Մեր մեդիա իրականությունում կան մի քանի լպրծուն դեմքեր, ովքեր իրենցից առանձնակի կարևորություն չեն ներկայացնում, բայց, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, փորձում են «եղանակ» ստեղծել Հայաստանում: Այդ լպրծունների շարքում իր պատվավոր տեղն ունի Անդրանիկ Նիկողոսյան անունը կրող մի երևույթ, ով հանրության առավել լայն շրջանակներին հայտնի է «Պուտին» ակումբներ ստեղծելու չհաջողված, տխրահռչակ նախաձեռնությամբ ու Կրեմլին սպասարեկելու մի քանի անհաջող փորձերով:
Այդ անձի 2008-2013 թթ. վերջին խարդախություններն արդեն մոռացվել էին և Անդրանիկ Նիկողոսյանին անդրադառնալու գաղափար չէր ծագի, եթե չլիներ համապատասխան առիթ: Իսկ առիթը «Россия сегодня» պետական լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի՝ օրերս Հայաստան կատարած այցն ու դրան հաջորդած սկանդալն էր: Այցի կազմակերպիչն ու Կիսելյովին սպասարկողը հենց Անդրանիկ Նիկողոսյանն էր, ով իր «Համմերով» Կիսելյովին բարձրացրեց ԱԺ աստիճաններին, իսկ վերջինս հայոց լեզվի օրենքը փոփոխելու, հորինված տաքսիստի ու մեր անվտանգության սպառնալիքների մասին արած հայտարարություններով համընդհանուր քննադատության ու պարսավանքի առարկա դարձավ: Հայ պատգամավորներն անգամ առաջարկեցին «պերսոնա նոն-գրատա» հայտարարել Կիսելյովին ու կարևորություն չտալ նրա այցին: Կիսելյովին անվանեցին Պուտինի խոսնակ, Կրեմլի կացնային քարոզչության կրող: Մի խոսքով՝ մարդիկ խիստ զայրացան ու մեղադրեցին նրան իր կարգավիճակից ու դիրքից բարձր հայտարարություններ անելու մեջ:
Նիկողոսյանի ձախողված հերթական նախաձեռնություններից մեկը «Պուտին» ակումբներ ստեղծելու գաղափարն էր, որը ևս համընդհանուր ծաղրի առարկայի վերածվեց՝ դառնալով հայկական հումորային հաղորդումների հիթը: Նիկողոսյանի ստրկամիտ գաղափարի արդյունքում մարդիկ ՌԴ նախագահին սկսեցին համեմատել սովետական բռնակալների հետ: Օրերս էլ պարզվեց, որ Նիկողոսյանը ոչ այլ ինչ է, քան սովորական ինքնակոչ: Shamshyan.com-ում հրապարակված նյութի համաձայն Անդրանիկ Նիկողոսյանի մեքենան ՌԴ դեսպանատան կեղծ համարանիշներ օգտագործելու համար տեղափոխվել է ՃՈ հատուկ տարածք ու խոշոր չափի տուգանքի ենթարկվել: Նիկողոսյանը, թերևս, այս կերպ փորձել է իր մտավոր ունակությունների ու ուժերի ներածին չափով իրականություն դարձնել իր ամենանվիրական երազանքը, այն է՝ դառնալ ՌԴ պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, բայց, ինչպես տեսնում ենք, այս նախաձեռնությունը ոչ միայն բարոյական, այլև ֆինանսական տեսանկյունից թանկ նստեց Նիկողոսյանի վրա:
Ինձ՝ հայ մարդու համար անընդունելի է, որ մեզանում կան անդրանիկնիկողոսյաններ, որոնց համար ռուսական շահին ծառայելը մեր ազգային շահից կարևոր է, բայց չեմ կարող չնկատել, որ Նիկողոսյանն իր գաղափարներով «արջի ծառայություն» է մատուցում հենց Ռուսաստանին՝ ամեն անգամ հարուցելով համընդհանուր զայրույթ Հայաստանի՝ թե քաղաքական, թե հասարակական շրջանակներում:
Այսուհետ հետևողականորեն անդրադառնալում եմ խնդրին,  ուստի ուզում եմ ասել. Բարև, Անդրանիկ Նիկողոսյան… մենք երկար ու քեզ համար ոչ այնքան հաճելի ճանապարհ ունենք միասին անցնելու:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել