Միգրացիան և կանայք. Ինչպե՞ս է թուլացնում կնոջը միգրացիանPanorama.am-ը գրում է.

Աշխատանքային միգրացիան ոչ միայն անդրադառնում է կանանց դիրքին աշխատաշուկայում` մի կողմից ավելացնելով նրանց հնարավորությունները, մյուս կողմից ստիպում է կանանց նաև քիչ մասնակցություն ունենալ աշխատաշուկայում, քանի որ կանանց մոտ ավելի մեծ կախվածություն է առաջանում ընտանիքից: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց Ադելաիդայի համալսարանի հ.գ.թ. Արուսյակ Սևոյանը, ով վերջերս հանրությանը ներկայացրեց «Աշխատանքային միգրացիայի ազդեցությունը տնային տնտեսությունների վրա Հայաստանի գյուղական համայնքներում» զեկույցը: Ճիշտ է, զեկույցում տեղ են գտել 2005 և 2007թթ-ի տվյալներ, ինչի հետևանքով էլ դրա մանրամասները այժմ չենք ներկայացնի, բայց այն հնարավորություն է տվել Արուսյակ Սևոյանին որոշակիորեն հասկանալ միգրանտ ամուսին ունեցող ընտանիքների հոգեբանությունն ու այդ ընտանիքների հնարավոր զարգացումները:

«Հետազոտության արդյունքները ցույց էին տվել, որ միգրանտ ամուսին ունեցող կանայք շատ ավելի քիչ են մասնակցում աշխատաշուկայում, ինչին նպաստում է այն հանգամանքը, ընդ որում առաջնային, որ կանայք ավելի շատ գումար են ստանում իրենց ամուսիններից, քան ուղղակի աշխատելով: Մյուս կողմից հասկանում ենք, որ այդ կանայք ավելի մեծ կախվածություն են ձեռք բերում իրենց ամուսիններից»,- նշեց մեր զրուցակիցը: 

Ա.Սևոյանի խոսքով, միգրանտ ամուսին ունեցող կանանց մեծամասնությունը նաև քիչ է մասնակցում «օրվա հացի» հայթհայթման գործընթացին, այսինքն գյուղական համայնքներում դա, մասնավորապես, արտացոլվում է գյուղատնտեսական կամ անասնապահական գործունեություն չծավալելով: Ստացվում է, շարունակեց նա, որ այդ կանայք ոչ միայն գումարային ներդրում չեն ունենում ընտանեկան բյուջեում, այլև ոչ մի տեսակի ձեռքբերում էլ չունեն:

«Սա բավականին զգայուն հանգամանք է կանանց դիրքի համար և նպաստում է կանանց դիրքի նվազմանը նմանատիպ ընտանիքներում: Բոլորս էլ շատ լավ գիտենք և մեր գրականությունն էլ վառ օրինակ է այն բանի, որ որքան ցածր է կնոջ դիրքը ընտանիքում, այնքան ավելի շատ է դա ազդելու, նախևառաջ, կնոջ առողջության վրա, իսկ հետո նաև երեխաների: Որովհետև կանայք կորցնում են որոշում կայացնելու կարողությունը»,- ընդգծեց Ա.Սևոյանը:

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ միգրանտ ամուսին կամ ընտանիքի անդամ ունեցող ընտանիքները ավելի շատ ցանկություն ունեն արտագաղթելու, քան մյուս ընտանիքները: Սովորաբար արտագաղթելու վերաբերյալ վերջնական որոշումը, հասկանալի է, կայացնում է տան տղամարդը` անկախ նրանից, որ կինը պետք է գնա ամուսնու մոտ, միևնույն է դա տեղի է ունենում միմիայն տղամարդու որոշմամբ: Ա.Սևոյանը ժպտալով ավելացրեց` ինչպես և բոլոր այլ հարցերում, հայկական ընտանիքներում որոշում կայացնողը հիմնականում տղամարդն է. «Թեև, իհարկե, նման որոշում կայացնելիս մի շարք գործոններ են հաշվի առնվում` և՛ երեխաների տարիքը, և՛ ծնողների որոշումը և այլն»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել