Թուրքիայի Ֆաթիհ համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը և Ստամբուլի համալսարանը հրապարակել են Մերձավոր Արևելքում անցկացված սոցիոլոգիական հետազոտության հարցումները Թուրքիայի արտաքին քաղաքականության ու ընկալումների վերաբերյալ: Հետազոտությունն անց է կացվել Մերձավոր Արևելքի երկրներում` լրագրողների, գիտնականների, վերլուծաբանների շրջանում: Ըստ հետազոտության արդյունքների` Մերձավոր Արևելքում արդեն Թուրքիայի փոխարեն որպես տարածաշրջանային ուժ է ընկալվում, դիտվում Իրանը: Հարցվածների 32 տոկոսը համարել են, որ Իրանն է հանդիսանում տարածաշրջանային ուժ և միայն 20 տոկոսն է նշել Թուրքիան: Նախորդ տարվա հետազոտության արդյունքների համեմատ այս տարի Թուրքիան իր տեղը զիջել է Իրանին: Նախորդ տարի Իրանին որպես տարածաշրջանային ուժ է դիտարկել հարցվածների միայն 20 տոկոսը, իսկ այս տարի արդեն` 32 տոկոսը:
Հետազոտության արդյունքների համաձայն` հարցվածների ավելի քան 25 տոկոսը նշել է, որ Թուրքիան աջակցում է իսլամական ծայրահեղ արմատական խմբավորումներին, իսկ 35 տոկոսը համարել, որ Թուրքիան Մերձավոր Արևելքում վարում է կրոնի վրա հիմնված արտաքին քաղաքականություն:



