Իրավաբանական անձի պետական գրանցման համար դիմելու իրավունք ունեն իրավաբանական անձի հիմնադիր(ներ)ը, իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարը, նրանց կողմից լիազորված ցանկացած գործունակ անձ, օրենսդրությամբ ուղղակիորեն նախատեսված այլ անձ:

Դիմողն իրավաբանական անձի պետական գրանցման համար գործակալություն է ներկայացնում`

1) դիմում.

2) իրավաբանական անձ հիմնադրելու մասին հիմնադիրների որոշումը կամ հիմնադիր ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) արձանագրությունը` ստորագրված բոլոր հիմնադիրների կամ օրենքով նախատեսված դեպքերում՝ ժողովի նախագահի և քարտուղարի կողմից: Մեկ անձի կողմից իրավաբանական անձի հիմնադրման դեպքում ներկայացվում է հիմնադրի միանձնյա գրավոր որոշումը:

3) իրավաբանական անձի կանոնադրությունը` հաստատված հիմնադրի (հիմնադիրների) կամ հիմնադիր ժողովի (համագումարի կամ օրենքով սահմանված այլ մարմնի) կողմից.

4) պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ (բացառությամբ առևտրային կազմակերպությունների, քանի որ առևտրային կազմակերպությունների պետական գրանցման համար պետական տուրք նախատեսված չէ).

5) տեղեկություններ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի կամ նրա ժամանակավոր պաշտոնակատարի վերաբերյալ՝ անձնագրային տվյալները և սոցիալական քարտի համարը կամ նշում անձի՝ սոցիալական քարտից հրաժարվելու մասին և համապատասխան տեղեկանքի համարը, էլեկտրոնային փոստի հասցեն.

6) «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նպատակներից ելնելով՝ 20 միլիոն դրամը գերազանցելու դեպքում առևտրային կազմակերպությունների կանոնադրական կապիտալում (բաժնեհավաք կապիտալում և այլն) բաժնի (մասնակցության) օտարման (ձեռք բերելու) կամ կանոնադրական կապիտալի (բաժնեհավաք կապիտալի և այլն) ձևավորման կամ փոփոխության դեպքում առևտրային կազմակերպության` ներդրում կատարող կամ գործարքի կողմ համարվող մասնակցի հայտարարագիրը.

 Եթե հիմնադրման միջոցով ստեղծված իրավաբանական անձի հիմնադիրների կազմում առկա է ՀՀ իրավաբանական անձ, ապա, ի հավելումն վերոնշյալ փաստաթղթերի, անհրաժեշտ է ներկայացնել հիմնադիր իրավաբանական անձի կառավարման լիազորված մարմնի որոշումը և տեղեկատվություն հիմնադիր իրավաբանական անձի վերաբերյալ՝ իրավաբանական անձի անվանումը և պետական գրանցման համարը: Այս տեղեկությունը չի ներկայացվում, եթե հիմնադիրը պետություն կամ համայնք է: Եթե հիմնադրման միջոցով ստեղծված իրավաբանական անձի հիմնադիրը օտարերկրյա իրավաբանական անձ է, ապա պետական գրանցման համար, վերոնշյալ փաստաթղթերից բացի, ներկայացնում է նաև քաղվածք` տվյալ երկրի առևտրային գրանցամատյանից, կամ օտարերկրյա իրավաբանական անձի իրավական կարգավիճակը հաստատող այլ համազոր փաստաթուղթ և նրա հիմնադիր փաստաթղթերը (կամ համապատասխան քաղվածքները)` վավերացված և հայերեն թարգմանված:

Եթե հիմնադրման միջոցով ստեղծված իրավաբանական անձի հիմնադիրը օտարերկրյա ֆիզիկական անձ է, ապա պետական գրանցման համար, վերոնշյալ փաստաթղթերից բացի, ներկայացնում է տվյալ անձի անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթի պատճենը՝ վավերացված և հայերեն թարգմանված:

Նելլի Հարությունյան

ՀՀ փաստաբանների պալատի

երիտասարդական խորհրդի նախագահ

  Ձեր հարցերը իրավաբաններին կարող եք ուղարկել  [email protected] հասցեին կամ BlogNews-ի  ֆեյսբուքյան էջին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել