Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը դեռևս ընթացքի մեջ է, սակայն մինչ առաջնության սկիզբը որոշ մասնագետների կողմից ֆավորիտների շարքը դասվող Ռուսաստանի հավաքականը՝ իր երկրպագուներով հանդերձ, դրան այլևս հետևում է հեռուստաէկրանների առջև նստած: Իտալացի մարզիչ Ֆաբիո Կապելլոն, չնայած նախկինում ունեցած պատկառելի նվաճումներին, չկարողացավ նույնիսկ հավաքականին դուրս բերել 1/8 եզրափակիչ: Սակայն այս անգամ մեծ հաջողություններ չարձանագրելով մարզչական նստարանին՝ նա այդպիսիք արձանագրում է ֆինանսական դաշտում:
Ռուսաստանն այսօր գումար վաստակելու խոպանի է վերածվել ոչ միայն մեր բազմաթիվ հայրենակիցների և նախկին ԽՍՀՄ երկրներից ժամանող աշխատավորների, այլև իտալացի աշխարհահռչակ մարզչի համար: Նրա աշխատավարձը կազմում է տարեկան 8 մլն եվրո (համեմատության համար՝ միջին մոսկվացին տարեկան վաստակում է 720 հազար ռուբլի՝ 15.000 եվրո), և այդ ցուցանիշով նա հավաքականների մակարդակում աշխատող մարզիչներից ամենաբարձր վարձատրվողն է աշխարհում: Համեմատության համար նշենք, որ առաջնությունում հաջող հանդես եկող Մեքսիկայի, Կոլումբիայի, Կոստա Ռիկայի հավաքականների գլխավոր մարզիչների աշխատավարձերը 10-20 անգամ պակաս են:
Ու եթե նման գումարներ վաստակող մարզիչը իր առջև դրված խնդիրը չի կատարում, ապա բնական է, որ հավաքականի տապալումից հետո հնչում են Ֆաբիո Կապելլոյին պաշտոնանկ անելու և 2018թ. հենց Ռուսաստանում անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի առաջնությանը նոր մասնագետի ղեկավարությամբ նախապատրաստվելու կոչեր: Սակայն պարզվում է, որ դա այնքան էլ հեշտ չէ, քանզի խորամանկ իտալացին, հավանաբար, կանխատեսել էր իրադարձությունների նման ընթացքը և մինչև առաջնության սկիզբը շտապել էր ապահովագրել իրեն: Իր պահանջով Ռուսաստանի ֆուտբոլային միության հետ կնքված իր աշխատանքային պայմանագիրը վերանայվել է և սահմանվել է նոր հրաժարագին՝ 30.5 մլն եվրոյի չափով: Այսինքն, եթե Ռուսաստանի ֆուտբոլային միությունը ցանկանա պաշտոնանկ անել Կապելլոյին, ապա պիտի նրան վճարի 30.5 մլն եվրոյի փոխհատուցում:
Ու հիմա ՌՖՄ-ն կանգնած է ծանր ընտրության առջև: Մինչդեռ այդ 30,5 մլն եվրոն բավարար է միջազգային ստանդարտներին համապատասխանող մարզադաշտ կամ 220 մանկական խաղադաշտեր կառուցելու համար, որտեղ կարող էին աճել նոր Յաշիններ ու Պելեներ, կամ էլ Ռուսաստանի ոսկու պաշարը համալրել շուրջ մեկ տոննա ոսկով: Կամ էլ այդ գումարով ապահովել շուրջ 300.000 մոսկվացու ապահովված կյանքը մեկ տարով:
Այստեղ է ասված. խաբվեցիր մի անգամ՝ ամոթ խաբողին, երկրորդ անգամ՝ ամոթ քեզ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1437603699838903&id=100007678606149
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել