Սիրելի սփյուռքահայեր,
Հայաստանում բողոքի և ընդվզումների ալիքը չի դադարում և Հայաստանի քաղաքացին ստիպված է իր ամեն օրը անցկացնել փողոցում և իր ձայնը բարձրացնել մշակութային կոթողների անխնա ոչնչացման, գազի և էլեկտրաէներգիայի թանկացման, էկոլոգիական հանցագործությունների, անելանելի սոցիալական պայմանների, քաղաքացու իրավունքների ոտնահարումների դեմ և բազմաթիվ այլ հարցերի առնչությամբ: Այսօր Հայաստանը արյունահոսում է, քանի որ արտահոսում է երկրից ամենամեծ հարստությունը՝ մարդը: Խնդրում ենք դիտել և ծանոթանալ այս նյութերին և մեկ պահ մտածել այն մասին, թե ինչպես է, որ Սփյուռքը ամեն տարի հսկայական գումարներով Համահայկական մարաթոնի ժամանակ աջակցում է երկրի հանցագործ իշխանություններին, սակայն ՀՀ շարքային քաղաքացու կյանքը որևէ կերպ չի բարելավվում: Մինչդեռ հարստանում են միայն իշխանական բուրգին մոտ կանգնած ընտանիքները: Շատ սփյուռքահայեր, գալով Հայաստան, հիանում են՝ տեսնելով Երևանի կենտրոնում գտնվող շքեղ ճաշարաններն ու սրճարանները, շքեղ մեքենաներն ու շքեղ հագնված օրիորդներին: Սակայն Հայաստանը դա չէ: Հավատացեք: Հայաստանը Երևանի ծայրամասերում է, Գյումրիի տնակներում, Վանաձորում, Սպիտակում և հեռավոր գյուղերում, որոնք արդեն լի են դատարկ տներով: Իրավիճակը պետք է փոխվի: ՀՀ քաղաքացին պետք է փողոցում ամեն օր ընդվզելու փոխարեն զբաղվի իր արժանապատիվ գործով, աշխատանքով և ընտանեկան հոգսերով: Մինչդեռ նա ամեն օր ենթարկվում է բռնությունների ոստիկանության կողմից, երբ փորձում է բարձրաձայնել իր մարդավայել ու արժանապատիվ ապրելու իրավունքը: Երկիրը օրեցօր հարստանում է քաղբանտարկյալներով և հալածյալներով: Խնդրում եմ, դիտել տեսանյութերը, և ծանոթանալ «Իրավունք և աջակցություն» հիմնադրամի աշխատանքներին և, եթե գտնում եք, որ իրենց ոտնահարված իրավունքների պաշտպանության համար պայքարողներին հարկավոր է պաշտպանել, ապա մի վարանեք և կատարեք ձեր ամենաչնչին ներդրումը, քանի որ այն կարող է օգնել քաղբանտարկյալի կամ ընդվզող որևէ քաղաքացու երեխային, որն անօգնական է մնացել, քանի որ ընտանիքի հայրը ձերբակալվել է: Ձեր չնչին նվիրատվություններն անգամ կօգնեն ձերբակալվածներին և հալածյալներին պաշտպանելու և իրավաբանական օգնություն տրամադրելու հարցում:
Հարգանքներով՝
«Իրավունք և աջակցություն» հիմնադրամի
հիմնադիր անդամ Սյուզան Սիմոնյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել