Դուք մտածում եք, որ մարդիկ իրո՞ք սիրում են բնությունը, անձրևն ու արևը, մայրամուտը, գիրք կարդալն ու երկխոսելը: Այո, սիրում են, բայց կան բաներ, որ մարդիկ այս ամենից ավելի շատ են սիրում, և գերադասում են հարմարավետությունը, հանգիստն ու հաճույքը այս ամենին:
Մարդիկ սկսեցին կանաչ խոտի վրա ասֆալտ անել, քանի որ դա ավելի հարմար է իրենց և մեքենաների համար: Մարդիկ արևի ու անձրևի դեմ անձրևանոց հորինեցին, քանի որ այդպես ավելի հարմար ու ապահով է: Մարդիկ գերադասեցին մայրամուտը պատկերող նկարներ գնել և տանը կախել, փոխարենը ամեն օր պատուհանից տեսնել այդ մայրամուտը: Մարդիկ 10-րդ հարկից վերելակով իջնում-գնում են վազելու, փոխանակ ընդամենը այդ տասը հարկը ոտքով իջնեն ու բարձրանան: Բայց դա հարմար չէ, իսկ վերելակը հարմար է: Վազելն էլ է հարմար՝ հատուկ զգեստով, բոթասներով, ականջակալներից հնչող երաժշտությամբ և այն մոլորությամբ, թե մեքենաների արտանետումների կողքով վազելով՝ առողջացնում ես քեզ: Մարդիկ վճարում են՝ ֆիզիկական աշխատանք անելու համար՝ հաճախում են մարզադահլիճ և մարզասարքերի վրա մարզվում, փոխանակ ընդամենը խանութ գնան ոտքով և իրենց գնումները տուն տանեն ոչ թե մեքենայով, այլ ձեռքով: Բայց դա հարմար չէ, հետո էլ՝ պատվի հարց կա, բան կա...
Այնպես որ, մարդիկ կյանքում ամենաշատը հարմարավետություն են սիրում, իրենց փառասիրությունը շոյող երևույթներն են սիրում, իրենց կենցաղն ու կենցաղում իրենց են սիրում: Պատահական չէ, որ քրիստոնեության մեջ մահացու մեղքերից ամենա-ամենան հենց փառասիրությունն է: Այն ոչնչացնում է մարդուն և դիմացինի մեջ մարդ տեսնելու կարողությունը: Բայց ամեն փառք անցողիկ է:



