Առասպել է, անիրական առասպել, թե Երեւանը ավելի անվտանգ է, քան Մովսեսը: Այն բանից հետո, երբ Ռուսաստանը Ադրբեջանին վաճառեց «Սմերչ» համակարգեր, Երեւանի Շենգավիթ համայնքում գտնվող մեր տունը ադրբեջանական ուղիղ նշանառության տակ է՝ Նախիջեւանից: Էլ չեմ ասում, որ Մովսեսից Երեւան երեք ժամվա ճանապարհ է, Երասխավանից՝ մեկ ժամվա: Եւ ուրեմն՝ Մովսեսի, Այգեպարի, Կիրանցի, Ոսկեպարի, Ասկերանի, Մարտակերտի, Երասխավանի ուղղությամբ հնչած ամեն կրակոց մեզնից յուրաքանչյուրին ուղղված մարտահրավեր է: Այդ մարտահրավերը ուղղված է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու, անկախ նրանից՝ Հայաստանո՞ւմ է գտնվում նա, թե արտերկրում: Այդ մարտահրավերը ուղղված է յուրաքանչյուր սփյուռքահայի, անկախ նրանից՝ նա երբեւէ Հայաստանում եղե՞լ է, թե ոչ: Ու մենք պետք է ընդունենք այդ մարտահրավերը: Մենք շատ սխալներ ենք գործել վերջին 23 տարում, վերջին 230 տարում, վերջին 2300 տարում: Շատ ենք ձախողվել, բայց դա չի նշանակում, թե մարտահրավերը մերը չէ: Մեզ թալանել են մեր սեփական երկրում, սպանել ու նվաստացրել, բայց դա չի նշանակում, թե հայրենիքը մերը չէ: Մենք պիտի ընդունենք այդ մարտահրավերը, որովհետեւ չգիտեմ, թե մենք էս ի՞նչ Հայաստանում ենք ապրում, կամ որտեղ ենք ապրում, բայց մեր երեխեքը պետք է ապրեն Ազատ, Հպարտ եւ Երջանիկ Հայաստանում: Սա է մեզնից յուրաքանչյուրին ուղղված ամենամեծ մարտահրավերը:

Կից նյութը կարդացեք այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել