Ընկերներիցս մեկն արդեն 1 տարի է խանութ է բացել: Երեկ պատահաբար հանդիպեցի, և զրույցի ընթացքում, հետաքրքրությունից ելնելով, հարցրեցի, թե մոտավորապես տարին քանի անգամ է ենթարկվում ստուգման և որ կառույցների կողմից: Ընկերս էլ անկեղծորեն պատասխանեց. «Այ ցավդ տանեմ, հա էլ գալիս են, բայց պրոբլեմը մենակ հարկայինն է, մյուսները նորմալ հասկանում են, բացատրում ենք, որ աշխատում ենք, մենք էլ ենք մարդ... մենակ հարկայինն է, որ իրեն ոչ մի բան հետաքրքիր չէ, գալիս գրում, գնում է»: 
Անկեղծ ասած՝ չգիտեմ. պետությունը միայն հարկայինին է տվե՞լ լծակ ազդելու տնտեսվարողի վրա, թե մյուսները, տնտեսության մասին «մտածելով», կարողանում են նաև իրենց մասին մտածել: Բայց եթե այդպես է, ստացվում է, որ մեր երկրում պետական բյուջե մուտքերի շահն ավելի բարձր է դասվում սպառողական շահից:
Երբ պետական վերահսկողությունը պետք է խստագույն պատիժ կիրառի՝ ելնելով սպառողական շահից, ի հայտ են գալիս տեղական արտադրողին սատար կանգնելու և տնտեսության զարգացման հարցերը, իսկ երբ վերահսկողություն է իրականացվում պետական բյուջե մուտք ապահովելու համար, օրենքի առջև բոլորը դառնում են հավասար:
Մինչդեռ ամբողջ աշխարհում գործում է հակառակ մոդելը. սպառողական շահը վեր է ամեն ինչից, և վերահսկողություն իրականացնող մարմինները չունեն «առաքելություն» մտածելու տնտեսության զարգացման մասին, իսկ վերջինս հանդիսանում է այլ կառույցների գործ: Տնտեսությունը զարգացնում են պետական աջակցությամբ, իսկ մեր պարագայում ստացվում է, որ պետական աջակցությունը պետական վերահսկողության բացակայությունն է: Այսինքն՝ բացակայում են սպառողի պաշտպանության համար անհրաժեշտ 2 հիմնական կոմպոնենտները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել