Գրքի հետ կապված աշխատանքների պատճառով բլոգում չեմ կարողանում թարմացումներն ավելի արագ կատարել, բայց այս ամենը ժամանակավոր է: Իսկ այսօր կներկայացնեմ Հրվ. Կորեական գիգանտներից մեկի պատմությունը, որին ուղղակիորեն ոչնչացրեցին ամերիկացիները 21-րդ դարի սկզբին: Իսկ հիմա ավելի մանրամասն:
Daewoo ընկերություն, որի զարգացման հենց առաջին փուլն իսկապես զարմանք է առաջացնում բոլորի մոտ, թե ինչպես է կարողանում մի կորեացին թեթև հնարքով ստեղծել աշխարհի ամենամեծ ընկերություններից մեկը: Daewoo-ն բառացի արտասանվում է որպես Դեյու:
Daewoo-ի հիմնադիրը Կիմ Վու Չունն է, ով ծնվել է 1937 թվականին մանկավարժների ընտանիքում և հենց ծնողների շնորհիվ Չունը հասնում է շատ լուրջ արդյունքների: Չունի երիտասարդությունը համընկնում է այն ժամանակաշրջանի հետ, երբ հարավ-կորեացիներն ամեն կերպ փորձում էին առաջ անցնել ճապոնացիներից: Այդ տարիներին գրեթե բոլոր կորեացիների սրտում մեծ ցանկություն կար՝ ճապոնացիներին որքան հնարավոր է ետ թողնել, խոսքը գնում է և՛ քաղաքական գործիչների, և՛ զինվորականների, և դասախոսների, և՛ արտադրողների մասին:
Այս գաղափարն իսկապես համազգային բնույթ էր կրում Հրվ. Կորեայում: Կիմը նույնպես այդ ոգով էր տոգորված և ցանկանում էր իր սեփական բիզնեսն ունենալ: 60-ականներին Չունն ընդունվում է աշխատանքի և առանց հանգստանալու աշխատում է մինչև 1990 թվականը: Եթե նայենք, ապա 53 տարեկանում առաջին անգամ նա արձակուրդ է գնում, երբ տղան մահանում է ավտովթարից: Որպես խորհուրդ՝ պետք է աշխատել շատ, բայց առողջությունը հարկավոր է նաև պահպանել: Ահա թե ինչ զարմանալի ու նպատակասլաց մարդ էր Կիմ Վու Չունը:
29 տարեկանում Չունը դառնում է Han sung Industrial-ի տնօրեն, սակայն չի դադարում երազել իր սեփական բիզնեսի մասին: Վերջապես 1967 թվականին, իր կուտակած գումարով, հիմնում է Daewoo ընկերությունը, որը թարգմանաբար նշանակում է տիեզերք: Չունն այդ անունը բացատրում էր նրանով, որ ցանկանում էր ունենալ մեծ ընկերություն: Daewoo-ի առաջին բիզնեսը մանածագործությունն էր, որի նախնական կապիտալը կազմում էր ավելի քան 4000 դոլար: Չունի առաջին լուրջ գործարքն իսկապես հանճարեղ մարքեթինգային հնարք էր, երբ նա Հոնգ-կոնգյան ընկերություններից մեկի ներկայացուցիչների հետ գործնական հանդիպում է կազմակերպում:
Հանդիպման ժամանակ Չունը ցույց է տալիս որակյալ կտորներ, որը գաղտնի ներկրել էր Եվրոպայից, որպեսզի որակյալ արտադրանք ցույց տար ապագա գործընկերներին: Արդյունքում Հոնգ-կոնգյան ընկերության ներկայացուցիչներին կտորը դուր է գալիս և պատվիրում են 200 հազ. դոլարի ապրանք: Չունը կանխավճար է պահանջում և հենց այդ կանխավճարի հաշվին էլ կառուցում է առաջին կարի արտադրության գործարանը: Իսկ ներմուծած կտորը վերլուծելով՝ Չունը կարողանում է ստանալ նույն եվրոպական որակը, բայց ավելի էժան գներով: Ահա նման կրեատիվ մտքով Չունը կարողանում է դնել իր թագավորության հիմքը:
70-ական թվականներին Հրվ. Կորեայում զարգանում էր գեներալ Պակ Չժոն Հիի գաղափարը՝ ստեղծել օլիգարխիկ բիզնես միջավայր, կամ Չեյբոլներ: Ըստ գեներալ Հիի՝ ամբողջ Կորեայի տնտեսության հիմքը պետք է լինեին Չեյբոլները: Չեյբոլը բազմաթիվ մանր ընկերությունների միավորում էր, որոնց ղեկավարները մի ընտանիքի անդամներ էին և բոլորն էլ իրար հավասար իրավունքներ ունեին: Եթե որևէ մի փոքրիկ ընկերություն վարկ էր ստանում, ապա այն կարողանում էր բաշխել նաև մյուսներին, այսինքն մեկը մյուսին սերտաճած ընկերությունների ամբողջություն էր իրենից ներկայացնում այդ Չեյբոլ կոչվածը:
Գեներալը մտածում էր, որ Կորեայի տնտեսությունը զարգացնելու համար հարկավոր է դուրս գալ միջազգային շուկա, իսկ միջազգային շուկայում մանր ընկերություններով ոչինչ չես թելադրի: Նա արգելում է բոլոր ներդրողներին Հրվ. Կորեայում որևէ ներդրումներ կատարել, քանի որ օտարերկրացիները կարող է խանգարեին տեղական արտադրողներին: Չեյբոլներին հատկացվեց ֆինանսական հսկայական միջոցներ, որոնց տոկոսադրույքները շատ ցածր էին: Ամենախոշոր 4 Չեյբոլներն էին՝ Samsung-ը, Hyundai-ը, LG-ն և վերջում արդեն Daewoo-ն: Մարդիկ իսկապես ձգտում էին աշխատել Չեյբոլում, քանի որ այստեղ նրանք աշխատում էին մինչև իրենց կյանքի վերջը, իսկ նրանց աշխատավարձը կախված էր աշխատած տարիների քանակից:
Շատ հետաքրքիր կերպով է Daewoo-ն հայտնվում այս Չեյլբոլների ցանկում: Կիմ Վու Չունի հայրը եղել է գեներալ Պակ Չժոն Հիի դասախոսը: Երբ գեներալ Հին պատահական այցելում է իր դասախոսին, տեսնում է, որ նրա որդին հիանալի գործարար է: Հին Չունին հրավիրում է իր մոտ և ասում.
-Ես քեզ տալիս եմ շատ ցածր տոկոսադրույքով զգալի գումարներ, տալիս եմ անթիվ քանակությամբ ռեսուրսներ, բայց պահանջում եմ, որ Հրվ. Կորեան լինի ամբողջ Ասիայի տնտեսապես ամենահզոր երկիրը: Ես իմ երկրի զարգացման համար պատրաստ եմ ամեն ինչի՝ միայն թե առաջ անցնենք ճապոնացիներից: Կիմ Վու Չուն համաձայնվում է և Daewoo-ն սկսում է զարգանալ: Ընկերությունը զարգանում է, իսկ Կիմ Վու Չունը դեռ երազանք ուներ: Նա շատ էր ցանկանում մտնել մեքենաների շուկա և 1995 թվականին, երբ Daewoo-ն արդեն ամերիկյան շուկա էր մտնում, ղեկավարը շեշտում է հետևյալը.
-5 տարի հետո ես ավելի շատ մեքենա եմ արտադրելու, քան ամերիկյան բոլոր արտադրողները:
Այս արտահայտությունն էլ հետագայում դառնում է ճակատագրական հենց Daewoo-ի համար: Եվ իսկապես, շնորհիվ հիանալի մարքեթինգային ռազմավարության՝ Daewoo-ն 90-ականների վերջին արդեն թողարկում էր ավելի քան 1.6 մլն. մեքենա: Այսքան մեքենայի արտադրության հիմքը Daewoo-ի մարքեթինգային ռազմավարությունն էր՝ մտնել էժան մեքենաների շուկա, որին ոչ ոք ուշադրություն չէր դարձնում: Daewoo-ն սկսեց գրավել զարգացող շուկաները՝ Ուզբեկստան, ԱՊՀ երկրները, Լեհաստան, Նիգերիա, աֆրիկյան երկրներ և այլն: Այսինքն Daewoo-ն ճակատ-ճակատ չկռվեց գրանդների հետ, նա վերցրեց չգրավված տարածք և առանց մրցակցության գրավեց այն:
Բայց նման հաջողությունը երկար տևել չէր կարող, քանի որ ամերիկացիներին ընդհանրապես ձեռք չէր տալիս ունենալ էժան, բայց որակյալ ապրանք արտադրող կորեացի մրցակիցներ: Նրանք որոշում են քանդել Չեյբելները, իսկ առաջին հերթին հարվածել հենց ավտոարտադրողներին: Նրանք նախ Հրվ. Կորեայում նշանակում են իրենց մարդուն, ով գնում է ողջ Կորեայի ԶԼՄ-ները՝ թերթերը, տարբեր հեռուստաընկերություններ և ԶԼՄ-ներով հայտնում է, որ Չեյբոլներն ամբողջությամբ կոռուպցիա է, այն պետք է քանդել, մի աշխատեք այնտեղ, ժամանակն է բոլորն ազատ ապրեն, քանի որ Կորեան սխալ ուղղությամբ է զարգացել: (Եթե մի երկրի ԶԼՄ-ները կառավարվում են մի մարմնի կողմից, ապա բնակչությանը մանիպուլյացիայի ենթարկելը ժամանակի հարց է):
Ամերիկացիներին դուր չէր գալիս, որ իրենց չէին կարողանում ներդրումներ կատարել Հրվ. Կորեայում Չեյբոլների պատճառով: Այնուհետև ամերիկացիները արհեստականորեն ստեղծում են 1997 թվականի ասիական ճգնաժամը և Չեյբոլներին զրկում պետական ֆինանսավորումից: Դրանից հետո հայտնվում է Արժույթի միջազգային հիմնադրամն ու առաջարկում իր աջակցությունը, բայց որոշակի պայմաններով՝
-Նախ բոլոր կորեացիներին պետք է տալ ժամավճար, այլ ոչ թե աշխատավարձ ըստ տարիների
- Հեռուստացույցով անընդհատ ներկայացնել հաղորդումներ, որ կորեացիների համար մեքենա պատարստելն իսկապես ամոթաբեր է, իմաստ չունի: Նրանք ներկայացնում էին մի 19-ամյա պատանու, ենթադրենք Կիմ Վուն Ցուին, ով ոչ մի տեղ չէր ավարտել, բայց դարձել էր միլիոնատեր, քանի որ ինտերնետում ներդրումներ էր կատարել: Բնական է, որ ոչ մեկն էլ այս ամենից հետո չէր գնա ավտոմեքենայի գործարան բանվոր աշխատելու:
Այդ դաժան պայմաններից Hyundai-ի ղեկավարն իրեն նետում է գրասենյակի պատուհանից, իսկ Կիմ Վուն Չունն ուղղակի թաքնվում է հետապնդումներից: Այստեղ ամենաշատը տուժվում է Daewoo-ն քանի որ նա հավատում էր իր պետական կապերին, բայց ապարդյուն, քանի որ այդ ընկերության վրա աչք էին դրել ամերիկյան Ford-ն ու GE-ն: Նրանց նպատակը հետևյալն էր, որքան հնարավոր է գինն իջեցնել և մուտք ունենալ կորեական էժան բիզնես և հասկանալ, թե ինչպես են նրանք կարողանում այդպիսի էժան մեքենաներ ստանալ: Արդյունքում 6 մլրդ-անոց Daewoo-ին GE-ն գնում է 250 մլն. դոլարով և դարձնում իր մասնաբաժինններից մեկը: Ահա և Daewoo-ն դարձավ ամերիկացիների զոհը, ովքեր ճգնաժամի, ԶԼՄ-ների միջոցով կարողացան վերացնել իրենց համար իսկապես վտանգավոր Daewoo-ին: