Մի ստորակետն անգամ կարող է փոխել ասվածի ողջ իմաստը: Ուստի մենք պետք է ծայրահեղ զգույշ և ուշադիր լինենք մեր արտահայտություններում: Իհարկե, մտերիմների հետ զրուցելիս մենք կարող ենք մեզ թույլ տալ հիմարություններ դուրս տալ. միևնույնն է, մեր մտերիմներն այնքան լավ են ճանաչում մեզ, որ լուրջ չեն ընդունի մեր հիմարությունները և կես խոսքից էլ կհասկանան, թե մենք ինչ նկատի ունենք: Սակայն երբ  մենք աշխատավայրում ենք, մենք պետք է ավելի հստակորեն և ավելի զգուշորեն արտահայտվենք: Գրող Դարլին Փրայսը «Լավ է ասված. շնորհանդեսներ և զրույցներ, որոնք արդյունքի են հանգեցնում» գրքում մի շարք կարևոր գաղափարներ է առաջ քաշել աշխատանքային էթիկայի մասին: Նա մասնավորապես նշել է.

«Բառերը մեծ նշանակություն ունեն: Դրանք համոզիչ հաղորդակցության առանցքային բաղադրիչներից են: Առաջնորդը կիրառում է լեզուն ինչ-որ մեկի վրա որոշակի ազդեցություն գործելու և արդյունքի հասնելու համար: Նաև սրա շնորհիվ է, որ նա առաջնորդ է համարվում: Առաջնորդի խոսքերը ստիպում են մարդկանց հետևել իրեն»:

Ուստի եթե ցանակնում ես, որ աշխատավայրում քեզ ընկալեն իբրև առաջնորդ, կարևոր է, որ դու քո խոսքը համեմես այնպիսի արտահայտություններով, որոնք ոգեշնչում են, ուժ են տալիս, մոտիվացնում և ուշադրություն գրավում: Ղեկավարների ու գործընկերների հետ խոսելիս մարդիկ կիրառում են այնպիսի արտահայտություններ, որոնք վտանգում են նրանց մասնագիտական իմիջը և առաջխաղացման հնարավորությունները: Դրանք կարող են անշառ բառեր թվալ խոսողին, սակայն զրուցակիցը կարող է բոլորովին այլ կերպ ընկալել ասվածը: Ահա մի քանի արտահայտություն, որոնցից պետք է խուսափել աշխատավայրում: 

Դա արդար չէ

Նա պաշտոնի բարձրացում ստացավ, իսկ դու՝ ոչ: Նա գովասանքի արժանացավ, իսկ դու՝ ոչ: Փրայսն ասում է. «Որոշ մարդիկ կարող են կուշտ սնվել, իսկ մյուսները սովամահ են լինում»: Անարդարություններն ամեն օր պատահում են աշխատանքում և կյանքի բոլոր բնագավառներում: Բողոքելու փոխարեն արձանագրիր փաստերը, ամբողջական պատկեր կազմիր և խելամիտ փաստարկներ ներկայացրու այն մարդուն կամ մարդկանց, ովքեր կարող են օգնել քեզ:

Դա իմ խնդիրը չէ: Դա իմ պարտականությունը չէ: Ես բավականաչափ չեմ վարձատրվում նման առաջադրանք կատարելու համար:

Եթե դու ինչ-որ մեկից օգնություն խնդրեիր, և տվյալ մարդը պատասխաներ վերոհիշյալ արտահայտություններից որևէ մեկով, ինչպե՞ս կզգայիր քեզ: Այդպիսի պատասխան ստանալուց հետո դու ի՞նչ կարծիք կկազմեիր տվյալ մարդու մասին: Եթե անգամ քեզ դիմում են այնպիսի խնդրանքով, որն առանձնապես կապ չունի քո աշխատանքի հետ, դա հավանաբար կարևոր է այդ մարդու համար, թե չէ էլ ինչո՞ւ նա պետք է դիմեր քեզ: Որպես թիմի անդամ՝ քո գերակայություններից մեկը պետք է լինի մյուսների հաջողությանը նպաստելը: Եթե անգամ քեզ համար մեծ նշանակություն չունի մյուսների հաջողությունը, պետք չէ բարձրաձայնել այդ մասին: Անտարբեր ու անհաղորդ վերաբերմունքը սահմանափակում է աշխատանքում առաջխաղացման հասնելու հանարավորությունները: 

Սա չի նշանակում, որ դու պետք է չմերժես ոչ մի խնդրանք: Սա ընդամենը նշանակում է, որ դու պետք է ճիշտ ձևով մերժես քեզ ուղղված անհեթեթ խնդրանքները: Օրինակ, եթե ղեկավարդ ինչ-որ առաջադրանք է տալիս, որը չի մտնում քո պարտականությունների շրջանակի մեջ, ուղղակիորեն մի հիշեցրու նրան, որ դու չես վարձատրվում նման առաջադրանքի համար: Փոխարենն ասա «Ես սիրով կօգնեի, սակայն ես աշխատում եմ այս, այս, այս բաների վրա: Եթե զբաղվեմ Ձեր նոր հանձնարարությամբ, ստիպված կլինեմ մի կողմ թողնել մյուս գործերը»: Այսպիսի պատասխան լսելով՝ խելացի տնօրենը կհասկանա, որ դու արդեն իսկ ծանրաբեռնված ես և այլևս չի անհանգստացնի քեզ:

Ես կարծում եմ

Համեմատիր այս երկու նախադասությունները.
1. Ես կարծում եմ, որ մեր ընկերությունը կարող է լավ գործընկեր լինել Ձեզ համար:

2. Ես հավատացած եմ, որ մեր ընկերությունը լավ գործընկեր կլինի Ձեզ համար:

Թվում է, թե ընդամենը մի քանի բառ է փոխած, սակայն իրականում երկրորդ նախադասությունն ավելի համոզիչ է հնչում: Փորձիր համոզիչ տոնով խոսել: «Գուցե», «կարծում եմ», «կարող է» բառերը միանգամայն ընդունելի են որոշ համատեքստերում, սակայն երբ ցանկանում ես վստահություն ներշնչել խոսակցին, մի՛ վախեցիր ավելի համոզիչ տոնով խոսել: 

Ես կփորձեմ

Մասնավորապես վերադասների հետ խոսելիս աշխատիր խուսափել այս արտահայտությունից: «Ես կփորձեմ»-ի փոխարեն ասա «ես կանեմ»: Առաջին հայացքից աննշան այս փոփոխությունն իրականում զգալի իմաստային փոփոխություն է: «Ես կփորձեմ»-ը պահիր միայն այն դեպքերի համար, երբ դու իսկապես վստահ չես, որ կկարողանաս կատարել այս կամ այն հանձնարարությունը:

Նա ծույլ է, ապաշնորհ է, անպարտաճանաչ է:

Սրանք պայթյունավտանգ արտահայտություններ են: Խուսափիր ուրիշների մասին քննադատական մտքեր արտահայտելուց: Ուրիշի մասին արտահայտած վատ կարծիքը կարող է հենց քո մասին վատ կարծիք ստեղծել աշխատակիցների ու պետերի աչքերում: Եթե ինչ-որ մեկից կամ ինչ-որ բանից դժգոհ ես, արտահայտիր քո դժգոհությունը փաստարկների, այլ ոչ թե տեսակետների մակարդակում: Բացի այդ, պետք է տակտ ու չեզոքություն հանդես բերել նման իրավիճակներում: Բնականաբար, եթե ինչ-որ մեկի վատ աշխատանքի պատճառով քո աշխատանքն է տուժում, պետք չէ լռել այդ մասին, սակայն այնպես ներկայացրեք խնդիրը, որ քո խոսքերը փուչ բամբասանքի կամ չարակամության տպավորություն չստեղծեն:

Բայց ախր մենք միշտ այդ կերպ ենք արել դա  

http://www.odat.nl/training_icw_en/eigenbestanden/images/future,%20ast,%20present.jpg

Ամենաուժեղ առաջնորդները գնահատում են աշխատողների ստեղծարարությունը, նորարարական գաղափարները և խնդիրներ լուծելու կարողությունը: Այս արտահայտությունները բնորոշ չեն ստեղծարար ու ճկուն մարդուն: Դրանք ցույց են տալիս, որ դու անընդհատ հետ ես նայում, չես կարողանում ադապտացվել նոր պայմաններին ու սահմանափակ մտածողություն ունես: Այդ արտահայտությունների փոխարեն ասա. «Օ, դա բավականին հետաքրքիր գաղափար է: Ինչպես այն կաշխատի գործնականում» կամ «Դա այլ մոտեցում է: Եկեք քննարկենք դրա առավելություններն ու թերությունները»:

 «Ես ոչնչով չեմ կարող օգնել»

Նման կտրուկ հայտարարություն անելուց առաջ պետք է երկար մտածել. դու իրոք ծանրութեթև՞ ես արել բոլոր հնարավոր տարբերակները: Վստա՞հ ես, որ խնդիրը լուծելու ոչ մի հնար չկա: Երբ դու այս բացասական արտահայտություններն ես անում, դու դրանցով արտահայտում ես քո հոռետեսական տրամադրվածությունը և անհույս մոտեցումը: Նմանատիպ մոտեցման համար քեզ հազիվ թե գնահատեն աշխատավայրում: Գործատուները բարձր են գնահատում պատրաստակամությունը ու հնարամտությունը, որի շնորհիվ աշխատողները կարողանում են անգամ ամենաբարդ իրավիճակներում լուծումներ գտնել: Եթե տեսնում ես, որ պայմանները նպաստավոր չեն և քեզնից քիչ բան է կախված, մի՛ ասա, որ ոչնչով չես կարող օգնել: Նշիր, թե ինչով կարող ես օգտակար լինել: Շեշտը դիր ոչ թե նրա վրա՝ ինչ չես կարող անել, այլ թեկուզ այն չնչին օգնության վրա, որ կարող ես ցուցաբերել:

«Գուցե ես սխալվում ես, բայց...» կամ «Սա գուցե հիմար միտք է, բայց...»   

Այս արտահայտությունները կանխակալ տրամադրվածություն են առաջացնում զրուցակցի մոտ: Դրանք թուլացնում են ասվածի ազդեցությունը: Դրանք ցույց են տալիս, որ դու ինքդ էլ լուրջ չես մոտենում քո ասածին: Իսկ եթե քո խոսքերն այնքան էլ արժանահավատ չեն անգամ քեզ համար, ապա ուրիշներին դրանք ընդհանրապես համոզիչ չեն թվա: Փորձիր խուսափել քո բուն միտքն արտահայտելուց առաջ այնպիսի նախաբան ասելուց, որը կնվազեցնի խոսքիդ կարևորությունը: Եթե վստահ ես, որ քո գաղափարը հիմար գաղափար է, պարզապես լռիր: Արտահայտիր միայն այն տեսակետներդ, որոնք կարող ես հիմնավորել ու պատճառաբանել:

«Ես դրա ժամանակը չունեմ» կամ «Ես զբաղված եմ»  

http://businessbanter.files.wordpress.com/2011/06/alg_unhappy_employee2.jpg

Եթե քեզ դիմում են ինչ-որ խնդրանքով այն ժամանակ, երբ դու իրոք չափազանց զբաղված ես, մի՛ շտապիր մերժել այդ խնդրանքը: «Ես զբաղված եմ» ասելու փոխարեն  կարող ես, օրինակ, ասել «Կարող ենք մի քանի ժամից  հանդիպել ու տեսնել, թե ինչ կարելի է անել»:

Անշուշտ, դժվար է միանգամից մաքրել Ձեր խոսքն այսպիսի արտահայտություններից, սակայն աստիճանաբար դու կկարողանաս ավելի մտածված խոսել:

Հուսով ենք, որ այս հոդվածը կօգնի քեզ այդ հարցում: Մենք ուրախ կլինենք, եթե այն ինչ-որ չափով նպաստի քո մասնագիտական հաջողություններին:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել