե այլ բան նախատեսված չէ նրանց համաձայնությամբ: Համատեղ սեփականության մասնակիցներից մեկի կողմից կնքված` ընդհանուր սեփականության տնօրինման գործարքը կարող է անվավեր ճանաչվել մնացած մասնակիցների պահանջով` գործարք կնքող մասնակցի մոտ անհրաժեշտ լիազորությունների բացակայության դեպքում, եթե ապացուցվի, որ գործարքի մյուս կողմն իմացել է կամ ակնհայտորեն պետք է իմանար այդ մասին:
Տվյալ դեպքում առանց Ձեր հոր համաձայնության հնարավոր չէ տվյալ անշարժ գույքն օտարել: Սակայն, համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 199-րդ հոդվածի, Համատեղ սեփականության մասնակիցների միջև ընդհանուր գույքը բաժանվում կամ նրանցից մեկի բաժինն առանձնացվում է ընդհանուր գույքի նկատմամբ իրավունքում մասնակիցներից յուրաքանչյուրի բաժինը նախապես որոշելուց հետո: Ընդհանուր գույքը բաժանելիս և դրանից բաժին առանձնացնելիս համատեղ սեփականության մասնակիցների բաժինները համարվում են հավասար, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ մասնակիցների համաձայնությամբ:
Տվյալ դեպքում, Ձեր մայրը կարող է դիմել դատարան՝ համատեղ սեփականության ներքո գտնվող գույքից իր բաժինն առանձնացնելու, անհնարինության դեպքում հրապարակային սակարկությամբ վաճառելու պահանջով: Իհարկե, տվյալ դեպքում սեփականության մյուս մասնակիցը ձեռք կբերի բաժնեմասը գնելու նախապատվության իրավունք, որի չիրացնելու դեպքում, դատարանը կարող է վճիռ կայացնել գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու մասին` ստացված գումարը հետագայում բաշխելով ընդհանուր սեփականության մասնակիցների միջև` նրանց բաժիններին համաչափ:
Բարձրացված խնդրի վերաբերյալ լրացուցիչ պարզաբանումներ ստանալու համար կարող եք գրել [email protected] էլեկտրոնային հասցեին:
Աղավնի Մադոյան
ՀՀ փաստաբանների պալատի
երիտասարդական խորհուրդ
Ձեր հարցերը իրավաբաններին կարող եք ուղարկել [email protected] հասցեին կամ BlogNews-ի ֆեյսբուքյան էջին:



