Առաջին մասը կարող եք կարդալ այստեղ:

5. Ռեակտիվ պայուսակներ

Ռեակտիվ պայուսակների մասին գրվել է 1960 և 1970-ականների գիտաֆանտաստիկ բազմաթիվ ստեղծագործություններում, սակայն դրա մասին առաջին անգամ հիշատակվել է 1928 թ.-ին՝ «Amazing Stories» ամսագրում: Ամսագրի շապիկի վրա տպագրված էր կապիտան Էնթոնի Ռոջերսի մասին մի պատմություն: Էնթոնի Ռոջերսը Առաջին համաշխարհային պատերազմի օդաչու էր, ով պայքարում էր հանցավորության դեմ՝ իր թիկունքին ամրացված ռեակտիվ պայուսակի օգնությամբ: Հետագայում նա հայտնի դարձավ Բաք Ռոջերս անունով, և լույս ընծայեց իր կողմից գրված կատակերգական ստեղծագործությունների ժողովածուն ու կինոնկարները:

Այդ պատմվածքներով ոգեշնչված մարդիկ կարճ ժամանակ անց փորձեցին կյանքի կոչել ռեակտիվ պայուսակ ստեղծելու գաղափարը: Ռեակտիվ պայուսակի արտոնագիրն առաջին անգամ տրամադրվել է 1930 թվականին:

Թեպետ բոլորի ավտոտնակներում չէ, որ կարելի է ռեակտիվ պայուսակ տեսնել, դրանք, այնուամենայնիվ, գոյություն ունեն: Ռեակտիվ պայուսակները ավելի ու ավելի հայտնի ու տարածված են դառնում: Նոր Զելանդիայի գիտնականները ստեղծել են այնպիսի ռեակտիվ պայուսակներ, որոնց կառավարումը շատ ավելի դյուրին է, քան նախկինում տարածված ռեակտիվ պայուսակների կառավարումը: Դրանք նաև ավելի թեթև են ու վառելիք խնայող:

 4. Տազեր (էլեկտրաշոկային զենք)

05
Որքան էլ որ անհավանական թվա, տազերի մասին առաջին անգամ խոսվել է 20-րդ դարի մանկական գրքերից մեկում: «Թոմ Սվիֆթ» գրքի առաջին հատորը հրատարակվել է 1910 թ.-ին: Այդ ժամանակից ի վեր ավելի քան 100 գրքերում պատմվել է դեռահաս գյուտարարի կյանքը: «Թոմ Սվիֆթ» բազմահատորանոց գիրքը միայն մի հեղինակի գրչի չի պատկանում: Գրքի տարբեր հատորները հրատարակվել են տարբեր կեղծանունների տակ: 

Մի շարք գյուտարարներ նշում են, որ գրքի հերոս Թոմն իրենց ներշնչանքի աղբյուրն է հանդիսացել: Այդ թվում է Ջեք Քավերը՝ տազերի հայտնագործողը: Քավերի մոտ այս զենքը ստեղծելու գաղափարը ծնվեց այն ժամանակ, երբ նա տեսավ, թե ինչպես է մի մարդ բախվում էլեկտրական ցանկապատին ու կաթվածահար լինում, սակայն գրեթե ոչ մի լուրջ վնասվածք չի ստանում: Այս տեսարանը տեսնելուց հհետո նա հիշեց այն էլեկտրական հրացանը, որի մասին կարդացել էր «Թոմ Սվիֆթի» մեջ: 

3. Skype

07

Հյուգո Գերնսբեքը հիմնադրել է «Amazing Stories»-ը՝ առաջին ամսագիրը, որը նվիրված էր բացառապես գիտաֆանտաստիկային: 20-րդ դարի սկզբին նա գրեց «Ralph 124C 41+. 2660 թվականի սիրավեպը» ստեղծագործությունը: Գրականագետներն ասում են, որ այս ստեղծագործությունն այնքան էլ լավ չէր գրված, սակայն դա առաջին ժամանակակից գիտաֆանտաստիկ գրքերից էր, որը մեծ ազդեցություն ունեցավ գրողների նոր սերնդի վրա:

Վեպի հերոսն օգտագործում էր «Telephot» կոչվող մի սարք: Այս սարքի միջոցով մարդ կարող էր զանգահարել այլ մարդու և զրուցել նրա հետ, իսկ սարքի էկրանին տեսնել իր զրուցակցին: Փաստորեն, տեսազանգի մասին առաջին անգամ հիշատակվել է գիտաֆանտաստիկ գրականության մեջ: «Telephot»-ին կից կար նաև թարգմանող սարք, որն ավտոմատ կերպով թարգմանում էր կողմերից յուրաքանչյուրի խոսքը: Ներկայումս Skype-ի և Microsoft-ի համագործակցությամբ մշակվում է մի ծրագիր, որի իրագործման դեպքում կստեղծվի այս «կախարդական թարգմանիչը»:

2. Անդրոիդներ

Ինչպես արդեն համոզվեցիք, գիտաֆանտաստիկ գրականության մեջ կանխատեսվել են ներկայումս կանոնավորապես օգտագործվող տեխնոլոգիական սարքավորումներից շատերը: Շատ գաղափարներ, որոնք դեռևս իրագործման փուլում են, մինչ այժմ էլ գիտաֆանտաստիկ ժանրից են թվում:

1868 թ.-ին Էդվարդ Էլիսի «Վիթխարի որսորդը» պատմվածքում նշվում էր շոգեքարշի մի նոր կիրառման մասին: Այնտեղ հիշատակվում էր մի հսկայական մեխանիկական մարդու մասին: Էլիսի գրքում հիշատակվող հերոսի՝ փայլուն, սակայն այլանդակ գյուտարար Ջոնի Բրեյներդի ստեղծագործությունը՝ վիթխարի մարդանման արարածը, ստեղծվել էր փայլուն սև պողպատից: Նրա կրծքավանդակում շոգեկաթսա էր տեղադրված: Նա զարհուրելի տեսք ուներ: Նրա քթի փոխարեն սուլիչ էր: Ասում էին, որ նա տեղաշարժվում էր սովորական մարդու պես և վերահսկվում էր վարորդի կողմից:

Երբ Ջոնի Բրեյներդի մասին պատմությունները հրատարակվեցին, դրանք լուրջ չէին ընդունվում: Մինչդեռ ներկայումս չափազանց շատ են ռոբոտները, որոնք շատ առումներով նման են մարդկանց:  

1. Ինքնագիտակցությամբ օժտված ռոբոտներ

Ռոբոտներն արդեն վաղուց լայն տարածում են ստացել կյանքի տարբեր բնագավառներում, սակայն գիտնականները միայն վերջերս են ինքնագիտակից ռոբոտներ ստեղծելու փորձերը հաջողությամբ ավարտում:

Յեյլի համալսարանի գիտնականները ստեղծել են այնպիսի ռոբոտներ, որոնք անկախ մտածողություն ունեն: Այս ռոբոտները այնպիսի հատուկ մեթոդներով են ստեղծվել, որ դրանք կարողանան ինքնուրույն սովորել: Նախատեսված է, որ դրանք պետք է օգնություն ցուցաբերեն հատուկ կարիքներ ունեցող երեխաներին: Կորնելի համալսարանի աշխատակիցները ստեղծել են բազմաթիվ վերջույթներ ունեցող ռոբոտ, որն ինքուրույն սովորել է տեղաշարժվել: Այն կարող է նաև սովորել ադապտացվել այս կամ այն վերջույթի կորստին և այլ մարմնական փոփոխություններին:

Ինքնագիտակցությամբ օժտված ռոբոտի գաղափարն առաջին անգամ շոշափվել է «R.U.R.» կոչվող պիեսում: Այդ պիեսի հեղինակը չեխ գրող Կարել Կապեկն է: Որոշ աղբյուրներում նշվում է, որ «ռոբոտ» բառն առաջին անգամ կիրառվել է հենց այս ստեղծագործության մեջ: Պիեսի հերոսներից մեկը երիտասարդ ռոբոտ-տեխնիկ է, ով տեսնում է ռոբոտների թերությունը, նրա ինքնագիտակցությունը զարգանում է, և նա սկսում է բողոքել առանց խելքի կիրառման կատարվող աշխատանքի դեմ: Նա սկսում է ստեղծել ռոբոտներ՝ նպատակ ունենալով օգնել նրանց զարգացնել իրենց գիտակցությունը: Գիտակցությամբ օժտված այս ռոբոտները հետագայում որոշում են վերացնել մարդկային ցեղի բոլոր ներկայացուցիչներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել