Հարվարդի համալսարանի զեկույցում նշվում է, որ 2012 թ.-ին 40.9 մլն. ընտանիք ու անհատ իրենց եկամտի 30%-ից ավելին տան վարձ են վճարել: Այս թիվն էլ ավելի մեծ էր 2011 թ.-ին, սակայն 2002 թ.-ից ի վեր տան վարձ վճարողների թիվն աճել է 9 մլն. ընտանիքով: Ըստ զեկույցի՝ փոքրամասնություններին պատկանող և ցածր եկամուտ ունեցող ընտանիքներն ամենից ավելի շատ են տուժում վարձավճարների պատճառով:

Զեկույցում անդրադարձ է կատարվել նաև այն ընտանիքներին, որոնք իրենց եկամտի 50%-ից ավելին են տրամադրում տան վարձին: Մարդկանց այս կատեգորիան պայմանականորեն անվանվել է «խիստ ծանրաբեռնված»: Սևամորթների շրջանում խիստ ծանրաբեռնված ընտանիքները կազմում են 27%, լատինական ընտանիքները՝ 24%, իսկ ասիացիների ընտանիքները՝ 21%: Սպիտակամորթների ընտանիքների միայն 14%-ն է խիստ ծանրաբեռնված:
Տարբեր քաղաքներում խիստ ծանրաբեռնված ընտանիքների թիվը տարբերվում է:
Զեկույցը ներառում է ինտերակտիվ քարտեզ, որում ցույց է տրված, թե տվյալ մետրոպոլիսի ընտանիքների որ տոկոսն է մեծ դժվարությունների բախվում չափազանց բարձր տան վարձի պատճառով: Լոս Անջելեսը զբաղեցնում է առաջին հորիզոնականը: Այստեղ 2.1 մլն. ընտանիք, այսինքն՝ Լոս Անջելեսում բնակվող բոլոր ընտանիքների մոտ 50%-ը տան վարձի բեռ է կրում: Ստորև ներկայացված գծապատկերին նայելով՝ կարելի է համեմատական անցկացնել Լոս Անջելեսի և ԱՄՆ-ի մյուս մետրոպոլիսների միջև:
Խնդիրն առկա է նաև մյուս քաղաքներում:
Ակնհայտ է, որ Լոս Անջելեսում տան վարձը չափազանց բարձր է մարդկանց մեծամասնության համար:

Հաջորդ գծապատկերում ցուցադրված է տան վարձի բեռով ծանրաբեռնված ընտանիքների տոկոսը, որը որոշվել Հարվարդի հետազոտության արդյունքում: Գծապատկերը կարող է օգնել պատկերացում կազմել այն մասին, թե մնացած որ քաղաքների բնակիչներն են բախվում տան վարձի խնդրին:
Գծապատկերից երևում է, որ Լոս Անջելեսի, Նյու Յորքի, Ռիվերսայդի, Սան Ֆրանցիսկոյի և Մայամիի բնակչության զգալի մասը իրենց եկամտի չափազանց բարձր տոկոսը տան վարձ են վճարում, սակայն այս քաղաքներում տարբեր մարդկանց եկամտի չափը զգալիորեն տարբերվում է: Ռիվերսայդի և Մայամիի բնակիչների միջին աշխատավարձը ամենացածրն է, իսկ Սան Ֆրանցիսկոյի բնակիչները բավականին բարձր աշխատավարձ են ստանում:
Մյուս կողմից, Դետրոյտում, Ֆենիքսում, Ատլանտայում, Դալասում և Հյուստոնում մարդկանց աշխատավարձը ևս համեմատաբար ցածր է, սակայն այստեղ ավելի քիչ մարդիկ են տառապում տան վարձերի պատճառով: Սա նշանակում է, որ աշխատավարձը միայն մեկն է այն գործոններից, որի պատճառով տան վարձը չափից ավելի բարձր է մի քաղաքում ու համեմատաբար ավելի տանել մեկ այլ քաղաքում:
Զեկույցում նշվում է, որ վարձավճարներով ծանրաբեռնված ընտանիքում ապրելու հետևանքները կարող են չափազանց լուրջ լինել: Եթե ընտանիքներն իրենց եկամտից չափազանց մեծ գումար են տրամադրում տան վարձին, նրանք ավելի քիչ գումար են ունենում սննդի և առողջապահական ծախսերը հոգալու համար: Հնարավոր է, որ նրանց այլ ելք չմնա, քան ապրել աղքատ ու վտանգավոր թաղամասերում:



