Պատանին դեռ չի ասել հորը. «Պապ, ֆեյսբուքում ինձ ժամադրողը դու ես...».
Ամուսնացածներ, տղամարդիկ, կանայք, միշտ հիշեք, որ ձեր երեխաները ձեզ հետեւում են, կոռեկտ պահեք ձեզ: Ահա, թե ինչու եմ հորդորում ձեզ:

Երեկ ինձ հետ շտապ հանդիպելու ցանկություն հայտնեց տիկին Ա.-ն: Նա ֆեյսբուքյան իմ ընկերներից է, երկու տարի է, ինչ շփվում եմ, չեմ տեսել, չեմ ճանաչում, երբեմն հավանումներ է տվել իմ այս կամ այն նկարին: Հանդիպման վայրում ինձ մոտեցավ տասնվեցամյա մի պատանի, ներկայացավ` Կարեն, ձեռքին վարդեր էին...ասաց, որ ինքն է ժամադրել եւ խնդրեց լսել, առանց ընդհատելու:
Նա ասաց, որ «տիկին Ա-ն» ինքն է:  
Պատմեց հետեւյալը...հայրը մեկ տարի առաջ խնդրել է իրեն ֆեյսբուքում գրանցել, սովորեցնել գրել, նկարներ տեղադրել, օգտվել, մտնել նաեւ զրուցարան ` չատ:
Կարենը սիրով համաձայնել է, հորը «տեղավորել» է ֆեյսբուքում: Հայրը նրա համար կուռք է եղել, հավատարմության խորհրդանիշ, մոր նկատմամբ ակնածանքով: Պատանին որոշում է «տիկին Ա» անունով գրանցվել ֆեյսբուքում, ընկերության հայտ է տալիս հորը. նպատակը մեկն էր. արդյո՞ք կարողանում է հայրն օգտվել Ֆեյսբուք սոցիական ցանցից, ինչպես, ինչ նախասիրություններ ունի...«Ֆրենդության» ընթացքում պարզում է, որ հայրը «վուլգար» կանանց նկարներ է սիրում, կիսվում է անվերջ նման նկարներով... իսկ «տիկին Ա»-ի նկարների տակ էլ... տափակ մեկնաբանություններ թողնում: Մեկ տարի առաջ հայրը չաթով խնդրում է «տիկին Ա-ին» իրեն չմերժել, ծանոթանալ, ներկայանում է որպես չամուսնացած... բանը հասնում է սիրատոչոր խոստովանություններին, պատանու զուսպ հարցումները նա վերագրում է «աղջնակի» կապրիզների... ավելի է բացվում... տղան վերջանական համոզվում է, որ հայրն այլասերված մեկն է:
Հիմա հարցնում է` մորը պատմե՞լ, դա կլինի գժտության թեմա: Հոր ժամադրության հայտը ընդունե՞լ, գնա՞լ ժամադրության, նշանակում է իր նկատմամբ գժտությունների...
Պատանին շոկի մեջ էր նաեւ հոգեբանորեն. նա հայր էր կորցրել...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել