Emedia.am-ը գրում է.
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի համոզմամբ, հայկական կողմը ՀՀ և ԼՂՀ տարածքում ՀՀ ԶՈՒ և ԼՂՀ ՊԲ ուժերով, առանց երրորդ ուժի հավասարակշռության, պահպանում է իրադրությունը: «Չեմ կարծում, որ իրավիճակն այնպիսին է , որ դիմենք ՀԱՊԿ-ին: Եթե նման հրաձգությունների, մանր խախտումների դեպքում հայկական բանակը չկարողանա արձագանքել, ապա հայկական բանակն ինչի՞ է հարկավոր»,-լրագրողների հարցին պատասխանելով` հայտարարել է նա:
Սեյրան Օհանյանի գնահատմամբ` Հայաստանի սահմաններում եւ ԼՂՀ շփման գոտում իրավիճակը միշտ լարված է, պարզապես կրակոցների թիվն է երբեմն ավելանում կամ պակասում: Նախարարի խոսքերով, վերջին օրերին որոշակի լարվածություն նկատվում է հատկապես երկրի հյուսիս-արեւելյան սահմանին: Տավուշի մարզում գնդակոծվել են սահմանային գյուղեր եւ թեպետ հայկական կողմը մեծ առումով տուժածներ չի ունեցել, սակայն հայկական զինված ուժերը արժանի պատասխան են տվել: «Վերջին շրջանում կրակոցներն ու սահմանային խախտումներն Ադրբեջանի կողմից ավելացել են: Այդ ավելացումները քաղաքական կամ տարբեր իրադարձությունների շրջանակներում ենք դիտարկում: Վերջերս նրանք նշում էին բանակի տոնը եւ դրա շրջանակում սահմանին կրակոցներն ու լարվածությունն ավելացել է»,-լրագրողների հետ զրույցում ասաց Սեյրան Օհանյանը` հավելելով, որ դիվերսիոն գործողություններ չեն եղել, սակայն կրակել են տարբեր տիպ ի եւ տրամաչափի զենքերից: Հակառակորդը գործի է դրել դիպուկահարների, հրաձիգերի եւ նռնակաձիգերի:
«Սակայն մեր դիրքապահների` տեղում իրադրության գնահատման արդյունքում համարժեք պատասխանն է եղել: Շատ դեպքերում մենք կանխարգելիչ միջոցառումներ ենք իրականացնում` կանխատեսելով այս կամ այն հատվածում կրակոցների հնարավորությունը եւ լարվածությունը»,-ասաց Օհանյանը` հավելելով, որ հայ-ադրբեջանական սահմանին լարվածության ավելացման արդյունքում հայկական կողմը երբեւէ չի դիմել ՀԱՊԿ-ին:
«ՀԱՊԿ-ին դիմելու եւ աջակցություն ստանալու համար կա ընթացակարգ, երբ երկրի ներսում գնահատվում է իրադրությունը եւ երբ պատերազմական մարտական գործողությունն անխուսափելի է, գերատեսչությունների կողմից` աշխատանքային ալգորիթմի շրջանակներում, համապատասխան առաջարկություն է արվում երկրի նախագահին, որն էլ դիմում է ՀԱՊԿ ղեկավարությանը: Չեմ կարծում, որ իրավիճակն այնպիսին է , որ դիմենք ՀԱՊԿ-ին: Եթե նման հրաձգությունների, մանր խախտումների դեպքում հայկական բանակը չկարողանա արձագանքել, ապա հայկական բանակն ինչի՞ է հարկավոր: Այսօր հայկական բան ակը ամրանում, կատարելագործվում եւ ավելի մարտունակ է դառնում եւ ի վիճակի է ինքնուրույն լուծել իր առջեւ դրված խնդիրները: Դա նորություն չէ»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



