Lurer.com-ը գրում է.

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը տոնում է ծննդյան 60-ամյակը: Չնայած ամսաթիվը հոբելյանական է, սակայն երկրի ղեկավարն արդեն նշել է, որ այն մարդկանցից չէ, ովքեր նախօրոք են պատրաստվում ծննդյան տարեդարձներին: «Հասկանում եմ, որ հոբելյանական է, բայց այս հոբելյանական տարեդարձը, ցավոք սրտի, ես չեմ կարող ասել, թե այն հանգրվանն է, որ ես արդեն իրականացված եմ տեսել իմ բոլոր երազանքները: Մարդ արարածն այնպիսին է, որ փորձում է ինչ-որ հիշարժան տարեթվերի հետ կապել որոշակի հանգամանքներ»,- հունիսի 17-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր նախագահը` նշելով, որ իր 60-ամյակի առիթով չեն իրականացել բոլոր ցանկությունները:

«Ուստի այլ հանգամանք չի մնում, քան սպասել հաջորդ հոբելյանին` 65-ամյակին, որը ես կցանկանայի դիմավորել արդեն ազատ Արցախով, հստակ հաստատված խաղաղությամբ, արագ տեմպերով զարգացող Հայաստանով և նույնչափ արագ տեմպերով ներգաղթ երևույթներով: Ես կցանկանամ, որ բոլոր նրանք, ովքեր նշում են իրենց ծննդյան տարեդարձը, կատարված ցանկություններով դիմավորեն այն»,- նշել է Սերժ Սարգսյանը:

Սերժ Ազատի Սարգսյանը ծնվել է 1954 թվականի հունիսի 30-ին, Ստեփանակերտ քաղաքում: Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1971 թվականին ընդունվել է Երեւանի պետական համալսարան: 1972-1974 թվականներին ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում: 1979 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը:

Աշխատանքային գործունեությունը սկսել է 1975 թվականին Երեւանի էլեկտրատեխնիկական գործարանում` որպես խառատ, աշխատել է մինչեւ 1979 թվականը: 1979-1988 թվականներին եղել է ԼԿԵՄ Ստեփանակերտի քաղկոմի բաժնի վարիչ, ապա` երկրորդ քարտուղար, առաջին քարտուղար, կոմկուսի Ստեփանակերտի քաղկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչ, ԼՂ մարզկոմի կուսկազմակերպությունների բաժնի հրահանգիչ, ԼՂ մարզկոմի առաջին քարտուղար Հենրիկ Պողոսյանի օգնական:

1989-1993 թվականներին ղեկավարել է ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կոմիտեն:

1990 թվականին ընտրվել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր:

1993-1995 թվականներին եղել է ՀՀ պաշտպանության նախարար:

1995-1996 թվականներին` ՀՀ պետական անվտանգության վարչության պետ, ապա` ազգային անվտանգության նախարար:

1996-1999 թվականներին` ՀՀ ներքին գործերի եւ ազգային անվտանգության նախարար:

1999 թվականին` ՀՀ ազգային անվտանգության նախարար:

1999-2000 թվականներին` ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար:

1999-2007 թվականներին` ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար:

2000-2007 թվականներին` ՀՀ պաշտպանության նախարար:

2007 թվականի ապրիլի 4-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետ:

2007 թվականի հունիսի 7-ին կրկին նշանակվել է ՀՀ վարչապետ` գլխավորելով ՀՀ Ազգային ժողովի ընտրություններից հետո ձեւավորված կառավարությունը:

2008թ. փետրվարի 19-ին կայացած նախագահական ընտրություններում ընտրվել է Հայաստանի Հանրապետության Նախագահ: 2008թ. ապրիլի 9-ին ստանձնել է ՀՀ Նախագահի պաշտոնը:

2013թ. փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններում վերընտրվել է Հայաստանի Հանրապետության Նախագահ: 2013թ. ապրիլի 9-ին ստանձնել է ՀՀ Նախագահի պաշտոնը:

Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է 2006 թվականից, 2006 թվականի հուլիսից մինչեւ 2007 թվականի նոյեմբերը` կուսակցության խորհրդի նախագահ: 2007 թվականի նոյեմբերին ընտրվել է ՀՀԿ նախագահ:

Երեւանի պետական համալսարանի խորհրդի եւ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահն է:

Ստացել է Արցախի հերոսի կոչում, «Ոսկե արծիվ» շքանշան, ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի, «Տիգրան Մեծ» շքանշաններ, պետական այլ պարգևներ:

Ամուսնացել է 1983 թվականին: Կինը` Ռիտա Սարգսյանը, ծնվել է Ստեփանակերտում` զինվորականի ընտանիքում: Մասնագիտությամբ երաժշտության ուսուցչուհի է:

Ունի երկու դուստր` Անուշն ու Սաթենիկը և չորս թոռնիկ` Մարիամը, Արան, Սերժը և Ռիտան:

Կենսագրությունը` ՀՀ Նախագահի պաշտոնական էջից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել