Օրերս սինգապուրցի գործարար Ուիլսոն Ռաջ Պերումալը, որը լուրջ դերակատարում ունի ֆուտբոլային ընդհատակյա գրավառու գրասենյակների (տոտալիզատոր) ոլորտում և հաճախակի հանդես է եկել որպես պայմանավորված ֆուտբոլային հանդիպումների կազմակերպիչ, հանդես եկավ սենսացիոն բացահայտումներով: Նա նշեց, որ ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Կամերունի հավաքականի անցկացրած խաղերից Կամերուն-Խորվաթիա խաղը կրել է պայմանավորված բնույթ: Մասնավորապես, նա պնդել է, որ կատարվել են մեծ գումարների հասնող բազմաթիվ խաղադրույքներ առ այն, որ Կամերունի հավաքականը կպարտվի 0:4 հաշվով և որ խաղի ընթացքում Կամերունի հավաքականի ֆուտբոլիստներից մեկը կհեռացվի խաղադաշտից: Եվ իրոք, խաղը հենց այդ հաշվով էլ ավարտվեց, իսկ կամերունցի կիսապաշտպան Ալեքսանդր Սոնգը հենց առաջին խաղակեսում հեռացվեց խաղադաշտից:
Պերումալն այդքանով չսահմանափակվեց՝ նա նշեց, որ Կամերունի հավաքականում կա հավաքականի բոլոր խաղերում տանուլ տալու վերաբերյալ փոխադարձ պայմանավորվածություն ձեռք բերած յոթ ֆուտբոլիստ:
Հարցի շուրջ բարձրացած աղմուկն աննախադեպ է: Բանը նույնիսկ հասել է նրան, որ Կամերունի Նախագահ Պոլ Բիյան հանձնարարել է անցկացնել Կամերունի հավաքականի անհաջող ելույթների պատճառների և հանգամանքների համակողմանի հետաքննություն:
Թե ինչ կկարողանա պարզել հետաքննությունը՝ ցույց կտա ժամանակը, սակայն որոշ երևույթներ պարզաբանման կարիք ամենևին էլ չեն զգում: Ներկայիս նյութապաշտական աշխարհում ու սպառողական հասարակությունում, ուր ամեն օր և ամենուր ոտնահարվում են հոգևոր և բարոյական արժեքները, իսկ դրամն ու նյութական բարիքները զբաղեցնում են արժեքային բուրգի գագաթը, հետին պլան են մղվել անգամ մարզական էթիկան և հայրենասիրությունը:
Իհարկե, եթե Ուիլսոնի բացահայտումներում նշված փաստերը համապատասխանում են իրականությանը, ապա այդ ֆուտբոլիստները ստացած կլինեն իրենց «երեսուն արծաթը»: Բայց, իհարկե, շատ ավելի մեծ գումարների տեր են դարձել հանցավոր ցանցերում ներգրավված և մեծ գումարների խաղադրույքներ կատարած մարդիկ, ինչպես նաև այդ ցանցերի կազմակերպիչները:
Հուդան հանուն իր երեսուն արծաթի «վաճառեց» իր Տիրոջն ու Փրկչին: Կամերունցի ֆուտբոլիստները՝ իրենց միլիոնավոր երկրպագուների սերն ու սատարումը:
Մի՞ թե 1981 տարվա ընթացքում ոչինչ չի փոխվել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vazgen.ghazaryan.58/posts/1437590466505943?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել