ArmnewsTV.am-ը գրում է.
Կոտրված ծառեր, շրջված սյուներ ու գովազդային վահանակներ, պոկված հոսանքալարեր: Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնը հունիսի 30-ի երեկոյան նման ահազանգերով բազմաթիվ զանգեր է ստացել: Կիեւյան փողոցում քամին տապալել է 5 ծառ, որոնք ընկել են հոսանքալարերի վրա եւ փակել երթեւեկությունը, Աթենքի փողոցում շրջվել է արտաքին լուսավորության 4 սյուն: 23 զանգից 21-ը` մայրաքաղաքից է ստացվել: Ուժեղ քամին ավերածություններ է գործել հատկապես Երեւանի Կենտրոն, Արաբկիր ու Շենգավիթ համայնքներում:
Հովհաննես Խանգալդյանի խոսքով, նախորդ տարիների համեմատ այս տարին աչքի է ընկնում ուժեղ քամիների առատությամբ: Տարեսկզբից արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնն ստացել է 96 ահազանգ, քամու հետեւանքով տուժել է 4 մարդ:
Օդերեւութաբաններն ուժգին քամին բացատրում են համեմատաբար փոքր տարածության վրա տաք եւ սառը հոսանքների տեղաշարժով: Քամոտ եղանակ դիտվել է նաեւ 2009 թվականին: Այս տարվա առանձնահատկությունն այն է, որ քամոտ եղանակը մի փոքր ավելի երկար է ձգվում: Ուժգին քամիները կշարունակվեն մինչև հուլիսի առաջին կեսը, մինչդեռ սովորաբար քամոտ եղանակը դադարում էր արդեն հունիսի երկրորդ տասնօրյակում:
Տեսանյութը կարող եք դիտել այստեղ



