Rima-Margaryan1in.am-ը գրում է.

Հայաստանում գյուղմթերքի դեֆիցիտ կա, սակայն դրա ծավալները ուռճացված են: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին նշեց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը: Նրա խոսքով՝ ընդունված պրակտիկա է՝ եթե մի բանի պակաս է լինում՝ դեֆիցիտ, միանգամից ուռճացնում են այդ դեֆիցիտի չափերը, դրանից օգտվելով սկսում գին բարձրացնել, արհեստական դեֆիցիտ ստեղծել:

Ու թեպետ այս տարի բնակլիմայական պայմանները հաջող չէին, ձյուն եկավ, կարկուտ, հիմնականում ծիրանի բերքը վնասվեց, սակայն նախապես ասվել էր, որ ծիրան՝ ոչ շատ, բայց կլինի: «Այս տարի 1800 – 2500 դրամով ծիրան է վաճառվում՝ էն դեպքում, որ հայտարարվեց, թե ճիշտ է՝ քիչ է լինելու բերքը, բայց ընդամենը 8000 տոննա պակաս պիտի ստացվի այս տարի, մինչդեռ տպավորություն կա, թե հիսուն տոկոս բերքի պակաս կա: Դա անընդունելի է, բայց, իհարկե, շուկան է կարգավորում գները: Եթե հավաքը շատ եղավ, ինչ խոսք, ստիպված պիտի լինեն գինն իջեցնել, հակառակ դեպքում վաճառողը կտուժի»,- ասաց նա:

Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը նախ նշեց, թե կարիք կա բանավեճերի, որպեսզի այդ բանավեճին ներկա լինեն պատասխանատուները՝ գյուղնախարարության, էկոնոմիկայի նախարարության և այլք: Միության նախագահի խոսքով՝ մեր երկրի բնակչության կեսն առայժմ գյուղում է բնակվում, բայց տենդենցը՝ արտագաղթելու՝ և դեպի քաղաք, և երկրից դուրս, ավելի հստակ երևում է գյուղերում. շատ գյուղեր կան, որտեղ տատիկներ են բնակվում:

Պողոսյանը նշեց, թե գյուղացին իր եկամուտների 30 տոկոսն է ստանում միայն. Գիշերները գործող գյուղմթերքի հանձնման կետեր կան, որտեղ էլ հենց պայմաններ են թելադրում՝ այսքանով կտաս, ամբողջը կվերցնենք, ոչ՝ կվերադառնաս: Միության նախագահի համոզմամբ՝ գյուղացուն պետք է վարկ տրամադրել, այն էլ՝ արտոնյալ վարկ, մինչդեռ էլիտար սերմացու են բերում, որի բերքատվությունը չկա:

Բերքի մթերմամբ զբաղվողը պիտի լինի ոչ գյուղացին, քանի որ մթերումն, ըստ Պողոսյանի, առանձին մասնագիտություն է, ուրեմն ինչու պիտի գյուղացին ինքը բերի, ինքը կանգնի շուկայում ու ինքն էլ վաճառի:

Բանախոսները նշում են, որ այս տարի յուղմթերքի շուկայում գնաճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի մեծ է, և միայն ծիրանի դեպքում է առկա շեշտակի գնաճ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել