Տարբեր ռադիոկայաններով պարբերաբար լսում եմ ազգի, ազգային մշակույթի և դրա պահպանման մասին հաղորդումներ, որոնց ընթացքում լավ ու բարի մարդիկ անընդհատ շեշտում են, որ հայ ազգի պահպանման գործում քրիստոնեությունը մեծ դեր ունի անելու, ինչպես իրենք են ասում՝ «մեր կրոնն ու մեր հավատքը մեզ կփրկեն»:
Կներեք, բայց չեն փրկի:
Նախ, եթե կրոնը ազգն ու ազգային մշակույթը փրկելու ունակություն ունի, ապա ինչու՞ 301 թվականին, երբ մի հսկայական մշակույթ էր վերանում (հայ ազգային դիցաբանությունը, որն էլի հավատալիքների համակարգ է, կրոնի պես), այդ հավատալիքների համակարգը հայ ազգային մշակույթը չկարողացավ փրկել, և ազգի պատմության մի կարևոր հատված հանձնվեց փողին: Եթե դիցաբանությունը չի փրկում մշակույթը, քրիստոնեությունն ինչու՞ պետք է փրկի. երկուսն էլ հավատալիքների համակարգեր են, գոյաբանական, ճանաչողական ու արժեքային առումներով էլ իրարից այնքան էլ հեռու չեն, որքան, օրինակ, կրոնն ու գիտությունը կամ փիլիսոփայությունը: Այնպես որ, դա մոլորություն է, թե մեր հավատքն ու մեր կրոնը պետք է մեզ փրկեն: Դրանց ապավինելը սխալ է: Այդ հաղորդումներն անփորձ ականջով լսելիս տպավորություն կստեղծվի, թե քրիստենությունը հայերի արյան մեջ է, թե հայերն ու քրիստենությունն իրար համար են ստեղծվել, ու թե մենք նախևառաջ պետք է քրիստոնյա լինենք, հետո՝ մարդ, հայ մարդ, տղամարդ, հայր, և այլն:
Կներեք, բայց դա էլ այդպես չէ:
Հայ մարդը 301 թվականին քրիստենության ընդունման կարիք չուներ: Այնպես չի, որ հայի հոգուն քրիստոնեությունն էր պակասում երջանկության համար: Քրիստոնեության կարիք ուներ պետությունը, այն էլ ընդամենը հարևաններից տարբերվելու, նրանցից ոչ մեկի հետ չնույնացվելու առումով: Հոգևոր սով, կարոտ ու կարիք առ քրիստենություն չի եղել: Այնպես չէ, որ հայերը դարեր ի վեր երազում էին 301 թվականի մասին, որ քրիստոնեություն ընդունեն: Այնպես չէ, որ հայ լինելու համար մեզ քրիստենություն էր պակասում:

Եվ ամենակարևորը. բոլոր նրանց, ովքեր ասում են, որ հայ ազգային ինքնության մեջ քրիստենությունը մեծ կամ առհասարակ որևէ դեր է խաղում, ես պետք է հարց տամ. իսկ մինչև քրիստոնեության ընդունումը հայը հայ չէ՞ր, հայ ազգը ազգ չէ՞ր, թե հայ ազգային մշակույթը մշակույթ չէր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել