-Ան, հեռախոսի մոտ,էդ ռաբիզն ո՞վ է:
Աննան նայեց Լիլիթի կողմն ու մոտեցավ սեղանին:
- Ալլո, չեմ ասե՞լ չզանգես, ի՞նչ ես ուզում ինձնից,բաժանվեցինք էլի չպրծա քեզնից:
Շպրտեց ընկալուչը,վերադարձավ իր տեղը:
- Ան,ի՞նքն էր,-Լիլիթի հետաքրքրությունը կարծես ԳՐԻՆ ՔԱՐՏ լինի,սահմաններ չի ճանաչում,:
Տրամադրությունն ընկավ,սուրճի բաժակն էլ կիսատ:
Դողացող մատներով մի ծխախոտ կպցրեց: հայացքը հեռու էր,դեպի տխուր անցյալ…
<< Քսանմեկը չէր լրացել, երբ փախցրին ինստիտուտի բակից:
Երեք հոգով էին,երեք ստահակ դեմքեր:
Դեռ մեքենայում մտածում էր, թե ինքը ո՞ր մեկի համար է:
Հետո եկավ հայրը,մի քիչ վիճաբանություն,կանչեցին իրեն,նայեց հորը,կախեց աչքերը:
Հայրը հասկացավ ամեն ինչ,բայց ձայնը կոտրված էր,առանց առաջվա հպարտության:
Ինչպես հասցրեց երեք օրվա մեջ ծերանալ այդ աստիճանի:
- Մնու՞մ ես,- ինչքան կսկիծ կար այդ երկու բառի մեջ:
Չկարողացավ ձայն հանել,գլխով ասաց այո, լաց եղավ ու դուրս եկավ սենյակից:
Իր հետևից այս անգամ ոչ ոք դուրս չեկավ ինչպես վերջին երեք օրերի ընթացքում,երբ հնարավոր սկեսուրը ստվերի նման հետևում էր:
- Ուրեմն քեֆ ենք անում խնամի Գառնիկ,դու սյունեցի ես սասունցի,ամեն ինչ նորմալ կլնի,- սկեսրայրը նայեց տանեցերի կողմը ու սկսվեց սեղան գցելու դատարկ արարողությունը:
Աչքերի տակով ուշադիր հետևում էր հորը,ոչ մի կտոր չկերավ,ոչ մի բաժակ չխմեց:
<Մի բարձի ծերանան> բաժակաճառի ժամանակ էլ բաժակը ձեռքից ընկավ սեղանին:
- Չեղավ Գառնիկ ջան,ոչ ուտում ես ոչ խմում,տենց ո՞նց կլնի,կարո՞ղ է վատ ընտանիք է ընգել,հլը հարևաններից հարցրա…
- Մի բան եմ խնդրելու,Աննան պետք է ուսումն ավարտի…
Չհասցրեց մինչև վերջ,ինչ որ բան կանգնեց խոսքերի ու մտքերի մեջտեղը,ինչ որ գրանիտե պատ,որին գլխով կոտրելու բոլոր փորձերը կավարտվեին անարդյունք:
- Բա ո՞նց, խնամի Գառնիկ խի մենք չե՞նք հասկանում…ձեռքներս էլ հո քարի տակ չի:
Հետո սկսվեցին Հակոբի գիշերները տուն չգալու իրար հաջորդող օրերը,հետո հասկացավ որ հղի է, երբ սենյակն ավլելիս գտավ արյունոտ սրսկիչ,հասկացավ նաև, որ ամուսին կոչվածը անտարբեր չէ թմրամոլության հանդեպ:
Սկսվեցին ամուսնական բարձը արցունքներով թրջող երկար ու անվերջանալի գիշերները…
<Երեխան ծնվելու է պրոբլեմներով> բժշկի խոսքերը վերջնականապես սպանեցին իր երիտասարդությունը,այնքան բաղձալին ստանալու հաճույքը:
Ընդհատեց հղիությունը:
Հակոբի բանտարկվելուց հետո էլ վերադարձավ հայրական տուն,օրինական ձևակերպեց բաժանումը:>>
- Աննա ի՞նչ եղավ քո հոդվածի վերջաբանը,- խմբագիրն է:
- Չեմ ուզում տեսնել,զզվում եմ,-բղավեց ու հետո հասկացավ, որ պատասխանում էր մտքերին:
- Քեզ ի՞նչ եղավ,-խմբագիրը հանեց ակնոցներն ու գլուխը շարժելով դուրս եկավ սենյակից:
Զնգաց բջջայինը:Երևի մայրն է,ժամանակ գտավ:
Աննան պայուսակից հանեց հեռախոսը:
Ժպտաց:
- Վահրա՞մ, ի՞նչ ես ասում, գտե՞լ են,լու՞րջ, իհարկե ուզում եմ,կգա՞ս իմ ետևից,ինչպես թե այդտեղ ես: Գնացել ես առանց ի՞նձ: Լավ ինքս կգամ,վաղը շաբաթ է,կմնանք տատիկիս մոտ,հետո կիրակի երեկոյան կվերադառնանք չէ՞, ես էլ եմ համբուրում:
- Ան,ի՞նքն էր:
- Այս անգամ,այո,Ինքն էր:
<< Ամիսներ առաջ էր,որ խմբագիրը մտավ սենյակ,նայեց Աննային ու ասաց,որ Արծվանիկ գյուղի տարածքում,Խուստուփ սարի լանջին, Վահանավանքի բակում հայտնաբերել են Բաղաց մի թագավորի գերեզման:
- Բայց դա իմ թեման չէ,դա Արմինեի…
- Արմինեն փոքր երեխա ունի,ամուսինն էլ թույլ չի տա մի քանի օրով…գործուղումդ պատրաստ է,վաղը կարող ես գնալ,-կարճ կտրեց խմբագիրը:
Վանքի տարածքում աշխատող հնէաբանները ոչինչ չկարողացան բացատրել Աննային,միայն ցույց տվեցին դեռ լրիվ չպեղած մի տապան,որի վրա հազիվ էր երևում մի կերպ ուղղությունը պահպանած մի տող. <Սյունե>:
- Մորքուր Տեր Վահրամին հարցրու,հրէն ծառի տակ-ասաց մի փոքրիկ տղա,երևի մոտակա գյուղից, որ օգնում էր հնէաբաններին:
Հաստ փորով,մազակալած դեմքով,գուլպաներից քրտնքահոտ եկող հոգևորականի փոխարեն,ծառի մոտ Աննային կանգնած դիմավորեց բավականին հաճելի արտաքինով հասակակից մի մարդ:
Ֆարաջայի տակից երևում էին կապույտ ջինսն ու երևի իտալական կոշիկները:
Ծառի տակ բավականին հով էր,իսկ քահանայի բարիտոնը հաճելի շոյանքով ականջից իր ճանապարհն էր սկսել դեպի Աննայի սիրտը:
Երկու օր Աննան գրառում էր աղանդավոր աղջկա ու երիտասարդ թագավորի տխուր սիրո պատմությունը:
…Բաղաց երիտասարդ գեղեցիկ Սենեքերիմ թագավորը սիրահարվել էր մի աղանդասեր աղջկա,որի անունը Սյունե էր,չնայած թագավորը սպանել էր աղջկա հորն աղանդավոր լինելու համար,բայց նա էլ էր սիրում թագավորին:
…Թագավորը, Անիի Ապիրատյան գահընկեց քագավորի և Գանձակի Էմիր Փաթլունի կողմից դավադրաբար սպանվում է,:
… Չորթմանի հրամանով Սյունեի աչքերը հանում են..
…Գրիգոր եպիսկոպոսի կողմից էլ Սյունեն է սպանվում թագավոր գերեզմանի վրա:
- Հիմա դեռ պարզ չէ սա թագավորի թե՞ Սյունեի գերեզմանն է,դեռ պետք է պեղեն-վերջացրեց Տեր Վահրամը:
- Ինչ տխուր պատմություն է,-Աննայի աչքերը թաց էին:
- Դու ինչ ծաղիկներ ես սիրում,երևի վարդեր,մուգ կարմիր գույնի:
Աննան ծիծաղեց,
- Վարդերը փշոտ են,կարմիր վարդերն էլ արյան գույնի,ես երեքնուկներ եմ սիրում…
- Ես էլ եմ Երևանից գործուղված այստեղ,հանդիպե±նք Երևանում, հոդվածի համար կպատմեմ ավելի մանրամասը:Բջջային ունես չէ՞:
- Դեմ չեմ,իսկ հիմա պետք է գնամ:
Իջավ բարձունքից,աչքերով ազատ մեքենա էր փնտրում:
Մոտեցավ մի կարմիր “Ժիգուլու”,վարորդի դեմքը ծանոթ թվաց:
Կողքից լսեց
- Երևան եք գնու±մ,-տաքսի էր,- մի հոգու տեղ կա:>>
Հանդիպումները դարձան խորը,իմաստալից իրեց էությամբ:
Վահրամն ապրում էր ծեր մոր հետ,բաժանված էր կնոջից,երեխա չուներ,կինը բուժվելու նպատակով գնացել էր Ամերիկա ու հիմնավորվել:
Վահրամին խնդրել էր,որ ֆարաջայով երբեք իրեն չդիմավորի աշխատանքից դուրս գալիս:
Մի անգամ էլ, մի լավ ծիծաղեցին, երբ Վահրամի առաջարկից հետո Աննան ասաց, թե չի ցանկանում, որ խմբագրությունում ասեն կամ հոդվածների տակ գրվի “Տերտերակին”:
* * *
- Ան,ուր ես մտքերով,աշխատանքը վերջացավ,դուրս ենք գալիս:
Խմբագրատան մուտքի մոտ մի կարմիր “Ժիգուլի” էր կանգնած:
Մեքենայից իջավ ու ոսկե ատամները շողացնելով դեպի Աննան մոտեցավ Հակոբը:
Լիլիթի թևը մտած Աննան ձեռքը ետ քաշեց:
- Խոսալու բան կա:
Աննան նայեց նարնջագույն,ծիծակ կոշիկներին,դեմքը բարձրացրեց,չէր ուզում, բայց նայեց ոչինչ չարտահայտող դեմքին..
- Դու ինչ է ինքնասիրություն չունե՞ս, ի՞նչ ես ուզում ինձնից:
- Ընկերներս բերդում ինձ գրել էին, որ հայտնվել ա մի կոտոշ…
- Դու վաղուց չկաս իմ կյանքում,զզվանք:
- Կսպանեմ քեզ էլ դրան էլ,հասկացա՞ր:
Կարմիր “Ժիգուլին” ազդանշան տվեց:
- Գալիս եմ,-նետեց ատամների արանքից Հակոբը, թքեց ասֆալտին ու հեռացավ:
* * *
Տաքսու մեջ Աննան փորձում էր կարդալ իր հոդվածի նախաբանը,իսկ վարորդը,որը ողջ Եվրոպան գիտեր,մի քանի տուն էր ունեցել Էմիրաթներում իր շատախոսությամբ անընդհատ կտրում էր մտքի թելը:
<Սյունիք-Բաղաց աշխարհ:
Արյան ծարավ հողն իմ նախնյաց…
Հեթանոս Բաղաց հին երգերը նվիրված Հայոց հին Աստվածներին չկարողացան պահպանել նրանց…
Ծերացած Հեթանոս Աստվածները ոչնչացվեցին խաչապաշտ Սյունյաց այրերի կողմից…>
* * *
Տեղ հասավ կեսօրին:
Սարալանջի տակ սովորականից շատ մեքենաներ կային,նաև ոստիկանության:
<Գանձ են գտել գերեզմանում> անցավ Աննայի մտքով և բարձրացավ վերև:
Պեղվող գերեզմանը շրջապատված էր մարդկանցով:
Վահրամը չէր երևում:
Մի կերպ հրելով մոտեցավ:
Գերեզմանաքարին բերանքսիվայր մի քահան էր ընկած:
Ֆարաջան պատռված էր, տակից երևում էին կապույտ ջինսն ու կոշիկները:
Մուգ կարմիր արյունը քարից ծորացել էր ու կաթիլ առ կաթիլ ընկել հողի վրա,այն հողի, որն այդքան արյուն տեսնելուց երևի դեռ չէր կշտացել:
Ձախ, կախված ձեռքի մատներում արնաշաղախ երեքնուկներ էին…
* * *
Քիչ հեռվում մի փոքրիկ տղա ոստիկաններին պատմում էր…
- Գնացել էի գյուղ Տեր հոր համար լավաշ բերելու…մի կարմիր “Ժիգուլի” էր իջնում,հեռվից համարը չտեսա…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել