Panorama.am-ը գրում է.
Մինչ վաճառքը տեղական մրգերում ու բանջարեղենում նիտրատի ու այլ քիմիական նյութերի պարունակությունը պարզելու նպատակով որևէ փորձաքննություն չի իրականացվում: Այս մասին Panorama.am-ին հայտնեց ԳՆ սննդամթերքի անվտանգության ծառայության բուսասանիտարային վարչության պետ Արթուր Նիկոյանը:
Վերջին օրերին խմբագրություն են դիմում քաղաքացիներ, դժգոհելով, թե սուպերմարկետներից գնած մրգերը՝ մասնավորապես նեկտարինն ու նարինջը նույնիսկ սառնարանային պայմաններում երկու օր անց փչացած են գտնում: Նրանք մտահոգություն ունեն, որ մրգերն աճեցված են մեծ քնակաությամբ թունաքիմիկատների օգտագործմամբ:
Նիկոյանն ասում է, որ ներկրված յուրաքնաչյուր միրգ ու բանջարեղեն սահմանային անցակետերում ենթարկվում է փորձաքննության, իսկ տեղական արտադրանքը փորձաքննության ենթարկելը թանկ հաճույք է՝ չկան այդքան ռեսուրսներ ու սարքավորումներ:
«Ամեն մարդ իր դաշտում աճեցնում է, ու չգիտես, թե որտեղ է վաճառում, հիմա այդ արգելե՞ս, ասես մի՞ վաճառի, մինչև տեսուչը գա, որոշի լավ է, թե՞ ոչ: Դա գյուղացիներին մեծ վնաս կպատճառի, այդքան ռեսուրս հնարավոր էլ չէ ունենալ, դուք պատկերացրեք 340 հազար գյուղացիական տնտեսություն ունենք»,-ասաց Նիկոյանը:
Վարչության պետն ասաց, որ այս տարվա ընթացքում չի եղել մի դեպք, երբ ներկրված ապրանքի փորձաքննության արդյունքները չհամապատասխանեն նորմերին:
«Գիտեն, որ սահմանի վրա փորձաքննություն է իրականացվում, արդեն ներկրողները նախօրոք ասում են, այնպիսի ապրանք ուղարկեք, որ հանկարծ հետ չուղարկեն, իրենք էլ չտուժվեն»,-ասաց ծառայության պաշտոնյան:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



