Կյանքը մեր օրերում շատ է բարդացել հին հռոմեական ճանապարհների վրա։ Առաջ եթե մի քաջ հայ մարդ մի մամոնտ էր որսում, դրա մսով գյուղը կարողանում էր մի տարի յոլա գնալ։ Հիմա համ մամոնտներն են պակասել, համ էլ քաջ հայ մարդիկ։ Իսկ թե բան է, մեկին էլ հաջողվում է մի մամոնտ գտնել, որսալ ու բերել գյուղ, դեռ սառնարան է պետք դա պահելու համար, էլեկտրականություն՝ սառնարանը աշխատեցնելու համար, ու լիքը գազ՝ մամոնտի միսը եփելու համար։ Հիմա էլ ո՞վ է մամոնտի միսը հում-հում ուտում։ Անտեր կենդանու միսն էլ շատ դժվար եփվողներից է, հա գազ ես ծախսում։
Առաջ ոնց էր, քեզ համար հանգիստ մի ոտքը յուղի մեջ, մյուս ոտքը մեղրի մեջ, դու էլ հանգիստ ծալապատիկ նստած թուրքական գահավորակին, քեզ համար քիշմիշով փլավ էիր ուտում, իսկ հեզաճկուն օրիորդներն էլ պարելով ու նազանքով քեզ շարբաթ էին մատուցում, ու դու խմում զովանում էիր։ Նախ ասեմ, որ յուղն էլ, մեղրն էլ, բրինձն էլ, քիշմիշն էլ առողջության համար շատ վատ են, իսկ շարբաթը ուղղակի ահավոր է՝ շաքարախտի բուն է։ Այս բոլոր բաները նկատի ունենալով՝ մեր հարազատ իշխանությունները ամեն ինչ անում են ու, հազար միջոց գործադրելով, Լֆիկին ստիպում են, որ այս թվարկած մթերքների գները հանի երկինք, որ մեր ժողովրդի առողջությանը չվնասի։ Այ սենց են մտածում ժողովրդի մասին։ Թող գնան մամոնտ որսեն. համ ձրի է, համ առողջարար միս ունի, համ էլ զբաղմունք կունենան մարդիկ ու առավոտից երեկո իշխանության միսը չեն ուտի՝ մամոնտի համեղ ու ուշ մարսվող մսի փոխարեն։ Համ էլ օրիորդները կազատվեն շարբաթ պատրաստելուց ու մատուցելուց։ Իսկ եվրոպաներում էլ կարանք հանգիստ պարծենանք, որ մեր կանայք արդեն ազատագրվել են։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել