Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է հրադադարի ռեժիմը չերկարաձգելու իր որոշման մասին և իր ուղերձում նշել է, որ համապատասխան ուժային կառույցներին արդեն տրված են կոնկրետ հրամաններ, ու Կիևին հավատարին զինված ուժերը այսօրվանից կրկին կանցնեն հարձակման, որպեսզի «ազատագրեն» իրենց հողերը:
Կոնֆլիկտի ռեէսկալացիայի համար Պորոշենկոն, բնականաբար, պատասխանատվությունը դնում է ապստամբների վրա, ովքեր այս ընթացքում 100-ից ավել անգամ խախտել են հրադադարի ռեժիմը: Համենայն դեպս, այդպես է պնդում շոկոլադե նախագահը:
Միևնույն ժամանակ, երեկ Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Պուտինի հայտնել է իր պատրաստակամության մասին՝ թույլ տալու ռուս-ուկրաինական սահմանին գտնվող ռուսական անցակետերում ուկրաինական դիտորդներ տեղակայել, որպեսզի Կիևը համոզվի, որ ռուսական կողմից զինված մարդիկ ու տեխնիկա չի անցնում սահմանը:
Ի՞նչ խոսք, սա խորամանկ քայլ է Պուտինի կողմից, որովհետև, ըստ էության, էլ կարիք էլ չկա ինչ-որ զինված մարդկանց անցկացնել սահմանից այն կողմ, ոչ էլ առավել ևս տեխնիկա: Համապատասխան մարդիկ կարող են թափանցել անզեն էլ, իսկ հարկ եղած դեպքում՝ զինված, միայն թե ոչ անցակետերով, այլ հարյուրավոր կիլոմետրեր ձգվող ռուս-ուկրաինական սահմանի չվերահսկվող հատվածներով:
Բացի դրանից, դիմակայության այս ամիսների ընթացքում ապստամբները արդեն այնքան զենք, զինամթերք ու ռազմական տեխնիկա են խլել ուկրաինական զինուժից, որ հիմա իրենք ավելի շատ կվալիֆիկացված ռազմական մասնագետների կարիք ունեն, քան հավելյալ տեխնիկայի: Օրինակ՝ արդեն բավականին երկար ժամանակ տարածվում է հայտարարություն, որով ապստամբների շտաբները հավաքագրում են ռազմական մասնագետների՝ տանկիստների, հրետանավորների, մեխանիկ-վարորդների և այլն:
Բացի դրանից, Պուտինը պահպանում է սառը հանգստությունը, քանի որ պարզ է, որ Ուկրաինան ի զորու չէ առկա ուժերով ճնշել ընդվզումը, դրա համար չկան ոչ բավարար ֆինանսական ու ռազմական միջոցներ, ոչ էլ անգամ ադեկվատ թվակազմով զինված ուժեր: Այս ամենը ուղղակի բերելու է նրան, որ մսաղացը շարունակվելու է ու այն կրելու է անվերջ քաղաքացիական պատերազմի բնույթ, որտեղ կողմերից և ոչ մեկը ի զորու չէ հասնել վճռական հաղթանակի:
Պուտինին հենց դա էլ պետք է ու պետք է ժամանակ մինչև ձմեռը, երբ կաթվածահար ուկրաինական տնտեսությունը վերջնականապես կտապալվի ու մարդկանց համբերության բաժակը կլցվի: Մեծ հաշվով, Ուկրաինան ու Արևմուտքը այս ողջ ընթացքում սադրում էին Ռուսաստանին, որպեսզի Պուտինը ռազմական ինտերվենցիա սկսի, որպեսզի հետո բոլոր այդ տնտեսական ու սոցիալական խնդիրները բարդեն ռուսական ռազմական ներխուժման վրա, իսկ այսպես ուղղակի մի քանի ամիս սպասելով, Ուկրաինան իր ձեռքով կգա ու կհպատակվի Ռուսաստանին: Համենայն դեպս, այդպիսին է Պուտինի հաշվարկը, որը կարծես թե իրատեսական է:
Ամեն դեպքում, այն շատ ավելի իրատեսական է, քան ցանկացած այլ հաշվարկ, որովհետև Ուկրաինայի տնտեսության հենքը հարավ-արևելքն է, որը խրվել է անվերջանալի քաղաքացիական պատերազմի մեջ, իսկ տնտեսական ցուցանիշները օր-օրի ավելի են վատթարանում, իսկ խունտայի արևմտյան հովանավորները այդպես էլ չեն շտապում որևէ լուրջ ֆինանսական օգնություն ցուցաբերել Կիևին:
Այսքանով հանդերձ, կարելի է եզրափակել, որ Ռուսաստանի դիրքորոշումը ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում արտահայտվում է հայտնի հեռուստասերիալի հայտնի կարգախոսով՝ «Зима близко»:



