Lurer.com-ը գրում է.

Մոսկվայում այն կարծիքին են, որ Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի կողմից Եվրամիության հետ ասոցացման մասին համաձայնագրերի ստորագրումը կարող է վնասել Ռուսաստանի տնտեսությանը: Այդ մասին ասված է ՌԴ ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ, որը տարածվել է հունիսի 26-ին:

Կիևը, Թբիլիսին և Քիշնևը պլանավորում են հունիսի 27-ին ստորագրել ասոցացման համաձայնագրեր, որոնցով նախատեսվում է նրանց մուտքը Եվրամիության ազատ առևտրի գոտի: ՌԴ-ի իշխանությունները քանիցս հայտարարել են, որ այդ դեպքում Ռուսաստանն ստիպված կլինի իր ներքին շուկան պաշտպանել եվրոպական ապրանքների անմաքս հոսքից, մասնավորապես, Ուկրաինայի տարածքով:

«Մենք նախկինի պես այն կարծիքին ենք, որ Ուկրաինայի, Մոլդովայի ու Վրաստանի հետ ասոցացման համաձայնագրերի կնքումը կարող է վնասել Ռուսաստանի տնտեսությանը՝ կապված մեր հարևանների հետ կոոպերացիոն կապերի խզման և առևտրատնտեսական հարաբերությունների կրճատման հետ»,-ընդգծել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

ԱԳՆ-ում հիշեցրել են, որ Եվրահանձնաժողովն առաջարկել է հուլիսի 11-ին նախարարական հանդիպում անցկացնել Ռուսաստան-Եվրամիություն-Ուկրաինա ձևաչափով, ինչին ռուսական կողմը տվել է իր համաձայնությունը:

«Անտարակույս, այդօրինակ հանդիպումները հարկավոր էր անցկացնել նախքան այդքան կարևոր փաստաթղթերի ստորագրումը: Ավելի վաղ ռուսական և ուկրաինական կողմերն առաջարկում էին կոնսուլտացիաներ անցկացնել եռակողմ ձևաչափով, բայց Բրյուսելը մերժում էր դրանք: Ներկայում դիտարկվում է փորձագիտական մակարդակով նախապատրաստական հանդիպում անցկացնելու հնարավորությունը»,-նշվում է հաղորցդագրության մեջ, տեղեկացրել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել