Lurer.com-ը գրում է.

Իրաքում ականապատ մեքենաների պայթյունից 6 տասնյակ մարդ է տուժել: Ինչպես հաղորդում է արաբական լրատվամիջոցները, Իրաքի անվտանգության աղբյուրները տեղեկացնում են, որ Իրաքի հյուսիսում գտնվող Քիրքուք քաղաքում ականապատ մեքենայի պայթյունից 5 մարդ զոհվել է, ևս 20-ը վիրավորվել: Սա Քիրքուք քաղաքում առաջին ահաբեկչությունն է այն բանից հետո, երբ քրդական անվտանգության ուժերն իրենց վերահսկողության տակ են վերցրել քաղաքը:

Բացի այդ, մայրաքաղաք Բաղդադի հարավում գտնվող Մահմուդիա գյուղաքաղաքում իրաքյան ուժերի ռմբակոծության հետևանքով 12 մարդ զոհվել է, ևս 23-ը՝ վիրավորվել:

Արաբական մեկ այլ աղբյուր տեղեկացնում է, որ Սալահ ադ Դին մարզում Իրաքի կառավարական ուժերը «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման տասնյակ անդամների են սպանել, այդ թվում` խմբավորման ղեկավարին: Կառավարական ուժերը շարունակում են ռմբակոծել Բայջի քաղաքում զինյալների հավաքատեղիների ուղղությամբ և արդյունքում տասնյակ զինյալներ են սպանվել: 48 ժամվա ընթացքում օդային ռմբակոծության հետևանքով զոհվել է 112 մարդ և վիրավորվել 72-ը:

«Ալ Մայադին» կայքը տեղեկացնում է, որ Անբարի մարզի արևմուտքում իրաքյան ուժերը ցեղախմբերի հետ համագործակցությամբ սպանել էին ԻԼԻՊ-ի ղեկավարներից մեկին և նրա 4 օգնականներին:

ՄԱԿ-ի տվյալներով` Իրաքում «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման հետ մոտ 20 օրվա բախումների հետևանքով զոհվել է ավելի քան հազար խաղաղ բնակիչ: Խաղաղ բնակիչների մեծամասնությունը սպանվել է Իրաքի հյուսիսում, որտեղ վերահսկողություն են հաստատել ծայրահեղականները: Նշված ժամանակահատվածում ևս 318 մարդ սպանվել և 590 վիրավորվել է Բաղդադում և հարավային շրջաններում ականապատ նվազագույնը 6 մեքենաների պայթյունների հետևանքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել