Aysor.am-ը գրում է.
«Հայաստանում ձուն այժմ բաց է թողնվում ինքնարժեքից ցածր գնով, ունենք ձվի գերարտադրություն»,- Aysor.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը:
Թեև ձվի ներկրումներ չկան այլևս, սակայն ձու արտադրողների խնդիրը չի կարգավորվում. Վերջին ներկրումը արտերկրից Հայաստան գրանցվել է մարտի 19-ին: «Տեսան՝ մնում-հնանում է, չեն կարողանում իրացնել, ձու էլ չեն ներկրում»,- ասաց Ս. Ստեփանյանը:
Ներկայումս արտադրվում է օրական 2150-2180 արկղ ձու, իրացվում՝ 1800-1850 արկղ. 250-300 արկղ ուղղվում է արտադրության ոլորտ. Մնացածը պահեստավորվում է սառնարաններում:
Ձու արտադրողները չեն կարողանում անգամ սառնարաններում պահեստավորված ձուն արտահանել Վրաստան, քանի որ Վրաստանը, ըստ Սերգեյ Ստեփանյանի, արդեն ինքնաբավ է և հայկական ձվի կարիքը չունի:
Հուլիսին, ըստ նրա, սպասվում է ձվի արտադրության նվազում, քանի որ տարին երկու անգամ կատարվում է թռչանգլխի թարմացում, իսկ հաջորդ թարմացումն արդեն նախատեսվում է հոկտեմբեր-նոյեմբեր ամսիներին:



