Aravot.am-ը գրում է.
Մոտ 8 ամիս է Կապան քաղաքից դեպի Ծավ գյուղ հասարակական տրանսպորտ չի աշխատում: 2013թ-ի նոյեմբերից «ՎԻԱՆԻՄԱՐԻ» ՍՊԸ -ն հրաժարվել է սպասարկել Կապան-Ծավ երթուղու գիծը, որից օգտվում էին այդ ճանապարհի ուղղությամբ գտնվող 6 գյուղերի` Ճակատենի, Սրաշենի, Շիկահողի, Ներքին Հանդի, Ծավի եւ Շիշկերտի բնակիչները: Գյուղացիների խոսքով` նոյեմբերից մինչեւ օրս պատահական մեքենաներով են քաղաք գնում, խնդրի մասին էլ տեղյակ են պահել պատասխանատուներին, բայց նոյեմբերից առայսօր հասարակական տրանսպորտի խնդիրը մնում է չլուծված: «Կապան-Ծավ երթուղային տաքսին հանել են, ասում են` վնասով էր աշխատում: Սկզբից ամեն օր էր աշխատում տրանսպորտը, ուղեվարձն էլ 800 դրամ էր, հետո շաբաթական 5 օր աշխատեց` առանց շաբաթ եւ կիրակի օրերի: 5-6 գյուղ օգտվում էր տրանսպորտից, կապը կար քաղաքի հետ, հիմա կարելի է ասել, անտերության են մատնված էս գյուղերը, մարդիկ ծանոթ-բարեկամի են դիմում, խնդրում իրենց մեքենաներով քաղաք հասցնեն, ով ինչով կարողանում է գնում է: Ձմեռն էլ ավելի վատ է լինում վիճակը, գյուղի դպրոցներում աշխատող մանկավարժներ կան, որ չեն կարողանում քաղաք գնան ու վերադառնան` մնում են գյուղերում», – ասաց սահմանամերձ Ծավ գյուղական համայնքի ղեկավար Սեյրան Զաքարյանը: Սրաշենի գյուղապետ Հենզել Աբրահամյանի խոսքով` իրենց գյուղի բնակիչները նույնպես տրանսպորտի բացակայության պայմաններում ստիպված են լինում Կապան գնացող պատահական մեքենաների օգնությանը դիմել: Մի քանի գյուղապետերով հարցը բարձրացրել են, պատասխանատու մարմիններին խնդրել են լուծում տալ խնդրին, բայց պատկերը մինչ օրս նույնն է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



