Սաղարթների ու մետաղաջարդոնի մեջ թաքնված՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի լքված կործանիչները ժանգոտվում են Օհայոյի անտառներում: Այս ինքնաթիռների արտաքին շերտն ամբողջովին ժանգոտվել ու մամռապատվել է: Երկրորդ համաշխարհային պատերազմի կործանիչ ինքնաթիռներից միայն այս մետաղաջարդոններն են մնացել: Ինքնաթիռները բարձիթողի վիճակում ընկած են Ամերիկայի Օհայո նահանգում: Այս վայրը «ինքնաթիռների գերեզմանոց» են անվանում:
Ավտոպահեստամասերի վերանորոգմամբ ու վաճառքով զբաղվող Վոլտեր Սոպլատան 1940 թ.-ին ստանձնեց այս ինքնաթիռները փրկելու առաքելությունը: Նա մեծ սիրով հավաքեց այս բոլոր կործանիչները Օհայոյի Նյուբերի քաղաքում գտնվող իր հետնաբակում, որպեսզի դրանք անպետք իրի պես դեն չնետվեին և չքանդվեին:
Այս լուսանկարներում պատկերված է այն ամենը, ինչ մնացել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ամերիկյան օդուժի կործանիչներից: Ժամանակի ընթացքում դրանք պատվել են ժանգի ու մամուռի հաստ շերտով: Այս երբեմնի հզոր ինքնաթիռները ներկայումս անճանաչելի են դարձել: Այս լուսանկարում պատկերված է B-25 Mitchell-ը:
Սրանք կսկիծ առաջացնող լուսանկարներ են: 24-ամյա լուսանկարիչ Ջոնի Ջուն այս բոլոր լուսանկարների, այդ թվում՝ Սառը պատերազմից մնացած այս ռեակտիվ ինքնաթիռի լուսանկարի հեղինակն է: Ջուն հռչակ է ձեռք բերել լքյալ վայրերում ֆոտոնախագծեր իրականացնելով:
Նա սկսեց հին պատերազմական ինքնաթիռներ գնել՝ ցանկանալով, որ դրանց, այսպես ասած, վերջին հանգրվանը ավելի պատշաճ վայր լինի:
Պրն. Սոպլատայի մահից հետո՝ 2010 թ.-ին, նրա հարազատները գաղտնի էին պահում ինքնաթիռներով լի հետնաբակը՝ վախենալով, որ մետաղաջարդոնի վաճառքով զբաղվող գողերը կարող էին ներխուժել այնտեղ և գողանալ ինքնաթիռները, ավելի ճիշտ՝ այն ամենը, ինչ մնացել էր երբեմնի հզոր ինքնաթիռներից:
Պրն. Ջուն հարցազրույցի ընթացքում ասել է. «Ես ավտոմեքենայով անցնում էի այդ կողմերով՝ որոնելով լքյալ շենքեր, որոնք կարելի էր լուսանկարել: Հանկարծ ես քարտեզի վրա նշմարեցի բացօթյա լայնարձակ տարածք և որոշեցի ստուգել, թե ինչ կար այնտեղ: Այդ տարածքում ինչ-որ մարդ էր կանգնած: Նա ինձ պատմեց այդ տարածքի պատմությունը և թույլ տվեց լուսանկարներ անել այնտեղ»:
Պրն. Ջուն ասել է, որ բարձիթողի վիճակում գտնվող ինքնաթիռներն ասես թանգարան լինեն բաց երկնքի տակ:
Ձախ կողմում ընկած է Boeing 707 ինքնաթիռը, իսկ աջ կողմում՝ Beech 18-ը:
Հավաքածուն ամբողջական դարձավ 1980 թ.-ին: Հավաքածուի մեջ ընդգրկված են B-25, a Vultee BT-15 Trainer և Goodyear FG-1D Corsair:

Պրն. Սոպլատայի հավաքածուն հայտնի էր Օհայոյի որոշ մասերում, և նրա ընտանիքը սիրով ընդունում էր այցելուներին, մինչև նրա առողջությունը վատացավ:



