Ցավով եմ տանում ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու արտագաղթը, բայց մեղադրել չեմ կարող այն մարդուն, ով ամեն ինչ արել է իր երկրի համար, պահել երկրի սահմանը, հույս ունեցել, որ իր հայրենիքի այս փոքրիկ հողը մի օր կդառնա այն հայրենիքը, որը երազել է, սակայն երկար սպասումից հետո հասկացել, որ անհնար է այլևս ապրել մի երկրում, որտեղ կոռուպցիան աներևակայելի մասշտաբի է հասել, որտեղ երկրի բոլոր ծառայությունները պաշտպանում են ու գործում մի խումբ անձանց համար, որտեղ իշխանական կուսակցությունը իր թևքի տակ է հավաքում հնարավոր բոլոր օրինազանցներին, թալանչիներին ու օլիգարխներին, որտեղ երկրի չինովնիկը չի էլ կարողանում հասկանալ՝ որն է երկրի շահը, որը՝ իր գրպանի: Հայրենիք, որ պատկանում է ինչ-որ անհայրենիք մարդկանց, իրենց իշխաններ հռչակած չինովնիկների, որ պատրաստ են ծախել հայրենիքը միայն սեփական կաշին փրկելու համար, պետականություն, որտեղ դժվար է հասկանալ՝ ով է երկրի տերը, անկախության հովանավորը, ժողովու՞րդը, թե մի քանի՝ իրենց ստրակատեր համարող տխմարներ, որոնց ձեռքին է կուտակված երկրի հարստության 85 տոկոսը: Պատկերացնո՞ւմ եք երկրի ողջ հարստությունը կուտակված է երկրի բնակչության ամենաշատը 5 տոկոսի ձեռքում, ու այսպես մեր իշխանությունները պետություն են պահում: Իհարկե կպահեն, եթե ԱԱԾ-ն, Զինված ուժերն ու այլ պետական կարևորագույն կառույցները ծառայեցնեն ոչ թե երկրի շահերին, այլ իրենց անձնական շահերի, իրենց գրպանների համար...
Տեսնելով այս ամենը՝ ես` որպես ՀՀ քաղաքացի, որևէ կերպ չեմ կարողանա գտնել հարգանքի մի նշույլ, որ պետք է ունենայի մեր երկրի բարձրագույն կառավարման օղակների` ՀՀ նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի, նախարարությունների ու այլ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ: Չեմ կարող հարգանք ունենալ այն մարդկանց հանդեպ, ովքեր տեսնելով այս ամենը, խաբում են իրենք իրենց ու ասում` ամեն ինչ մեր երկրում լավ է: Նման մարդիկ մոլորված են, կամ իսկապես մոլորված, կամ էլ անձնական շահից ելնելով: Ժողովուրդը ճիշտ է ասում` ձուկը գլխից է նեխած լինում, իսկ երկրի գլուխ կանգնած նախագահի յուրաքանչյուր քայլից ակնհայտ երևում է, որ տվյալ անձը ի վիճակի չէ աշխատել մեր երկրի նախագահի պաշտոնում: Տվյալ անձի կառավարման ընթացքում ՀՀ տնտեսական վիճակի վատթարացումը, արտաքին հարաբերություններում «ֆուտբոլային դիվանագիտության» խաղերը, ի վիճակի չլինելն ադեկվատ և ճիշտ կողմնորոշվելը միայն թուլացրին մեր երկրի՝ առանց այդ էլ խարխուլ ամրությունը: Ես հարգում եմ երկրի նախագահի ինստիտուտը և առավել ևս ՀՀ նախագահի ինստիտուտը, բայց հարգել նաև ներկայիս նախագահին որպես անհատ, կներեք չեմ կարող: Կարծում եմ՝ հարգանքի չի կարող արժանանալ մարդ, ում շրջապատում են քծնվողները, օլիգարխներն ու ազգի տականքը: Ասա` ում ընկերն ես, ասեմ` ով ես դու...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Armenmkheyan/posts/10204368634200025
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել