Բրազիլիայում դեռ չավարտված ֆուտբոլի համաշխարհային կարնավալն արդեն արձանագրել է մի արդյունք, որի նշանակությունը շատերը դեռ չեն գիտակցել` Ամերիկայի Միացյալ Նահանգները վերջիվերջո սիրահարվել է եվրոպական ֆուտբոլին: ԱՄՆ-ի հավաքականի խիզախ ու խրոխտ խաղը կարծես թե հալեցրեց ու գրավեց բեյսբոլով, բասկետբոլով ու ամերիկյան ֆուտբոլով զբաղեցված Ամերիկայի սիրտը, իսկ դա նշանակում է, որ ֆուտբոլային աստվածները շուտով Եվրոպայից Ամերիկա են տեղափոխվելու: Եվրոպական (անգլիական) ֆուտբոլը վաղուց արդեն լատինամերիկյան առոգանություն է ստացել` Պելեն ու Մարադոնան, Ռոնալդինյոն ու Մեսսին անհասանելի չափանիշներ են սահմանել մարդկության այս գլխավոր խաղի համար: Եվրոպական ֆուտբոլը անհամ ու ալանի է դառնալու, ինչպես առանց համեմունքների ուտելիքը, եթե այն զրկվի մարդկային գլուխներով ֆուտբոլ խաղացող ացտեկների լատինամերիկյան ժառանգորդներից: Ու եթե Մեսսին ու դի Մարիան, Սուարեսն ու Ֆորլանը, Սանչեսն ու Գարսիան աստղային փայլ են հաղորդում այսօր եվրոպական գերակումբներին, ապա Թիմ Հովարդի, Դոնովանի ու Բրեդլիի սխրանքը այնքան գրավեց ու հիացրեց ամերիկացիներին, որ առաջիկա տարիներին մենք շնչակտուր դիտելու ենք ոչ թե Իսպանիայի եւ Իտալիայի, այլ Միացյալ Նահանգների առաջնությունը, իսկ Յուրան ու Հենոն կուզեն խաղալ ոչ թե Դորթմունդում կամ Լիվերպուլում, այլ Լոս-Անջելեսում, որի հայ համայնքը կստանա Երեւանի համեմատ իր համար վերջին պակասող մասունքը` «Հրազդան» մարզադաշտի արեւելյան տրիբունայի եզակի մթնոլորտը... 
Հավելեմ միայն, որ մինչ օրս ԱՄՆ-ի գրեթե բոլոր դպրոցներում եվրոպական ֆուտբոլ խաղում են հիմնականում աղջիկները, այդպես որ, ամերիկյան գրանցում ստանալուն պես, ֆուտբոլն այդ երկրում կունենա երկրպագուների կրկնակի հզոր բանակ` սա ի գիտություն «նեմեց» Ռուբոյին, որի բարձրաճաշակ կարծիքով «ֆուտբոլը հայ ախշկա բան չի...»: Ֆուտբոլն ձեր խելքի բան չէ, քաղքենիներ: Գնացեք Լոս ու հարցրեք:


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել