Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները Վրաստանում լրջագույնս ազդեցին նաև հայաբնակ Ջավախքի ներքին կյանքի վրա: Հետաքրքրականն այն է, որ հայկական լրատվական դաշտում այնքան էլ չորոշակիացվեց այն հանգամանքը, թե ի վերջո ինչպիսի տեղաշարժեր եղան Վրաստանում կամ Ջավախքում: Իսկ ընդհանուր առմամբ ընտրությունների հարցում ձևավորվեց մի կարծիք, ըստ որի այն ընդհանուր առմամբ արդար էր, իսկ ընթացքը՝ խաղաղ ու անցնցում: Ցավոք, խորքային իրողությունների քննումը բոլորովին այլ եզրահանգման են բերում, իսկ հետընտրական անհանգիստ Ջավախքում ամեն ինչ դեռ ունի լրջագույնս ուսումնասիրման կարիք: Դեռ 2012 թ. հոկտեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում, երբ տիրում էր սաակաշվիլիական-մերաբիշվիլիական նեոբոլշևիկյան ռեժիմը, Ջավախքում տեղի ունեցան լրջագույն խմորումներ, որոնք, թեև փոքր չափերով, այդուհանդերձ դրականորեն ազդեցին ռեժիմի լուծը թոթափելու վրա: Ամենակարևորն այդ սաղմերի վրա հետագա ընթացքում ձևավորվեց այն ուժը, որը հաղթանակ բերեց Բ. Իվանիշվիլու գլխավորած “Վրացական երազանք” դաշինքին արդեն 2013 հոկտեմբերին տեղի ունեցած նախագահական ընտրություններում, երբ արդեն Գ. Մարգվելաշվիլին Ջավախքում լիարժեքորեն հաղթանակ տարավ: Համապետական այս ընտրություններով Ջավախքը ևս մտավ շրջադարձային փոփոխությունների սպասման փուլ, մանավանդ, որ Բ. Իվանիշվիլին ջավախահայությանը հուզող շատ հիմնահարցերում արտահայտվել էր հստակ և տվել նույնքան հստակ խոստումներ: Առանցքային այս խնդիրների մեջ ջավախահայությունն ակնկալում էր ամենակարևոր և հրատապ փոփոխությունը. այն է՝ կենտրոնական իշխանությունների հրաժարումը՝ երկրամասը Ներքին գործերի նախարարության համապատասխան դեպարտամենտների միջոցով կառավարելու մեթոդից, մի եղանակ, որը որդեգրել էր նախորդ վարչակարգը: 2013 թ. նախագահական ընտրություններից հետո սպասողական վիճակը ունեցավ իր ավարտը. Ջավախքում հստակ պատկերացում կազմեցին Թբիլիսիի քաղաքական վարքագծի մասին, առավել պարզորոշ երևաց Իվանիշվիլու թիմակիցների դիմագիծը: Համընդհանուր սպասելիքները, որոնք նաև ծնունդ էին առել հետսաակաշվիլիական օրերին անօրինական դատապարտված ջավախահայերին ազատ արձակելու բերումով, կարծես օդում կախված մնացին: Կապված Ջավախքում տեղի ունեցած հասարակական – քաղաքական վերադասավորումների հետ: Քաղաքական գործընթացներում բնական է, որ ինչպես կենտրոնական իշխանություններում, այնպես էլ երկրի այլ մասերում, իշխանությունն իր ձեռքը կվերցնի ընտրություններում հաղթանակած քաղաքական ուժը: Վրաստանում այս պարագայում դա պետք է տեղի ունենար “Վրացական երազանք” քաղաքական դաշինքի հետ: Ի տարբերություն երկրի այլ շրջանների՝ Ջավախքում, հատկապես Ախալքալաքի և Նինոծմինդայի շրջաններում, դա տեղի չունեցավ: Ավելին, դա տեղի չունեցավ նաև նախագահական ընտրություններից հետո, երբ երկրի զանազան պաշտոններից վերջնականորեն հեռացվեցին սաակաշվիլիական մնացուկները: Նինոծմինդայի շրջանում արագորեն իվանիշվիլիական զգեստ հագավ նախկին մոլի սաակաշվիլիական ուժի ներկայացուցիչը, իսկ այն մարդիկ, որոնք բառիս բուն իմաստով կենաց ու մահու կռիվ էին տվել նախորդ ռեժիմի դեմ, շպրտվեցին լուսանցք, և հարցը արագորեն փակվեց այստեղ: Իսկ Ախալքալաքի այն ուժերը, որոնք, հիրավի, իրենց հավատարմությամբ ու տղամարդկային կեցվածքով նպաստել էին Իվանիշվիլու հաղթանակներին, արդեն որերորդ անգամ մնացին սպասումների հորձանուտում, իսկ այս անգամ էլ պատճառը ՏԻՄ ընտրություններն էին: Նշյալ ուժերն ամենայն համբերատարությամբ սպասեցին նաև այս ընտրությունների ավարտին, միանգամայն իրավացիորեն հույս տածելով, որ իրենք կգլխավորեն “Վրացական երազանք” քաղաքական դաշինքի շտաբը, կհասնեն հաղթանակի և կանցնեն իշխանության գլուխ: Սակայն շաբաթն ուրբաթից շուտ եկավ. Նինոծմինդայի օրինակով շտաբը հանձնվեց ոչ թե իրենց, այլ կրկին նախորդ ռեժիմի կատաղի պաշտպաններին: Վերոնշյալ զարգացումները տարօրինակ ոչինչ չեն պարունակում իրենց մեջ, եթե վերլուծում ենք խորքային իրողությունները: Իրականում բանն այն է, որ երկար մտորումներից հետո վրացական նոր վերնախավը ևս չհրաժարվեց երկրի այլ ազգությունների նկատմամբ նախորդ իշխանությունների որդեգրած բռնի ձուլման քաղաքականությունից, իսկ դրա լավագույն մեթոդը նախորդ շրջանում հաջողությամբ կիրառված ուժային կառավարման ձևն է: Պարզից էլ պարզ է, որ ուժային կառավարման այս համակարգում չէին կարող լինել ընտրություններում իրենց համար ճակատ տված մարդիկ, որոնք պայքարել էին հանուն հենց այդ կարգերի տապալման: Ի՞նչ էր մնում անել: Ոչ այլ ինչ, քան կրկին գնալ այն հատվածի հետ համագործակցության, որը դեռ 1990-ական թվականներից տարբեր, այդ թվում՝ ծայրահեղ հակադիր գաղափարներով վարչակարգերի պայմաններում հաճույքով մնացել է իշխանության մեջ և նույնքան հաճույքով սպասարկել այդ ռեժիմներին: Նախկին սաակաշվիլիական նեոբոլշևիկյան, բերիայական մեթոդներին հմուտ տիրապետող ՆԳՆ ճարտարապետներին վստահող կենտրոնական իշխանություններին ամենևին չմտահոգեց այն հանգամանքը, որ Ջավախքում արդեն մի քանի անգամ իրենց կողմից խաբված հանրությունը կարող է ոտքի կանգնել և վիրավորանքի խոր զգացումից պոռթկալ։ Վերջիններս, ելնելով նախորդ տարիների ավանդույթներից, հատուկ ծառայություններին և վերջիններիս սպասարկող տեղական պոտյոմկիններին չափից դուրս շատ էին վստահել՝ չհաշվարկելով, որ Ջավախքում այդ համակարգի դեմ պայքարի մեկ անկյունաքարը հենց իրենց իշխանության գալով է դրվել: Արդյունքում՝ Ջավախքում բոլոր ուժերը, բացի “Վրացական երազանքից” և “Միացյալ ազգային շարժումից” (Սաակաշվիլու կողմնակիցները), համախմբվեցին ոչ խորհրդարանական քաղաքական ուժի՝ Կախա Կուկավայի շուրջ: Միայն տխմարը կարող է չհասկանալ, որ այս միավորումը ոչ թե հանուն Կուկավայի էր, այլ վրեժխնդրական քայլ, խաբեբա կենտրոնական իշխանություններին ուղղված նոտա, որով պարզվեց ամենակարևորը. Ջավախքն այլև չի հանդուրժում ուժային կառավարման համակարգը: ՏԻՄ խայտառակ ընտրությունները, նախընտրական զազրելի արարքները, գյուղերում բացահայտ քրեորեն պատժելի, անգամ գյուղից աքսորվելու սպառնալիք պարունակող բովանդակությամբ հայտարարությունների փակցնումները, տների հրկիզման մասին նամակների գաղտնի հանձնումները, ընտրությունների օրը ընտրակաշառքների, խանութներից անվճար խմիչքների և մթերքների բաժանումը, ամենակարևորը՝ ընտրությունների օրը գրանցված քայլերը, որով հատուկ նշումներով նախօրոք փչացվել էին այն մարդկանց կամ գյուղերի քվեաթերթիկները, որտեղ նախօրոք իմացել էին գյուղի կամ ընտրողի տրամադրվածությունը, խոսում են ընտրությունների լիարժեք ձախողման մասին։ Արդյունքում՝ խայտառակ բարձր թիվ էր կազմել Կուկավայի օգտին քվեարկված այն քվեաթերթիկների թիվը, որոնք համարվել էր անվավեր: Այս փաստի անտեսումը դարձավ անհնար, և անգամ խայտառակ վերահաշվարկների արդյունքում մի քանի տեղամասերի նախագահներ տուգանվեցին, իսկ մեկում հայտարարվեց կրկնակի ընտրություններ։ Ներկա պայմաններում կարող ենք եզրակացնել.

• Ջավախքում ՏԻՄ ընտրական շտաբը հանձնելով ուժային կառույցների ներկայացուցիչներին՝ Վրաստանի կենտրոնական իշխանությունները Ջավախքում ստեղծեցին լարված և բարոյազուրկ վիճակ։

• Ստանձնելով ընտրությունների կազմակերպման գործընթացը՝ ուժայինները կիրառեցին սաակաշվիլիական բռնի մեխանիզմներ։

• Դատելով ընտրություններին նախորդող, ընտրությունների օրը գրանցված և հետընտրական լարված իրավիճակից՝ նշյալ ուժային կառույցները հիմնովին ձախողել են ՏԻՄ ընտրությունների կազմակերպումը Ջավախքում և ամբողջովին խայտառակել իրենց։

• Ջավախքում պահանջում են լիարժեք ժողովրդավարություն, այնպիսին, ինչպիսին խոստացել էր Բ. Իվանիշվիլին նախընտրական հանդիպման ժամանակ, և այլևս հաջողություն չի ունենալու խորհրդային НКВД-ի մեթոդներով երկար ժամանակ գործած ուժային կառավարման մոդելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել