Armnewstv.am-ը գրում է.
29-ամյա Նարինե Շարոյանին ամուսինը հունիսի 29-ի առավոտյան տեղափոխում է Արմավիրի բժշկական կենտրոն: 20 շաբաթական հղի կինը վատ էր զգացել, փսխումները չէին դադարել: Հարազատների պատմելով, հղի կինը նախօրեին ուշ երեկոյան ձմերուկ էր կերել: Բժիշկները սննդային թունավորման կասկածով կնոջը տեղափոխում են ինֆեկցիոն բաժանմունք, բայց նաև կանչում են հիվանդանոցի գլխավոր գինեկոլոգին: Վիրահատող բժշկի խոսքով, տեղի է ունեցել պտղի շերտազատում: Սկզբում փոքր կեսարյան հատում են արել, բայց հետո ստիպված են եղել արգանդը հեռացնել:
Նարինեի հարազատները պատմում են, որ վիրահատությունից հետո արյունահոսությունը չի դադարել, կնոջ վիճակը ծանրացել է: Նույն օրը կեսգիշերին Նարինեին տեղափոխում են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ վերականգնողական միջոցառումներից հետո Նարինեի վիճակը բարելավվում է: «Արմենիա» բժշկական կենտրոն այցելած Արմավիրի բժշկական կենտրոնի գլխավոր գինեկոլոգը ևս փաստում է, որ Նարինեի վիճակը կայունանում էր:
Նարինեի հարազատները մեղադրում են վիրահատությունն իրականացրած Արմավիրի բժշկական կենտրոնի բժիշկներին: Արմավիրի բժշկական կենտրոնի բժիշկները հավաստիացնում են, որ արել են հնարավորը Նարինեի կյանքը փրկելու համար, բայց կինն առողջական այլ խնդիրներ է ունեցել: Նարինե Շարոյանը մահացել է հուլիսի 1-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում: Մահվան պատճառը հայտնի կդառնա դատաբժշկական փորձաքննությունից հետո: Հարուցվել է քրեական գործ:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ



