Panorama.am-ը գրում է.
«Ադրբեջանի արտաքին քաղաքականությունն աստիճանաբար ավելի ագրեսիվ է դառնում: Դա դրսևորվում է ոչ միայն Եվրոպայի խորհրդում, այլև տարբեր միջազգային կազմակերպություններում: Սա խոսում է կամ այն մասին, որ Ալիևի վարչակարգն աստիճանաբար կորցնում է իրականության զգացողությունը, կամ եվրոպական կառույցներն են աստիճանաբար ավելի շատ կարևորում շահերը, քան արժեքները»,- այս մասին անդրադառնալով ԵԽԽՎ-ում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, Panorama.am-ի հետ զրույցում նշեց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի Արտակ Զաքարյանը:
Հիշեցնենք, որ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Ադրբեջանի նախագահության շրջանակներում իր ելույթի ժամանակ Իլհամ Ալիևը կրկին հակահայկական հայտարարություններով է հանդես եկել: Ադրբեջանում մարդու իրավունքների և ազատությունների վերաբերյալ Խորհրդարանական վեհաժողովի պատգամավորների հարցերին նա պատասխանել է կոպիտ տոնով և մեղադրել մարդու իրավունքների ոտնահարման մեջ եվրոպական ժողովրդավարական պետություններին:
Արտակ Զաքարյանի դիտարկմամբ՝ Ալիևի ագրեսիվ հայտարարությունները պայմանավորված են նրանով, որ միջազգային կազմակերպություններում աժեքային համակարգերի և շահերի համակարգերի միջև որոշակիորեն հավասարության նշան է դրվում:
«Ադրբեջանն ամեն օր ոտնահարում է այն արժեքները, որոնցով ապրում է քաղաքակիրթ մարդկությունը: Այնուամենայնիվ վստահ եմ, որ ԵԽԽՎ պատգամավորների ճնշող մեծամասնությունը երբեք տուրք չի տա Ադրբեջանի ղեկավարի քամահրական վերաբերմունքին այդ արժեքների նկատմամբ»,- նշեց Ա. Զաքարյանը:
Նրա խոսքով՝ Ալիևի վարչակարգի ագրեսիան պայմանավորված է նաև այն իրողությամբ, որ բավական մեծ ծավալի ֆինանսական միջոցներ են ծախսվում միջազգային հարթակներում հակահայկական քաղաքականության ուղղությամբ, սակայն դրանք արդյունք չեն տալիս:
«Այնուամենայնիվ, մենք խորհրդարանական մակարդակով մեր աշխատանքները պետք է ավելի ինտենսիվ դարձնենք, որպեսզի հակահայկական քարոզչությունը, մարդու իրավունքների և մարդասիրական արժեքների դեմ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը հաջողության չհասնի: Նավթի գործոնը, բնական է, աշխարհում մնում է որոշիչ, սակայն այն չպետք է ավելի ազդեցիկ լինի, քան այն արժեքները, որոնցով ապրում է քաղաքակիրթ մարդկությունը»,- ընդգծեց Արտակ Զաքարյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



