Հայաստանի մայրաքաղաքում ամեն անկյունում մի սրճարան կգտնեք, բայց եթե դուք ուզում եք մաքսիմալ հաճույք ստանալ, ապա պետք չէ շատ տարվեք նստակյաց կերուխումերով. թափառեք այս հյուրընկալ քաղաքով, որտեղ ամառը տևում է մայիսից մինչև հոկտեմբեր, իսկ հետո մեքենայով կամ էքսկուրսիոն ավտոբուսով շրջեք դրա մերձակայքերով:

1. Մտորել հոգու մասին
Երևան մեկնել արժե արդեն իսկ Արարատը տեսնելու հնարավորության համար: Պարզ եղանակին այն երևում է ամբողջությամբ և պարբերաբար փոխում է գույները՝ մեկ երկնագույն է, մեկ վարդագույն երանգներով է պատվում, իսկ երբեմն էլ կարող է միայն ձյունածածկ գագաթը երևալ, կամ էլ ընդհանրապես չերևալ: Անհնար է պոկել հայացքը այս բիբլիական սարից, որն ավելին է, քան ուղղակի սուրբ սարը, այն բոլոր հայերի հոգին է:
2. Խոնարհվել սրբությունների առջև
Շատ հազվադեպ է լինում, երբ զբոսաշրջիկները սահմանափակվում են միայն Երևանով: Դրա մերձակայքում կան պատմամշակութային բազմաթիվ հուշարձաններ: Օրինակ՝ Արարատի ստորոտին կառուցված հնագույն եկեղեցիներից մեկը՝ Խոր Վիրապը:
3. Զմայլվել խաչքարներով
Հայատանում որտեղ էլ գնաք, անպայմանորեն կտեսնեք խաչքարեր: Միայն Սևանի Նորադոզ գյուղի մոտ կա մոտավորապես 900 խաչքար, որոնք խորհրդանշում են քրիստոնեության հայկական ընկալումն ու առանձնահատկությունը: Բաց չթողնեք նաև Գոշավանք այցելելու հնարավորությունը:
4. Տեսնել աշխարհը հանճարի աչքերով
Կիևում տարիներ ապրած թբիլիսահայ Սերգեյ Փարաջանովը Վերակառուցման ժամանակ պատրաստվում էր հաստատվել Երևանում: Հանճարեղ ռեժիսորի մահվանից հետո նրա համար կառուցված տանը բացեցին նրա տուն-թանգարանը, որը պարզապես պարտավոր է այցելել արվեստի սիրահար ցանկացած զբոսաշրջիկ:
5. Համտեսել տոլմա այնտեղ, որտեղ այն սիրում են պատրաստել
Հիշո՞ւմ եք «Միմինոյի» լեգենդար ֆրազը. «Просто у вас не умеют готовить долма»… Դե ինչ, Երևանում տոլմա պատրաստել գիտեն ու շատ լավ գիտեն, ուստի բաց չթողեք այն համտեսելու հնարավորությունը:

6. Համոզվել, որ տոլման դեռ ամենը չէ
Քչերը գիտեն, որ հայկական խոհանոցը երկու մաս ունի. արևելահայկականը տարածված է ժամանակակից ՀՀ-ի տարածքում, իսկ արևմտահայկականը նախընտրում են անհիշելի ժամանակներից Մերձավոր Արևելքում բնակվող հայերը: Հայրենադարձության տարիներին հայրենադարձ հայերը իրենց հետ բերեցին նաև արևմտահայկական խոհանոցի ավանդույթները. լահմաջո, իշլի-քյուֆթ, հումուս և այլն:
7. Այցելել երկրի հոգևոր կենտրոնը
Հայաստանում այցելության համար պարտադիր կետերից մեկը, անկասկած, Էջմիածինն է, որը Հայ Առաքելական եկեղեցու նստավայրն է, իսկ Մայր Աթոռի գլխամասում են գտնվում Կաթողիկոսի նստավայրը, հոգևոր ճեմարանը և գլխավոր տաճարը: Բացի Մայր տաճարից, Էջմիածինը կարող է հպարտանալ նաև մի շարք այլ ճարտարապետական գլուխգործոց-եկեղեցիներով, ինչպիսիք են Սուրբ Գայանեի ու Սուրբ Հռիփսիմեի եկեղեցիները:

8. Գտնել լեռներում թաքնված վանքը
Նորավանքը գտնվում է Երևանից 112 կիլոմետրի վրա, բայց դեպի Նորավանք տանող ճանապարհն այնքան գեղատեսիլ է, որ պարզապես չես հասցնում ձանձրանալ: Նորավանքը եզակի է նրանով, որ այն ունի Հայր Աստծո դեմքով որմնանկար, ինչը բացառիկ երևույթ քրիստոնեական ճարտարապետության մեջ:
9. Գորգ գնել
«Հանրապետության Հրապարակ» մետրոյի կայարանի հարևանությամբ ամեն շաբաթ-կիրակի գործում է «Վերնիսաժ» բացօթյա տոնավաճառը, որտեղ կարելի է գնել բազմազան ապրանքներ՝ տարբեր արժեք ունեցող անտիկվարիատ, հին գորգեր, արծաթ, հեղինակային կերամիկա, սպասք, ազգային երաժշտական գործիքներ, օնիքսե ծաղկամաններ, և այս ցուցակը կարելի է շարունակել ու շարունակել:
10. Լողանալ «շուռ եկած երկնքի» մեջ
Սևանա լիճն այնքան բարձրադիր է, որ երբ կանգնած ես դրա ափին, թվում է, թե լճի ջրային մակերևույթը ուր որ է կդիպչի երկնքին: Լիճը շրջապատված է լեռնաշղթաներով, իսկ լճի ջուրը պարբերաբար փոխում է իր գույնը բաց փիրուզագույնից մինչև մուգ կապույտ: Սևան այցելելիս չմոռանաք բացի արևից պաշտպանող քսուկներից, նաև տաք շոր վերցնել ձեզ հետ, որովհետև թեև ցերեկային ժամերին Սևանում կարող է շոգ լինել, երեկոյան սառը քամիներ են փչում:

11. Այցելել ԽՍՀՄ-ում ժամանակակից արվեստների առաջին թանգարանը
Հիմա դժվար է պատկերացնել, բայց 1972 թվականին Ժամանակակից արվեստների թանգարանի բացումը ինքնին սենսացիա էր, ու մինչև Խորհրդային Միության փլուզումն այն եզակի էր իր տեսակում: Հայաստանում խիստ զարգացած է գեղանկարչության ճյուղը և դրա առանձին ճյուղերը: Ներկայումս թանգարանում պահվում է 2300 արվեստի նմուշ, որոնց թվում՝ Մինաս Ավետիսյանի, Երվանդ Քոչարի, Ռուդոլֆ Խաչատրյանի, Գարզուի, Գայանե Խաչատրյանի և այլ անվանի հայ նկարիչների աշխատանքներ կան:
12. Ուսումնասիրել Հավերժական քաղաքի պատմությունը
Երևանը 2975 տարեկան է, ինչը Երևանը 30 տարով ավելի մեծ է դարձնում Հռոմից: Հավերժության տեսակետից դա այդքան էլ մեծ ժամկետ չէ, բայց, միևնույնն է, հայերը պարծենում են այդ հանգամանքով: Չմոռանաք այցելել Երևանի հիմնադրման ժամանակներից մնացած Էրեբունի բերդը, որը հիմնադրվել է Ք.Ա. 782 թվականին:
13. Լսել դուդուկի մեղեդին՝ իր հայրենիքում
Թերևս ոչ մի այլ երաժշտական գործիք այդքան սերտորեն կապված չէ հայ ազգի ազգային ինքնագիտակցության հետ, որքան դուդուկը, որը պատրաստում են ծիրանենու փայտից և որն ունի խիստ ինքնատիպ հնչեղություն: Այնպես որ, դուդուկը ու դուդուկի երաժշտությունը ոչ միայն արվեստ են, այլև ազգային արժեք:
14. Խմել աշխարհի ամենահամով ջուրը
Սրանում համոզվելու համար բավական է ուղղակի ջուր խմել քաղաքում ամենուրեք հանդիպող ցայտաղբյուրներից: Հայաստանում առհասարակ յուրահատուկ մոտեցում կա ջրի հանդեպ, որը ընկալում են որպես բնության մեծագույն պարգև: Ամռան կեսերին Երևանում տոնում են Վարդավառը, որի ժամանակ մարդիկ ջրում են միմյանց, այնպես որ, եթե ձեզ էլ ջրեն, մի նեղացեք, այլ պարզապես դուք էլ իրենց ջրեք:

15. Բարձրանալ Կասկադը
Երևանի հենց կենտրոնում գտնվում է լեգենդար Կասկադը, որի առջև հենց կանգնեցված է ժամանակակից Երևանի հիմնադիր Թամանյանի արձանը: Կասկադի բակում այգի է, որտեղ աշխարհի տարբեր ծայրերից բերված արձաններ են, ինչպես նաև մի քանի հարմարավետ սրճարաններ: Այս ամենի հետևում խոյանում է Կասկադը՝ Երևանի սիրված վայրերից մեկը, որի վերին հարթակներ կարող եք բարձրանալ ինչպես ոտքով, այնպես էլ շարժասանդուղքով, և այնտեղից զմայլվեք երեկոյան Երևանի զարմանահրաշ պանորամիկ տեսարանով:
16. Նստել աշխարհի ամենաերկար ճոպանուղին
Տաթևի վանքը Երևանից բավականին հեռու է գտնվում, բայց եթե ժամանակ ունեք՝ անպայման այցելեք այնտեղ, և այդ ճանապարհորդությունը կտպավորվի մինչև կյանքի վերջ: 10-րդ դարում կառուցված այս վանական համալիրը գտնվում է լեռների գագաթին՝ հենց անդունդի փեշին: Նախկինում վանք կարելի էր հասնել սարը օղակող ոլորաններով, բայց հիմա գործում է աշխարհի ամենաերկար ճոպանուղին, որը կարճ ժամանակում ու աննկարագրելի գեղեցկության տեսարաններ ցուցադրելով՝ Ձեզ կհասցնի այս սրբատեղին:
17. Այցելել Ներոն կայսեր փողերով կառուցված տաճարը
Համաձայն պատմական աղբյուրների՝ հայոց Տրդատ 1-ին արքան 1-ին դարում կառուցել է Գառնու հեթանոսական տաճարը՝ Ներոն կայսերից ստացված փողերով: Սա հետխորհրդային տարածքում հելլենիստական ճարտարապետության միակ նմուշն է, և երկար ժամանակ այն քանդված էր, մինչև այն 1976 թվականին չվերականգնեցին: Այժմ այն չքնաղ պատմամշակությային հուշարձան է ու զբոսաշրջիկներին գերող գլխավոր կետերից մեկը:

18. Գնահատել հնադարյան ինժեներների հանճարը
Գառնու հեթանոսական տաճարի այցելությունը սովորաբար համատեղում են Գառնու կիրճում գտնվող մեկ այլ հնադարյան պատմամշակութային հուշարձանի՝ Գառնի-Գեղարդի այցելության հետ: Այստեղ երկար ժամանակ պահվել է այն նիզակը, որով ըստ ավանդույթների՝ խոցվել է Քրիստոսը (այժմ այն գտնվում է Էջմիածնի թանգարանում): Սակայն հատկանշականն այն է, որ Գեղարդ եկեղեցու մեծ մասը փորված է հենց ժայռի մեջ, և այն զարդարված է բազմաթիվ նախշերով ու զարդաքանդակներով: Հատկապես ցնցող է այն, թե ինչպես են հնադարյան ինժեներները լուծել ներքին լուսավորության հարցը՝ ժայռակերտ եկեղեցում արևի համար հատուկ անցքեր թողնելով:
19. Լսել որակյալ ջազ
Միայն առաջին հայացքից կարող է թվել, որ որակյալ ու կենդանի երաժշտությունը անսպասելի ատրիբուտ է Երևանի համար: Երևանում ջազը միշտ սիրել են ու կարողացել են այն լավ մատուցել՝ անգամ խորհրդային տարիներին: Այստեղ կան բազմաթիվ ջազզ ակումբներ ու ռեստորաններ, որտեղ կենդանի ջազզ կատարումներ կարող եք ըմբոշխնել, ինչպես նաև պարբերաբար կազմակերպվում են համերգներ, այդ թվում՝ նաև Կասկադի վերջին հարկում գտնվող համերգային սրահում:
20. Զբոսնել գիշերային Երևանում
Երևանի տիպիկ զբաղմունքներից մեկը երեկոյան զբոսանքներն են: Փողոցում մարդիկ հանդիպում են իրենց ծանոթներին, իմանում են նորությունները և զբոսանքների համար ամենապոպուլյար վայրը Օպերայի շենքի հարակից տարածքն է: Ամենուրեք բացօթյա սրճարաններ կան, որոնք աշխատում են մինչև ուշ գիշեր: Երեկոյան Երևանի փողոցներն այնքան մարդաշատ են, որ երբեմն զբոսաշրջիկներին թվում է, թե իրենք ինչ-որ տոնի ժամանակ են այցելել քաղաք: Բացի դրանից, Երևանը աշխարհի ամենաանվտանգ քաղաքներից է, որտեղ, կարելի է ասել, բացակայում են փողոցային հանցագործությունները և գերիշխում է ընկերասիրական մթնոլորտը: Այնպես որ, հանգիստ սրտով կարող եք զմայլվել Երևանով, երբ այն հատկապես գեղեցիկ է՝ երեկոյան:



