1940 թվականին լույս տեսավ Հեմինգուեյի «Ում մահն է գուժում զանգը» վեպը, որը ողջ ամերիկյան հասարակության համար դարձավ որոշակի շրջափուլի սահմանագիծ: 
Անցյալ դարի 30-40-ական թթ Հեմինգուեյի ստեղծագործությունները ամենայն ճշգրտությամբ փոխանցում էին ժամանակի իրականության համը հոտն ու զգացողությունները, որոնք արդեն Հեմինգուեյի ընթերցողները «թարգմանում էին» սեփական էմոցիաների լեզվով, ինչն օգնում էր նրանց ընկալելու աշխարհն այնպիսին, ինչպիսին այն տեսնում զգում ու ընկալում էին Հեմինգուեյի հերոսները:
Պատերազմից հետո աշխարհն իրապես խորը ցնցում է ապրում: Կյանքը կորցնում է իր սովորական ու հուսալի պատկերն ու առանցնքերը: Մեծ գրողի հերոսներն արդեն մահանում են ոչ թե ֆաշիզմի դեմ պայքարելիս, այլ, որովհետև արդեն հոգնել էին ապրել ու պայքարել առանց նպատակի հստակ գիտակցման, օր.` Թոմ Հադսոնը «Կղզիներն օվկիանոսում» վեպում: Հեմինգուեյի ստեղծագործությունները որոշակի ազդեցություն ունեցան նոր սերնդի գրողների մոտ, ովքեր միավորվեցին «նոր արձակի» դպրոցի մեջ -Կ. Մաքալերս, Յու. Ուեթլի, Թ. Քապոտե, Ռ. Մորիս-: Սուբյեկտիվիզմն ու բարոյական դիրքորոշումների անորոշությունը դարձան այս դպրոցի համար հիմնական գեղագիտական իդեալներ: Արդեն շատ հազվադեպ էին ստեղծվում լայնամասշտաբ «գրական կտավներ»: Գեղարվեստական ինքնագիտակցությունը արդեն կոտորակվում էր բազմաթիվ ենթամշակույթների ազդեցության ներքո , որոնք փորձում էին լուրջ գրականությունը "իջեցնել" ու դարձնել մասսայական: 
Այսուհանդերձ բարոյական որոնումները, դարձը դեպի ճշմարտություն և դեպի ներքին «ես»-ը, մշտապես գտնվում էին հետպատերազմական շրջանի գրողների ուշադրության կենտրոնում -Ջ. Ապդայք, Ն. Մայլեր, Ս. Բելոու, Ջ. Դ. Սելինջեր, Ու. Սթայրոն -:

-շարունակելի-

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել