Արա Պապյան. Ոչ ոք մեր փոխարեն չի լուծելու մեր խնդիրներըPanorama.am-ը գրում է.

Ուղիղ հարյուր տարի առաջ` 1914թ.-ի հունիսի 28-ին, սերբ ազգայնական «Երիտասարդ Բոսնիա» (Млада Босна) կազմակերպության անդամ Գավրիլո Պրինցիպը Սարաևոյում սպանեց ավստրո-հունգարական գահի ժառանգորդ, էրցհերցոգ Ֆրանց Ֆերդինանդին և նրա կնոջը: Ավստրո-Հունգարիան և Գերմանիան Սարաևոյի սպանությունը օգտագործեցին որպես պատրվակ Սերբիայի վրա հարձակվելու համար, որով և սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը:

Առաջին աշխարհամարտի մարտադաշտերում զոհվեց շուրջ 10 մլն մարդ, իսկ պարտերազմին ուղեկցող սովը և համաճարակները խլեցին ևս 20 մլն մարդու կյանք:

Այն իր ծավալով և հետևանքներով աննախադեպ էր մարդկության պատմության մեջ:

Համաշխարհային պատմության, ինչպես նաև հայ ժողովրդի հետագա ճակատագրի վրա առաջին աշխարհամարտի ազդեցության վերաբերյալ Panorama.am-ը զրուցեց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանի հետ:

-Պարոն Պապյան, Ձեր կարծիքով, ի՞նչ ազդեցություն թողեց Առաջին աշխարհամարտը համաշխարհային պատմության հետագա ընթացքի վրա:
-Ընդհանրապես պատերազմները իրենցից ներկայացնում են արդեն իսկ աշխարհում կուտակված որոշակի քանակական փոփոխությունների կտրուկ որակական փոփոխություն: Այս տեսանկյունից հստակ երևում է, որ մինչև բուն Առաջին աշխարհամարտի մեկնարկը, արդեն իսկ իրականացվել և հասունացել էին որոշակի փոփոխություններ: Ինչպես քաղաքականության մեջ, այնպես էլ առօրյա կյանքում մշտապես տեղի են ունենում վերաբաշխումներ, բաժանումներ: Ստեղծվել էր մի շատ հետաքրքիր իրավիճակ, երբ դարավոր բրիտանա-ռուսական հակամարտությունը առաջին անգամ վերափոխվել էր դաշնակցության, իսկ Գերմանիան և Ավստրո-Հունգարիան հայտնվել էին մի իրավիճակում, երբ ստիպված էին դիմել սեփական հարցերի լուծման «վիրահատական միջոցների»: Ես վստահ եմ, որ եթե չլիներ Սարաևոյի միջադեպը, անպայման կգտնվեր պատերազմի բռնկման մեկ այլ առիթ:

Ցավոք սրտի` Առաջին համաշխարհային պատերազմը ծանր հետևանքներ ունեցավ հայության համար: Օսմանյան կայսրությունում մինչ այդ կուտակված որոշակի ձգտումների ու նպատակների իրականացման համար անհրաժեշտ էին «որոշակի պայմաններ»:

Առաջին հերթին դա հայերի և այլ քրիստոնյա ժողովուրդների ֆիզիկական ոչնչացման միջոցով թուրքական վերջնական գերիշխանության հաստատումն էր: Այս տեսանկյունից մեկնարկած պատերազմը եղավ այն հարմար առիթը, որ հնարավորություն տվեց Օսմանյան կայսրության ղեկավարությանը երկիրը «մաքրել» քրիստոնյաներից: Եթե մինչ այդ Օսմանյան կայսրությունը բազմաէթնիկ և բազմակրոն կայսրություն էր, ապա դրանից հետո վերածվեց եթե ոչ մոնոէթնիկ, ապա գոնե ճնշող մեծամասնությամբ մոնոկրոն միավորման: Այն ժամանակ ընդունված էր կարծել, որ մահմեդականների մեջ ազգային հարց գոյություն չունի, եթե կոտորեն քրիստոնյաներին, ապա ինչ տարբերություն` քո՞ւրդ թե՞ թուրք: Սակայն պատմությունը ցույց տվեց, որ այս հարցում ևս նրանք չարաչար սխալվում էին:

-Աշխաքաղաքական նոր իրավիճակի ստեղծման, համակարգի կազմավորման տեսանկյունից ի՞նչ փոփոխությունների հանգեցրեց առաջին աշխարհամարտը:
-Պատերազմից հետո հրավիրված Փարիզի վեհաժողովում հենց այդպես էլ նշվում էր, որ այդտեղ` հենց այդ պահին, ստեղծվում է նոր աշխարհակարգ` «new order»:

Պարտված երկրների շարքում կային երկու դասական կայսրություններ: Դրանք էին Օսմանյան և Ավստրո-Հունգարական կայսրությունները: Այնուամենայնիվ, պարտված երկրների շարքում անկասկած կարևորը Գերմանիան էր:

Մյուս պարտված երկիրը` Բուլղարիան, միայն 1878թ էր ազատագրվել Օսմանյան լծից: Ի դեպ` Բուլղարիայի օրինակ ցույց է տալիս որ աշխարհաքաղաքական ընտրությունը չի կարող լինել երկարաժամկետ, քանի որ անկախանալով` Ռուսական կայսրություն աջակցության շնորհիվ, Առաջին աշխարհամարտում Բուլղարիան Օսմանյան կայսրության հետ միևնույն դաշինքի կազմում կռվեց Ռուսական կայսրության դեմ: Դրա պատճառ այն էր, որ Սոֆիայի համար այդ պահին առավել վտանգավոր էր Ռուսաստանը, այլ ոչ թե Օսմանյան կայսրությունը:

Բնական է, որ պատերազմում ամեն մի երկիր իր նպատակներն էր լուծում և հստակ է, որ պարտված կողմի բախտը պարզապես չբերեց: Մեզ համար կարևոր էր այն հանգամանքը, որ Փարիզի վեհաժողովում առաջին անգամ բարձրացվեց ոչ թե ուրիշից նվաճված գաղութները յուրացնելու, այլ մանդատային համակարգը հաստատելու հարցը: Իրավական տեսակետից մանդատի տակ գտնվող երկրները այն ստանձնած երկրի բաղկացուցիչ մասը չէին կազմում, ինչ գաղութները: Այս հանգամանք մեզ համար չափազանց կարևոր է: Անկախ այն հանգամանքից, որ Միացյալ Նահանգները հրաժարվեցին ընդունել իրենց տրված հայկական մանդատը, միայն այն հանգամանքը, որ հայկական մանդատը առաջարկվեց ինչ-որ երկրի, ենթադրում է, որ մանդատը ներառող տարածքի վրայից վերացված է թուրքական տիտղոսը և իրավունքները: Մերժումը ամենևին չէր նշանակում, որ վերականգնվել է նախկին կարգավիճակը: Իրավական տեսանկյունից այս չափազանց կարևոր դրույթը խարսխված է Ազգերի լիգայի կանոնադրության 22-րդ հոդվածի վրա: Հետևաբար Թուրքիայի ներկայությունը այդ տարածքի վրա անօրինական է:

Մյուս կողմից Փարիզի վեհաժողովում «new order»-ի կազմավորման շրջանակներում քննարկվեցին նաև նորաստեղծ կամ նորահռչակ երկրների ճակատագրերը: Այստեղ մեզ առաջին հերթին հետաքրքիր են Հայաստանի, ինչպես նաև Վրաստանի և Ադրբեջանի հետ կապված հարցերը: Այս առումով ի հայտ եկան մի քանի սկզբունքային կետեր: Նախևառաջ` Փարիզի վեհաժողովը միջազգային հանրության անունից պատրաստակամություն հայտնեց ճանաչել այդ երկրների անկախությունը, սակայն առաջ քաշվեցին որոշակի նախապայմաններ:

Մասնավորապես ` նախկին Ռուսական կայսրության վարչական սահմանները չէին կարող հանդիսանալ նորաստեղծ պետությունների համար օրինական սահմաններ, այն պարզ պատճառով, որ դրանք գծվել էին ներքին կառավարման համար և չէին համապատախանում որևէ միջազգային սկզբունքի:

Հետաքրքրական է, որ աշխարհամարտի ավարտից հետո առաջին անգամ կիրառվեց ժողովուրդների ինքնորոշման սկզբունքը: Հայ-ադրբեջանական և հայ-վրացական սահմանները որոշվեց անցակցնել հենց այս սկզբունքի հիման վրա: Ազգերի լիգայի կառավարող մարմինը` խորհուրդը, 1920 թ փետրվարի 24-ին հանդես եկավ հատուկ հայտարարությամբ, որ վերոնշյալ սահմանագծման հիմքում պետք է ընկած լինեն ազգագրական տվյալները:

Թաթարաբնակ հողերը պետք է անցնեին Ադրբեջանին, հայաբնակները` Հայաստանին, վրացաբնակները` Վրաստանին: Դրա հիման վրա գծվեց քարտեզը:

Այս ամբողջ փաստաթղթերը առկա են, մեր կենտրոնը դրանք հրապարակել է: Այս ամենը հետագայում դարձավ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլոնի իրավարար վճռի բաղկացուցիչ մասը: Այս տեսանկյունից եթե դիտարկենք Ազգերի լիգայի մոտեցումները, ապա ակնհայտ է, որ կառույցը Հայաստանի անքակտելի մաս էր համարում ոչ միայն Լեռնային, այլ նաև դաշտային Ղարաբաղը և Գարդմանքի զգալի մասը:

Հետևաբար, երբ Ադրբեջանը այսօր խոսում է իր տարածքի «20 տոկոսի օկուպացիայի» մասին, ապա դրանից հետո պետք է շարունակի և նշի, թե միջազգային իրավունքի որ փաստաթղթի հիման վրա են այդ տարածքները հանդիսանում իրենը:

Օկուպացիա նշանակում է, ինչ-որ մի պետությանը օրինապես, միջազգային իրավունքին հապատասխան տարածքի ռազմակալում մեկ այն պետության կողմից:

Հետևաբար, եթե այս տարածքները ոչ միայն չեն հանդիսացել Ադրբեջանի մաս, այլև ըստ Ազգերի լիգայի դիտարկվել են որպես հայկական, Հայաստանը նույնիսկ մեծ ցանկության դեպքում չի կարող օկուպացնել դրանք:

Այս ամենը միջագային իրավունքի տեսանկյունից կարելի է բնորոշել որպես Խորհրդային իշխանության տարիներին Բաքվի ապօրինի ենթակայությանը փոխանցված Հայաստանին պատկանող տարածքների ազատագրում: Ավելին` 7-8 հազար քառակուսի կմ տարածքը, բացի Նախիջևանից, շարունակում է օկուպացված մնալ Ադրբեջանի կողմից: Իհարկե, ոմանք կարող են ասել, թե դա մոտ մեկ դար առաջ է եղել և ներկայումս որևէ գործնական ազդեցություն ունենալ չի կարող: Այս պնդումները անհիմն են, որովհետև այսօր և՛ Եվրոպայի և Միջին արևելքի սահմաները որոշվել և հաստատվել են հենց այդ նույն սկզբունքների հիման վրա:

Հետևաբար, եթե դրանք «անօրինական« կամ «ուժը կորցրած» են հայկական մասով, ապա նույն հաջողությամբ անօրինական է Սիրիայի, Հորդանանի, Իսրայելի գոյությունը Միջին Արևելքում: Նույնը վերաբերում է Ավստո-Հունգարական կայսրության տարածքում ստեղծված պետություններին: Միջազգային իրավունքի հիմնական սկզբունքներից մեկը, այսպես կոչված, համընդհանրությունն է: Օրենքը գործում է բոլորի համար, և երբ, օրինակ, ասում են, որ Կոսովոն չի կարող նախադեպ համարվել Արցախի դեպքում, դա, մեղմ ասած, լուրջ չէ: Դրանք քաղաքական հայտարարություններ են, և ընդամենը մատնանշում են անկախության ճանաչման քաղաքական նպատակահարմարությունը:

Ես կարծում եմ, որ մեր իշխանությունները և համապատասխան մարմինները այս հարցում պետք է ակտիվություն ցուցաբերեն: Հայ ժողովուրդը Առաջին աշխարհամարտում, կամ դրա հետևանքով ամենամեծ կորուստներ տված ժողովուրդն է: Առաջին աշխարահմարտից հետո մենք գտնվում էինք հաղթող երկրների շարքում և Հայաստանը իր մասնակցությունը բերեց նույն Փարիզի վեհաժողովին: Դրան հակառակ, չնայած հարյուր հազարավոր կորուստների, հայ ժողովուրդը չմասնակցեց երկրորդ համաշխարհային պատերազմի խաղաղության վեհաժողովին:

Սա շատ կարևոր է: Ի տարբություն Ադրբեջանի և Վրաստանի, որոնք պարտված երկրների թվում էին, Հայաստանի առաջին հանրապետության ղեկավարությունը կարողացավ ճիշտ ընտրություն կատարել: Թեև, հանուն արդարության պետք է նշել, որ այդ ընտրությունը այդքան էլ մեծ չէր:

Չպետք է մոռանալ նաև, որ Մայիսյան հերոսամարտերը` Սարդարապատը, Ղարաքիլիսան և Բաշ-Ապարանը, ըստ էության, Առաջին համաշխարհային պատերազմի ճակատամարտ էին: Մենք այս դրվագները դիտարկում ենք զուտ ազգային պատմության տեսանկյունից, սակայն դրանք գլոբալ գործընթացների բաղկացուցիչ մաս էին, ընդ որում` բավական մեծ նշանակությամբ: Հայաստանի դիմադրության շնորհիվ գերմանա-թուրքական զորքերը առնվազն կես տարի ուշ հասան Բաքու:

Քառյակ միության պարտության հիմնական պատճառներից մեկը հենց Բաքու հասնելու հնարավորությունից զրկվելու պատճառով առաջացած նավթի մատակարաման հետ կապված խնդիրներն էին:

1918 թ սեպտեմբերի կեսերին Բաքվի գրավումը այլևս ոչնիչ չէր նշանակում: Մեկ և կես ամիս հետո Օսմանյան կայսրությունը ընդունեց իր պարտությունը, քանի որ այս ընթացքում ջախջախվել էին թե՛ գերմանական և թե՛ թուրքական բանակները:

Այս առումով հայության դերը Առաջին աշխարհամարտի հանգուցալուծման գործում բավական մեծ է և պետք է նշել, որ դա ըստ արժանավույն գնահատվել է: Երբ ընթանում էր տարբեր պետությունների ձևավորման գործընքացը, հայության նկատմամբ, հստակ բացառություն կիռավեց: Նույն ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնը և շատ ու շատ այլ անձինք նշում էին, որ հաշվի առնելով հայության նկատմամբ տասնամյակներ շարունակ իրկանացված կոտորածները և բռնի տեղահանումները` ինքնորոշման սկզբունքը բառիս դասական իմաստով չի կարող գործել:

Տեղի էր ունեցել հայության դեմոգրաֆիկ պատկերի փոփոխություն և առաջարկվեց հաշվի առնել մինչև 1977-78 թ տուս-թուրքական պատերազմը եղած տվյալները: 

Այնուհանդերձ, պետք էր հաշվի նստել ստեղծված իրողության հետ: Օրինակ` երբ Վիլսոնը որոշեց մեզ պատկանող տարածքների միայն 40 տոկոսը տալ Հայաստանին, հիմնավորումներից մեկը այն էր, որ ավելի մեծ տարածքի դեպքում հայերը երբեք չեն կարողանա մեծամասնություն կազմել այդ հողերում:

-Ի՞նչ ազդեցության թողեց Առաջին աշխարհամարտը հայ ժողովրդի հետագա ճակատագրի վրա:
-Իմ խորին համազմամբ, առաջին աշխարհամարտը չպետք է դիտարկել զուտ որպես պատերազմ: Եթե լիներ զուտ պատերազմը և դրան հաջորդած վեհաժողովը, ապա մենք, իհարկե, բազմաթիվ մարդկային կորուստներով հանդերձ, դուրս կգայինք բավականին մեծ պետության ստեղծմամբ, բավականին հայանպաստ համաշխարհին ընկալմամբ: Վերջապես բռնագաղթված հայությունը կվերադառնար մայր հայրենիք:

Սակայն պատերազմը տվեց ածանցյալ այլ երևույթներ, որոնցից հիմնականը ռուսական հեղափոխություն էր: Դրանք արդեն իսկ հանգեցրին մեզ համար խիստ բացասական հետևանքների: 1917 թ դեկտեմբերին կնքված Երզնկայի զինադադարից հետո ռուսական զորքերը լքեցին ճակատը և հայությունը մնաց ամբողջ Օսմանյան բանակի դեմ միայնակ: Սակայն մեզ համար առավել կործանարար էր, այն, որ սկսած 1919-1920 թթ. բոլշևիզմը «հաշխարհային իմպերիալիզմի» դեմ պայքարում իրեն դաշնակից ընտրեց Թուրքային և սկսեց ակտիվ զինել, օգնել պարտված երկրին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել